ԻԻՀ դեսպան․ Հայաստանի անվտանգությունն Իրանի անվտանգությունն է

Հայաստանի Հանրապետության անվտանգությունն Իրանի Իսլամական Հանրապետության անվտանգությունն է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի մարզում աշխատանքային այցով գտնվող ՀՀ–ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին՝ վերահաստատելով Իրանի ԱԳ նախարարի ավելի վաղ արած հայտարարությունն առ այն, որ Իրանը Հայաստանի և տարածաշրջանի անվտանգությունը համարում է իր անվտանգությունը:

Դեսպանն ընդգծեց, որ Իրանն իր բոլոր հարևան երկրների հետ այնպիսի քաղաքականություն է վարում, որի նպատակն է զարգացնել համագործակցությունը բոլոր ուղղություններով:

«Հայաստանը մեր հարևան, բարեկամ երկիրն է, ու Հայաստանի նկատմամբ էլ այդ քաղաքականությունն ենք վարում: Անվտանգության առումով Իրանի դիրքորոշումը միշտ այնպես է եղել, որ պետք է հարգվի երկրների անկախությունը, տարածքային ամբողջականությունը, այդ թվում՝ Հայաստանինն ու բոլորինը՝ միջազգային օրենքների համապատասխան»,- ասաց Զոհուրին:

Նա նշեց, որ Հայաստանի և Իրանի միջև համագործակցությունն ու բոլոր ուղղություններով կապերը զարգանում են: Դիվանագետը հույս հայտնեց, որ այդ համագործակցությունն օրեցօր ավելի կընդլայնվի։

Sputnik Արմենիա