«Փաստ». ԷԼԻ ՎԱՐԿ ԿՎԵՐՑՆԵՆ. ՓԱՇԻՆՅԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՏԵԼ Է ԲՈԼՈՐ «ԿԱՐՄԻՐ ԳԾԵՐԸ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ պետական պարտքը, նախորդ տարեվերջի տվյալներով, վաղուց հատել է 10 մլրդ-ի սահմանը: Մասնագետներն անընդհատ ահազանգում են, որ այս առումով ևս Նիկոլ Փաշինյանի կառավարությունը հատել է բոլոր «կարմիր գծերը», իսկ Փաշինյանն իր հերթին պարբերաբար հայտարարում է, թե վարկեր վերցնելու մեջ վատ բան չկա, թե չկա երկիր, որ պարտք չունենա և այլն։

Այնինչ, նույն Փաշինյանը ընդդիմադիր պատգամավոր եղած ժամանակ միշտ դեմ էր քվեարկում բոլոր վարկային համաձայնագրերին՝ անկախ այն հանգամանքից, թե տվյալ վարկն ինչ նպատակներով էր օգտագործվելու։ Անցյալ տարվա վերջին ԱԺ-ն վավերացրեց ևս մի քանի վարկային համաձայնագրեր:

Այսպիսով, այս իշխանությունները «հաջողացրեցին» չորս տարում ամբողջովին խախտել հարկաբյուջետային ոսկե կանոնը՝ գերազանցելով ՀՆԱ-ի նկատմամբ պետական պարտքի առավելագույնը 60 %-ի շեմը. այն կազմում է գրեթե 64 %։ Սակայն, ինչպես երևում է, այս ամենը դեռ «ծաղիկներն» են, և Փաշինյանի կառավարությունը շարունակում է վարկ վերցնելու քաղաքականությունը:

«Փաստ» թերթի տեղեկություններով, փետրվար-մարտ ամիսներին նոր վարկային համաձայնագիր է ստորագրվելու։ Խոսքը Ասիական բանկից նոր՝ բավական մեծ ծավալի վարկի մասին է։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, այդ գումարները հիմնականում ուղղվելու են պետական որոշ համակարգերում նոր փոփոխություններ իրականացնելուն»:

News.am