33 ԵՎ 113. ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՓԱՇԻՆՅԱՆԸ, ՄԻՐԶՈՅԱՆՆ ՈՒ ՔՐԻՍՏԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ԿՐԿՆՈՒՄ ԲԱՔՎԻՆ ՁԵՌՆՏՈՒ ՍՈՒՏԸ
Դեկտեմբերի 8-ին հաղորդագրություն հայտնվեց այն մասին, որ 2020 թվականի նոյեմբերի 10-ին գերեվարված, այնուհետ որպես «վարձկան» Բաքվում երկարաժամկետ ազատազրկման դատապարտված լիբանանահայ Վիգեն Էուլջեքյանը խնդրել է հարազատներին ամեն կերպ ազատել իրեն։ Մոր խոսքերով՝ նա շատ հիվանդ է և հյուծված, վիճակը ծայրահեղ է. Էուլջեքյանը նիհարել է 50 կիլոգրամով, այժմ կշռում է մոտ 45 կգ և գործնականում չի ուտում: Ինչպես հայտարարում են հայ իրավապաշտպանները, գերության ավելի քան 2 տարիների ընթացքում Վիգենը Բաքվում ենթարկվում է դաժան, անմարդկային վերաբերմունքի և նրա կյանքին վտանգ է սպառնում։
Օգնության խնդրանքով Էուլջեքյանի մոր հուսահատ ճիչին արձագանքեցին իրավապաշտպանները, ընդդիմադիր պատգամավորները, ԶԼՄ-ները։ ինչդեռ ոչ մի հայ պաշտոնյա կամ պատգամավոր, ոչ մի կառավարական մարմին, այդ թվում՝ պաշտպանության նախարարությունը, Սփյուռքի հարցերով հանձնակատարը և գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով ԱԱԾ-ում գործող միջգերատեսչական հանձնաժողովը՝ գերատեսչության տնօրեն Արմեն Աբազյանի գլխավորությամբ, հարկ չհամարեցին որևէ կերպ արձագանքել SOS-ին, գոնե զուտ մարդկային կարեկցանք հայտնել հայրենակցին։
Այդ ճիչը պարզապես չնկատեցին. իրոք որ, ինչո՞ւ պիտի ՀՀ ներկայիս իշխանությունները նեղություն տան իրենց՝ օգնություն կազմակերպելով ինչ-որ լիբանանցու, թեկուզև հայի և թեկուզ հայրենադարձի համար (ինչպես հայտնի է, Վիգենը մշտական բնակության է տեղափոխվել Շուշի 44-օրյա պատերազմի սկսվելուց մի քանի ամիս առաջ)։ ՀՀ ներկայիս իշխանություններին արդեն չի հետաքրքրում նաև Բաքվի զնդաններում տանջվող բուն Հայաստանի քաղաքացիների ճակատագիրը, իսկ Լիբանանի քաղաքացու ճակատագիրը նրանց առավելևս չի հուզում։
Ճիշտ է, առանձին հայ բարձրաստիճան պաշտոնյաներ սովորության համաձայն դեռևս հիշատակում են հայ գերիներին ու անհայտ կորածներին իրենց ելույթներում՝ երբեմն իներցիայով բարձրացնելով նրանց վերադարձի հարցը։ Բայց դա արվում է այն աստիճան ձևականորեն, չամրագրվելով կոնկրետ քայլերով ու գործողություններով, որ վաղուց արդեն բոլորին պարզ է. փաշինյանական կառավարությունը ձեռքերը լվացել է նաև այդ հարցում, ինչպեսև 44-օրյա պատերազմին և դրա հետևանքներին վերաբերող ցանկացած այլ գործում։
Դրա վառ օրինակն է հունվարի 10-ին կայացած ասուլիսի ժամանակ Փաշինյանի հնչեցրած այն հայտարարությունը, թե իբր՝ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայից, ինչպես նաև 44-օրյա պատերազմից հետո անհետ կորածների որոնումները շարունակվում են։ Մինչդեռ շուտով ուղիղ մեկ տարի կլրանա այն օրվանից, երբ Արցախի բռնազավթված տարածքներում դադարեցվեցին աճյունների որոնումները Ադրբեջանի պահանջով, ընդ որում՝ առանց որևէ պատճառի։ Այս տարվա ընթացքում Հայաստանի իշխանությունները ոչ մի անգամ հարցը չեն բարձրացրել միջազգային հարթակներում, և հիմա արդեն պարզ է, թե ինչու. նրանց դա չի հետաքրքրում, նրանք անտարբեր են Հայրենիքի համար զոհված զինվորների ճակատագրի նկատմամբ, նրանց բացարձակապես չի հուզում այդ զինվորների հարազատների ցավը, որոնք մինչ օրս հնարավորություն չունեն հողին հանձնելու իրենց զավակներին։ Փոխարենը Փաշինյանը, աչքն էլ չթարթելով, ցինիկ սուտ է հրամցնում իբր շարունակվող որոնումների մասին…
Հիշենք նաև Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ զոհված հայ զինվորների աճյունների մասին, որոնք առ այսօր անթաղ ընկած են Հայաստանի տարածքում։ Թե երբ են վերջին անգամ այդ մասին խոսել պաշտպանության նախարարության կամ Հայաստանի ցանկացած այլ պետական գերատեսչության ներկայացուցիչները, արդեն դժվար է հիշել։ Եվ զարմանալու հարկ էլ չկա, քանզի նման վերաբերմունքը ՀՀ քաղաքացու՝ Հայրենիքի համար զոհված հայ զինվորի հանդեպ, միանգամայն սովորական երևույթ է դավաճան երիտհայթուրքերի կառավարության պարագայում։
Ավելին, հայ պաշտոնյաները ամենաբարձր մակարդակով արդեն գրեթե մեկ տարի շարունակ կրկնում են Ադրբեջանին ձեռնտու սուտը Բաքվում մնացած ռազմագերիների թվի վերաբերյալ, ոչ մի ուշադրություն չդարձնելով հայ փորձագետների տվյալներին։ Վերջին անգամ դա արվեց բառացիորեն նախօրեին՝ հունվարի 17-ին, արտգործնախարար Միրզոյանի կողմից, որը հանրությանը հայտնի է որպես Օմեգա մականունով նախկին թուրքական լրտես։ Ելույթ ունենալով ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում՝ սույն տնաբույծ «դիվանագետը» հայտարարեց, թե «Ադրբեջանի կողմից հաստատված տվյալների համաձայն, Բաքվում դեռևս պատանդ է պահվում 33 մարդ, որոնց Ադրբեջանը հրաժարվում է հայրենադարձել»։
Ուղիղ մեկ ամիս առաջ՝ դեկտեմբերի 16-ին, նույն սուտը հնչեցրեց Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը. «Ադրբեջանը, խախտելով միջազգային իրավունքի և միջազգային հումանիտար իրավունքի նորմերը, շարունակում է պահել 33 գերիների, որոնց գերեվարումը հաստատում է»: Դրանով իսկ, իր հերթին, հաստատելով, որ Հայաստանի իշխանություններն առաջնորդվում են ոչ թե հայ փորձագետների օբյեկտիվ և հիմնավորված տվյալներով, այլ Ադրբեջանի հայտարարություններով։
Ըստ էության, անցած տարվա ընթացքում նույն բանը քանիցս արել է նաև ինքը՝ Փաշինյանը, մեջբերելով Բաքվի կողմից բռնի պահվող գերիների պաշտոնապես հաստատված թիվը։ Օրինակ, մայիսի 25-ին խորհրդարանում նա հայտարարեց, թե Բաքուն հաստատել է իր տարածքում Հայաստանի 39 քաղաքացիներ պահելու փաստը։ Սեպտեմբերի սկզբին վերադարձվեց 6 մարդ, արդյունքում հայ պաշտոնյաները սկսեցին հնչեցնել 33 թիվը։
Մինչդեռ հայ մասնագետները, որոնք սերտորեն զբաղվում են ռազմագերիների և պատանդների հարցով, բոլորովին այլ տվյալներ են նշում։ Այսպես, ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանի խոսքերով, Բաքվի բանտերում են գտնվում 113 հայ ռազմագերիներ, որոնք գերեվարվել են 44-օրյա պատերազմի ժամանակ և դրանից հետո: «Չգիտեմ, թե ինչու են Հայաստանի իշխանությունները Ադրբեջանի հետևից կրկնում 33 թիվը։ Այդ առնչությամբ բոլոր տվյալները հավաքվել և փոխանցվել են համապատասխան ատյաններին»,- նշել է փաստաբանը։
Իսկապես, ինչո՞ւ են ՀՀ իշխանություններն այդքան պատրաստակամորեն և առանց որևէ առարկության ընդունում հայ գերիների մասին Ադրբեջանի կողմից հնչեցվող բացահայտ նվազեցված տվյալները, թեև հայ իրավաբանները տիրապետում են տվյալների, ըստ որոնց՝ այդ մարդկանց թիվը գրեթե 4 անգամ ավելի է։ Բացի վաղուց ակնհայտ փաստից, որ դավաճանների թիմը ամեն ինչում, նույնիսկ նման ցավոտ հարցում շարժվում է թուրքական քաղաքականության հունով, բոլոր հիմքերը կան առաջ քաշելու ևս մեկ վարկած։
Ցավոք, Հայաստանում արդեն քչերն են (բացառությամբ գերիների հարազատների և իրավապաշտպանների շատ նեղ շրջանակի) հիշում այն մասին, որ Ադրբեջանում պահվող հայերի մեծ մասին դատել են։ Ռազմագերիներին պիտակավորեցին դիվերսանտներ, վարձկաններ, ահաբեկիչներ ու ծայրահեղականներ և կոպտորեն սարքած անօրինական դատավարությունների արդյունքում դատապարտեցին ազատազրկման տարբեր ժամկետների՝ ընդհուպ մինչև 20 տարի, ինչպես Վիգեն Էուլջեքյանին։ Նպատակը հասկանալի է. նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն (չենք խոսում արդեն միջազգային իրավունքի նորմերի մասին) գերիներին վերադարձնելու պահանջներին ի պատասխան՝ Ալիևն այժմ կարող է հայտարարել, թե նրանք ոչ թե գերիներ են, այլ դատարանի կողմից դատապարտված հանցագործներ։
Կրկնելով ընդամենը Ադրբեջանի կողմից հաստատված հայ գերիների թիվը՝ Փաշինյանը, Միրզոյանը, Քրիստինե Գրիգորյանը և այլք փաստացի լեգիտիմացնում են ռազմական գործողությունների արդյունքում և դրանից հետո գերեվարված ՀՀ քաղաքացիներին հանցագործ համարելու Ալիևի իրավունքը։ Ժամանակին Հայաստանի իշխանությունները ծպտուն անգամ չհանեցին կոպտորեն սարքած դատավարությունների և ռազմագերիների դատապարտման դեմ, իսկ դրանից հետո նրանք արդեն լուրջ հաղթաթուղթ են տալիս Բաքվի իրենց յուզգյարներին, թե իբր, բոլոր հիմքերը կան՝ պնդելու, որ այդ դատավարություններն օրինական էին, և «հանցագործները» կրում են նշանակված պատիժը։
Ինչպեսև ՀՀ դե ֆակտո իշխանությունների հակահայկական գործողությունների ցանկացած այլ դեպքում, այս անգամ ևս կասկածից վեր է, որ դա արվում է հատուկ, միտումնավոր, Բաքվի ու Անկարայի հետ համաձայնեցմամբ և միանգամայն որոշակի նպատակներով…