ANCA-ն հանրահավաք է հայտարարել ի պաշտպանություն Արցախի

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) Արևելյան շրջանը կոչ է արել ակտիվիստներին միանալ փետրվարի 1-ին և 2-ին ԱՄՆ Կոնգրեսի առջև անցկացվող ակցիաներին՝ ի պաշտպանություն Արցախի բնակիչների, որոնք ավելի քան մեկ ամիս գտնվում են Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ։

«ANCA-ի Արևելյան շրջանը հրավիրում է ակտիվիստներին միանալու բողոքի ակցիային Կոնգրեսի դիմաց, որը տեղի կունենա փետրվարի 2-ին, ժամը 13:00-ին՝ կոչ անելով Միացյալ Նահանգներին դադարեցնել բոլոր ամերիկյան օգնությունն Ադրբեջանին»,- ասվում է կոմիտեի հայտարարության մեջ:

ANCA-ն ընդգծել է, որ Սփյուռքը հայ ժողովրդի երկրորդ բանակն է։ «Այժմ, առավել քան երբևէ, մեր խոսքերին պետք է հետևեն կոնկրետ գործողություններ։ Արցախում մեր հայրենակիցները 42 օր պատանդ են մնացել առանց սննդի, դեղորայքի և գազի. մեր պարտքն է իշխանություններին ցույց տալ և ասել ճշմարտությունը. Հիմա եկել է գործելու ժամանակը»,- ​​ասացին նրանք։