Գլխավոր դատախազը Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդագիր է ներկայացրել

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիր է ներկայացրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին։ Տեղեկությունը հրապարակվել է դատախազության կայքում։

Միջնորդագրին կցվել է նաև պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը:

«Ա.Չ.-ն, ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննված քրգործով որպես փորձագետ ընդգրկված լինելով Ա.Ս.-ին ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների համար առաջադրված մեղադրանքների առնչությամբ նշանակված կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության հանձնաժողովի կազմում, 2017-ի փետրվարի 8-ին ստորագրել է կրկնակի դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության ակնհայտ կեղծ եզրակացությունը»,–ասված է դատախազության հաղորդագրության մեջ։

ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածի համաձայն՝ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Ազգային ժողովի համաձայնությամբ:

Նշենք, որ Աննա Վարդապետյանը նաև «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիր է ներկայացրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին։

Sputnik Արմենիա