Հակասական հայտարարություններ ժամանակավոր կացարանի մասին. ի՞նչ են ասում ՀՀ ՊՆ-ից

Գեղարքունիքի մարզի զորամասերից մեկի ինժեներասակրավորային ստորաբաժանման տեղակայման համար շինությունը նախատեսվել է որպես ժամանակավոր կացարան 2020 թվականից։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։

Ավելի վաղ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը հարցազրույցներից մեկում հայտարարել էր, որ զինվորներին տեղավորել են կացարանում, քանի որ զորամասը վնասվել էր 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի ագրեսիայի ժամանակ։ Նրա խոսքով ստացվում է, որ տունը որպես զորանոց ծառայել է միայն վերջին մի քանի ամիսների ընթացքում։

«Կացարանն ավելի մեծ հաճախականությամբ զբաղեցվել է 2021 թվականից, մինչև մշտական տեղակայման վայրի կառուցման աշխատանքների ավարտը (2023թ. վերջ)»,–ասաց նա։

Թորոսյանը հայտնեց նաև, որ կացարանը ժամանակավոր էր, նախատեսված էր տվյալ շրջանում տեղակայման համար՝ մինչև ժամանակակից ստանդարտներին համապատասխան մշտական տեղակայման վայրի կառուցման աշխատանքների ավարտը, որը նախատեսված է 2023 թվականի վերջին:

ՀՀ ՊՆ խոսնակը հիշեցրեց, որ դեռևս ամիսներ առաջ ՊՆ-ն ձեռք է բերել իտալական արտադրության մոդուլային զորանոցներ, որոնց առաջին խմբաքանակն արդեն Հայաստանում է։

Նրա խոսքով` այս պահին ընթանում են տարածքի բարեկարգման, ինժեներական ցանցերի անցկացման աշխատանքներ, որից հետո կմոնտաժվեն: