ՀՀ ՊՆ․ Զինծառայողները կացարանում ժամանակավոր էին տեղակայվել

Գեղարքունիքի մարզի զորամասերից մեկի ինժեներասակրավորային կացարանում, որում երեկ հրդեհ էր բռնկվել, զինծառայողները տեղակայված էին ժամանակավոր։ Տեղեկությունը Հանրային հեռուստաընկերությանը հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։

«Դեռ ամիսներ առաջ ՊՆ-ն ձեռք է բերել իտալական արտադրության մոդուլային զորանոցներ, որոնց առաջին խմբաքանակն արդեն Հայաստանում է։ Այս պահին իրականացվում են տարածքի բարեկարգման, ինժեներական ցանցերի հատկացման աշխատանքներ, որից հետո կմոնտաժվեն», - նշել է ՊՆ խոսնակը։

Արամ Թորոսյանն ասել է, որ զինվորներն այդտեղ էին տեղակայվել մինչև մշտական տեղակայման վայրի կառուցման ավարտը:

Նշենք, որ երեկ քննչական կոմիտեն հայտնել էր, որ ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտը 2021 թվականի մայիսի 13-ից է տեղակայվել Ազատ գյուղի տներից մեկում։

Sputnik Արմենիա