Արմեն ԱՅՎԱԶՅԱՆ․ ԱՅՍՊԻՍԻ ՄԱՀԱԳՈՐԾ «ՊԱՏԱՀԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» ՀԱՃԱԽԱՑՈՒՄԸ ԳՐԵԹԵ ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ Է

Որքան «Սուրմալու» շուկայի պայթյունն էր «դժբախտ պատահար», այնքան էլ այսօր սահմանամերձ զորամասում տեղի ունեցած հրդեհը։ Երկուսն էլ բռնկվել են Հայաստանի (ներառյալ Արցախի) դեմ Ադրբեջանի պատերազմական գործողությունների թեժ փուլում՝ հայերին ահաբեկելու, նրանց առանց դիմադրության տեղահանելու ու հայազրկելու նախնական մտադրությամբ։

«Սուրմալու» շուկայի պայթյունը տեղի ունեցավ 2022 թ. օգոստոսի 14-ին, իսկ օգոստոսի 25-ին Աղավնո, Ներքին Սուս գյուղերն ու Բերձոր քաղաքը գլխիկոր հանձնվեցին թշնամուն։

Իսկ այժմ Ադրբեջանն ու Թուրքիան սևեռվել են արդեն ամբողջ Արցախի հայաթափման վրա՝ ընթացքում պաշարման և տարատեսակ կետային հարվածների միջոցով փորձելով ընկճել հայությանը։ Եվ հենց այդ ժամանակ Գեղարքունիքի սահմանամերձ Ազատ գյուղում տեղի է ունենում այս աննախադեպ հրդեհը։ Վճռորոշ պահերին այսպիսի մահագործ «պատահականությունների» հաճախացումը գրեթե անհավանական է։

Իմ համոզմամբ, երկու դեպքում էլ գործ ունենք թշնամական դիվերսիաների հետ։ Հայաստանի քարուքանդ անվտանգության համակարգը պետք է շատ արագ կարգի բերվի։ Այլապես նման դիվերսիաներն անվերջ կրկնվելու են, որովհետև թշնամին Հայաստանը ոչնչացնելու իր ցեղասպանական ծրագրից հետ կանգնելու մտադրություն չունի։

Արմեն ԱՅՎԱԶՅԱՆ, ֆեյսբուքյան էջ