ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՊԱՊԻԿՅԱՆԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ
Մինչ Սուրեն Պապիկյանը, որ զբաղեցնում է պաշտպանության նախարարի պաշտոնը, կառավարության նիստում թվարկում է գիշերը տեղի ունեցած հրեշավոր դեպքին հաջորդած պաշտոնանկությունները, սոցիալական ցանցերում քաղաքացիները պահանջում են հենց նրա հրաժարականը։
Քաղաքական-հասարակական գործիչ Նաիրա Զոհրաբյանը գրում է.
«ԳՆԱ՛ էլի, ԳՆԱ՛։
Ողջ-ողջ այրվել, զոհվել է 15 զինծառայող։
Էս Պապիկյանը հրաժարական տալու հավես չունի հա՞ ոնց որ։
Այսօր, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Նախնական տվյալներով ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել են 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծայրահեծ ծանր։
Լավ, էլ ի՞նչ պիտի լինի, որ դուք հասկանաք՝ ձեր իշխանության ամեն օրը մահ է, ցավ, աղետ։
Ու ես իրավունք ունեմ լեգիտիմ կասկած ունենալու, որ սա ադրբեջանական հերթական դիվերսիան եղած լինի, կամ՝ քո ստեղծած բանակային բարդակը։
Արա, ԳՆԱ՛ էլի, ԳՆԱ՛»։
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Կարեն Վրթանեսյանն էլ պահանջում է Պապիկյանի հրաժարականը։
«Առաջին երեք անձինք, որոնք պիտի սեփական դիմումով գրողի ծոցը գնան այս դեպքից հետո՝ վարչապետը, պաշտպանության նախարարը և ԳՇ պետն են»,-գրել է հասարակական գործիչ, լրագրող Նաիրի Հոխիկյանը։
«Պաշտպանության նախարարը պետք է հրաժարական տա»,-գրել է օգտատեր Մարինե Ավանեսյանը։
«Պահանջում եմ կառավարության հրաժարականը։ Պահանջեք բարձրաձայն»,-գրել է Լիլիթ Բելյանը։
«Ծիսական զոհաբերությո՞ւն, թե դիվերսիա։ Այն էլ հին տոմարով Սուրբ Ծննդյան և հայտնության օրը։ Կամ ինչի՞ են նախարարը և ԳՇ պետը դեռ պաշտոնին։ Ինչի՞ զորամասը չուներ ջեռուցման արդի համակարգ։ Ինչի՞ է խախտվել ներքին ծառայության կանոնագիրքը, ինչի՞ չկար հակահրդեհային համակարգ, այն էլ ինժեներական զորամասում։ Այդ զորամասը շատ մոտ է ադրբեջանական դիրքերին ' և պետք է հատուկ ուշադրության տակ լիներ, իսկ զուտ կորպուսի գլխատմամբ հարց չեն լուծում»,-գրել է Բագրատ Մովսիսյանը։
«Կառավարման սխալները միշտ բերում են զոհերի՝ լինի դա պատերազմական, թե ոչ պատերազմական պայմաններում։ Թե քաղաքային պայմաններում, թե ռազմական»,-գրել է հայտնի լրագրող Լիկա Թումանյանը։
«Նորնալ երկրում էս պահին պետք ա ՊՆ կոչված ՊՆ նախարար-մանկավարժը հրաժարական տված լիներ ու բոլոր էն պատասխանատուները, ովքեր մեղավոր են իբր խաղաղ պայմաններում 15 տան ճրագ մարելու մեջ։ Ինչքան էլ ցավոտ է,բայց պետք է ասեմ՝ ամեն ազգ արժանի է իր ընտրած ղեկավարին»,-գրել է արցախյան երրորդ պատերազմում զոհված Մխիթարի մայրը՝ Աստղ Գալեյանը։
«Անվտանգության կանոնների չպահպանման պատասխանատուներին հասկացանք:
Բա ով ա պատասխանատու նրա համար, որ զորամասի մշտական տեղակայման վայրում կենտրոնական ջեռուցման փոխարեն վառարաններով են տաքանում»,-գրել է փաստաբան Հովհաննես Խուդոյանը։
«Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պարտավոր է հրապարակային մեղայականով հանդես գալ, հանրությանը ներկայացնել դեպքի մանրամասները, մեղավորներին և հայտարարել հրամանատարական կազմին քրեական պատախանատվության ենթարկելու և ոչ թե նրանց պաշտոններից հեռացնելու մասին։ Հռչակված զորամասը դա գյուղական մի տուն է եղել և զինվորներին փրկելու համար ստիպված են եղել տան պատերը քանդել, խայտառակ մի իրավիճակ։Մեր ունեցած տեղեկություններով այս պահին Պապիկյանը նույնիսկ դեպքի վայրում չէ։ Ինչ հեշտ են զոհվում մեր զինվորները։ Ցավակցում եմ ընտանիքներին»,-գրել է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։
Հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը գրում է.
«Այս գիշեր տեղի ունեցած ողբերգական միջադեպի արդյունքում, ոչ մարտական պայմաններում հրդեհից զոհվել են 15 հայ զինծառայողներ: Սա մեր բանակի պատմության մեջ ոչ մարտական պայմաններում տեղի ունեցած ամենամեծ կորուստն է, և հսկայական ողբերգություն բոլոր այն ընտանիքների համար, որոնք այս պատահարի արդյունքում զրկվել են իրենց որդիներից:
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլոր զոհվածների հարազատներին, և պահանջում եմ խստագույն պատասխանատվության ենթարկել բոլոր նրանց, ում պաշտոնական գործողությունների կամ անգործության պատճառով տեղի է ունեցել այս սոսկալի ողբերգությունը»։
Հիշեցնենք, որ այսօր դատախազությունը տարածեց հաղորդագրություն, ըստ որի, հունվարի 19-ին, ժամը 05:15-ին, ՀՀ ՊՆ N զորամասից Վարդենիսի Ռազմական ոստիկանության բաժին հեռախոսագիր է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 01:30-ի սահմաններում, նշված զորամասի Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված շինության ներսում վառարանը ավտոբենզինով վառելու ընթացքում հրդեհ է բռնկվել: Հրդեհի հետևանքով անձնակազմից 15 պարտադիր ժամկետային զինծառայողներ մահացել են: Նույն զորամասի վեց պարտադիր ժամկետային զինծառայողներ և մեկ սպա մարմնական վնասվածքներով, ժամը 02:00-ի սահմաններում, տեղափոխվել են Գեղարքունիքի կայազորային հոսպիտալ:
ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով առերևույթ հանցագործության տարրերի առկայության փաստով կազմված փաստաթղթերը 2023 թվականի հունվարի 19-ին ուղարկվել են Քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության 5-րդ կայազորային քննչական բաժին՝ հետագա ընթացքը որոշելու համար: