Բենիամին ՄԱԹԵՎՈՍՅԱՆ․ ԱՅՍ ԱՄԵՆԻ ԿՈՒԼՄԻՆԱՑԻԱՆ ԲՆԱՎ ՄԻԱՅՆ ՊԱՊԻԿՅԱՆԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ ՉԷ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ե՛վ երեկվա ողբերգությունը, և՛ Սուրմալու առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգությունը, և՛ Ադրբեջանի սեպտեմբերյան ռազմական գործողություններն արմատապես քաղաքական խնդիր ունեն։ Այս մասին News.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը։
«Բանակի խառնաշփոթը՝ նույնպես այս խնդրի հետևանքն է, կառավարման խնդրի։
Իշխանությունները ողբերգության տարբեր վարկածներ են առաջ քաշում, որպեսզի հասարակությունն ինքը չսկսի խորանալ դրանց մեջ։ Քանի որ դիմադրություն չկա, այլընտրանքային ճամբարից կոչեր չեն հնչում, հուզական պոռթկումը քաղաքական գործընթացի վերածելու գործընթաց չի կազմակերպվում, ապա տրամաբանական է, որ իշխանությունները կփորձեն ամեն ինչ տանել իրենց ուղած ձևով։
Ինչու՞ Սուրեն Պապիկյանը պետք է հրաժարական տար երեկվա ողբերգությունից հետո, եթե Փաշինյանը չհեռացավ 44-օրյա պատերազմից հետո։ Քանի դեռ այս հարցում կուլմինացիա չի եղել, Հայաստանի բոլոր պաշտոնյաները «բարոյական» իրավունք ունեն անգամ ձախողման դեպքում շարունակելու իրենց գործունեությունը։ Ուստի այս ամբողջ գործընթացի կուլմինացիան բնավ միայն Պապիկյանի հրաժարականը չէ։ Չէ որ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայից հետո էլ, որը նոր մարդկային և տարածքային կորուստների հանգեցրեց, ոչ ոք պատասխանատվություն չկրեց», – նշեց փորձագետը։
Հիշեցնենք, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետևանքով զոհվել է 15, վիրավորվել՝ 3 զինծառայող։
Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը և ևս 7 բարձրաստիճան զինվորական։