Հստակ գործողություններ են պետք ԼՂ-ի պաշարումը վերացնելու համար. Միրզոյանը` Ստոլտենբերգին
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր Բրյուսելում հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ և ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը, ադրբեջանական իշխանությունների՝ Լեռնային Ղարաբաղը էթնիկ զտման ենթարկելու շարունակական քաղաքականության հետևանքները։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Այս համատեքստում ընդգծվել է միջազգային հանրության հստակ գործողությունների կարևորությունը` Լեռնային Ղարաբաղի անմարդկային պաշարումը վերացնելու և Ադրբեջանին բանակցությունների սեղան վերադարձնելու նպատակով»,– ասված է հաղորդագրությունում։
Միրզոյանը Ստոլտենբերգին է ներկայացրել նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում առկա զարգացումները:
Հանդիպման ընթացքում կողմերը գոհունակություն են հայտնել ՀՀ-ՆԱՏՕ քաղաքական երկխոսության մակարդակի կապակցությամբ, անդրադարձ կատարել համագործակցության ներկա ծրագրերին և ապագա հեռանկարներին։
Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերի շուրջ։
Նշենք, որ Միրզոյանը Բրյուսել է մեկնել աշխատանքային այցով։
Sputnik Արմենիա