Կարմիր խաչի ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ևս 6 հիվանդ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ևս 6 հիվանդ, հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
Արցախի «Հանրապետական բժշկական կենտրոնի» 6 հիվանդներն ունեցել են հետևյալ ախտորոշումները` «Հղիություն առաջին, 35 շաբաթական, ճարպային փոխանակության խանգարում առաջին աստիճան», «Երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, թոքի աբսցես, իշեմիկ կարդիոմիոնաթիա, սեպտիկ վիճակ», «Ողնաշարի L2-L3 միջողային սկավառակների կրանիալիզացված, սեկվեստրացված ճողվածք, ռադիկուլոթոպիա, սպոնդիլոարթրոզ», «Ազդրոսկրերի գլխիկների երկկողմանի ասեպտիկ նեկրոզ, ստորին վերջույթների մկանային ատրոֆիա արտահայտված ցավային համախտանիշով, ողնաշարի L4-L5 սպոնդիլոդիսցիտ», «Հեմոբլաստոզ՝ սուր լեյկոզ», «Աթերոսկլերոզ, աջ ընդհանուր ազդրային զարկերակի անևրիզմա»։
Հիվանդները տեղափոխվել են ՀՀ տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ։
Միաժամանակ նշվում է, որ «Արևիկ» բուժմիավորումում 11 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում: «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 11 բուժառու գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։ Նրանցից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում են։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12–ից հետո Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 42 հիվանդ։
Sputnik Արմենիա