Ֆրանսիան պատրաստ է մասնակցել Հայաստանում ԵՄ քաղաքացիական նոր առաքելությանը
Ֆրանսիան պատրաստ է մասնակցել Հայաստանում ԵՄ քաղաքացիական նոր առաքելությանը։ Այս մասին Twitter-ում գրել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Քեթրին Կոլոնան։
«Սա շատ կարևոր որոշում է, և Ֆրանսիան հաճույքով կմասնակցի այս եվրոպական առաքելությանը»,- ասել է նա։
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, ԵՄ խորհուրդը համաձայնություն է տվել Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելություն (EUMA) ստեղծել՝ Անվտանգության և պաշտպանության համընդհանուր քաղաքականության (CSDP) շրջանակներում։ Առաքելության նպատակը Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանն աջակցելն է, տեղերում վստահություն ձևավորելը և բարենպաստ միջավայր ստեղծելը՝ ԵՄ աջակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին նպաստելու համար:
EUMA-ի նախնական մանդատը կլինի երկու տարով, իսկ օպերատիվ շտաբը կլինի Հայաստանում: Քաղաքացիական գործողությունների հրամանատարը կլինի Ստեֆանո Տոմատը՝ EEAS Քաղաքացիական պլանավորման և իրականացման կառավարիչ տնօրենը: Առաջիկայում դաշտային գործողությունների համար պատասխանատու առաքելության ղեկավար կնշանակվի։
News.am