ԵՄ-ն քաղաքացիական առաքելություն է ստեղծել սահմանամերձ շրջաններում կայունության աջակցության համար

ԵՄ-ի խորհուրդն այսօր համաձայնել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելություն ստեղծել (EUMA)՝ Ընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության շրջանակում (CSDP)։ Առաքելության նպատակը Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունության աջակցությունն է, վստահության ամրապնդումը և ԵՄ աջակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերի համար պայմանների ապահովումը:

«Հայաստանում ԵՄ առաքելության ստեղծումը Հարավային Կովկասում ԵՄ ներգրավման համար նոր փուլ է բացում։ ԵՄ-ն կշարունակի աջակցել լարվածության թուլացմանն ուղղված ջանքերին և սերտորեն կաշխատի երկու կողմերի հետ՝ տարածաշրջանում կայուն խաղաղության վերջնական նպատակին հասնելու համար», - ասվում է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բարելի հայտարարության մեջ:

Առաքելությունը նաև ներդրում կունենա միջնորդական ջանքերում՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի գլխավորած գործընթացում։

EUMA-ի սկզբնական մանդատը կկազմի 2 տարի, իսկ օպերատիվ շտաբը կտեղակայվի Հայաստանում։ Քաղաքացիական գործողության հրամանատարը կլինի Ստեֆանո Տոմատը՝ EEAS Քաղաքացիական պլանավորման և անցկացման տնօրենը (CPCC): Առաքելության ղեկավարը, որը կզբաղվի տեղում գործողությունների իրականացմամբ, կնշանակվի առաջիկայում։

News.am