Այրվածքներ ստացած երկու զինծառայողի վիճակը կայուն ծանր է, մյուսինը՝ միջին ծանրության

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում տեղի ունեցած հրդեհի հետևանքով վերակենդանացման բաժանմունքում գտնվող այրվածքներ ստացած երկու զինծառայողների վիճակը կայուն ծանր է, նրանց մոտ դրական դինամիկա կա։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Այրվածքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն Կարինե Բաբայանը:

Նա նշեց, որ հիվանդասենյակում գտնվող մյուս զինծառայողի առողջական վիճակը բավարար է, միջին ծանրության։

Հիշեցնենք՝ հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երևան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն:

Հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողների դիերի նույնականացման գործընթացն ավարտվել է, աճյունները փոխանցվել են ծնողներին։

Հրդեհի դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու և ավելի անձի մահ)։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում որևէ անձ կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ չունի։

Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը և ևս 7 բարձրաստիճան զինվորականներ։

Դեպքից ժամեր անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ներկայացրեց պաշտոնական վարկածը, ըստ որի սպան բենզին է լցրել վառարանի վրա, ինչից հետո, երբ կրակն իրեն է անցել, «ինքնապաշտպանական բնազդով» բենզինի 5 լիտրանոց տարան նետել է կացարանի ուղղությամբ, ինչն էլ հրդեհի պատճառ է դարձել։

Ավելի ուշ դասակի հրամանատարը լրագրողներին հայտնել էր, որ կացարանում բենզին չի եղել, ըստ էության, հերքելով վարչապետին: Զինդատախազը ևս հայտարարել էր, որ դեռ պարզ չէ՝ բենզին է եղել, թե դիզվառելիք:

Ընդհանրապես, այդ դեպքի հետ կապված հանրության մոտ բազմաթիվ հարցադրումներ են առաջանում, օրինակ, ինչո՞ւ պատշաճ կեցավայրում չեն ապրել զինվորները , այլ գյուղական տանը, որը չի համապատասխանել զորանոցի անվտանգության չափանիշերին։

Հանրությունը վրդովված է նաև նրանից, որ պաշտպանության նախարարը այդպես էլ չի այցելել դեպքի վայր:

Շատերը պահանջում են նախարար Սուրեն Պապիկյանի, որպես կատարվածի գլխավոր պատասխանատուի հրաժարականը։

Հրդեհից 5 օր անց Պաշտպանության նախարարությունը դեռ չի հրապարակել զոհված 15 զինծառայողների անունները։ NEWS.am-ը տեղեկություններ է հավաքել զոհված բոլոր 15 զինծառայողների վերաբերյալ։