Վեկտորի հարց չկա. Սիմոնյանը` ԵՄ պաշտոնյայի այցի և ՌԴ-ի հետ հարաբերությունների մասին

Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության հարց չկա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը` մեկնաբանելով Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հերթական այցը Հայաստան։

Լրագրողներն ԱԺ խոսնակից հետաքրքրվեցին՝ արդյոք Բրյուսելի հետ հարաբերությունների նման ակտիվացումը չի նշանակում վեկտորի փոփոխություն` ի վնաս Ռուսաստանի հետ հարաբերությունների։

«Վեկտորի հարց չկա, կա միայն անվտանգության ապահովման հարց։ Մենք բազմիցս ասել ենք` անվտանգության ապահովման և տարածքային ամբողջականության համար մենք փորձելու ենք կիրառել բոլոր միջոցները»,– նշեց քաղաքական գործիչը։

Նա ընդգծեց նաև, որ գոյություն ունեցող միջոցներ իրենց չեն բավարարում։

Ալեն Սիմոնյանը նաև անդրադարձավ հարցին, թե ինչ են քննարկելու Տոյվո Կլաարի հետ, որը հայտարարել էր, որ Լաչինի միջանցքի հարցը լուրջ է ու անհրաժեշտ է շտապ լուծումներ գտնել, այն դեպքում, երբ Երևանը հայտարարել էր, թե Բաքվի հետ այդ հարցով քննարկելու բան չունի։

«Քննարկելու ենք հայության վիճակն այնտեղ և եռակողմ պայմանագրի կատարումը, ինչն ըստ էության տեղի չի ունենում։ Լաչինի միջանցքի հետ կապված ամեն ինչ քննարկված և ստորագրված է։ Նկատի ունեմ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը»,– ասաց ԱԺ նախագահը։

Sputnik Արմենիա