ՀՀ ՔԿ․ Սեպտեմբերյան ագրեսիայի գործով մեղադրյալների թիվը հասել է 16-ի, 6-ը կալանավորված են

Սեպտեմբերյան ագրեսիայի գործով մեղադրյալների թիվը հասել է 16-ի, նրանցից 6-ը կալանավորված են։ Հանրային հեռուստաընկերության եթերում տեղեկությունը հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վերահսկողության վարչության պետ Պերճ Այվազյանը:

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը հունվարի 4-ին Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում հայտնել էր, որ սեպտեմբերյան ագրեսիայի գործով 11 մեղադրյալ կա, մեծ մասը կալանավորված է (թիվ չէր նշել)։

«Նշված քրեական վարույթներից 6-ը արդեն իսկ ավարտվել են, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան, մյուսներով նախաքննությունը շարունակվում է»,- ասել է Այվազյանը։

Ըստ նրա` մեղադրանքները հիմնականում առնչվում են մարտի ընթացքում ծառայողական պարտականությունները չկատարելուն, ծառայությունից խուսափելու նպատակով ժամանակին ծառայության վայր չներկայանալուն, մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելուն։

Տուժող են ճանաչվել և հարցաքննվել 600-ից ավելի անձինք, այդ թվում` զոհվածների մերձավոր հարազատները, հարցաքննվել են 1500-ից ավելի վկաներ։

Քրեական վարույթի շրջանակում նշանակվել է 7 տասնյակից ավելի փորձաքննություն, Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի 12 համայնքներում զննվել են ավելի քան 100 դեպքի վայրեր:

Այվազյանը հայտնել է նաև, որ քննությամբ ձեռք բերված տվյալներով և պաշտպանության նախարարության տրամադրած տվյալներով` սեպտեմբերյան ագրեսիայի ընթացքում հայկական կողմի զոհերի թիվը հասնում է 224–ի, որոնցից 3-ը քաղաքացիական անձինք են:

Այս պահի դրությամբ անհայտ է համարվում 3 զինծառայողի գտնվելու վայրը:

Sputnik Արմենիա