ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչը կոչ է անում վերսկսել երկխոսությունը

Հարավային Կովկասում ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչ Պերե Խուան Պոնսը մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքի շրջափակման հումանիտար հետևանքների վերաբերյալ և կոչ է արել վերսկսել Հայաստանի և Ադրբեջանի միջև կառուցողական երկխոսությունը։

«Ես ուշադիր հետևում եմ Լաչինի միջանցքի շուրջ զարգացումների մասին լուրերին և շատ մտահոգված եմ, թե ինչպես են այդ իրադարձություններն ազդում տեղացի բնակիչների առօրյա կյանքի վրա, քանի որ մի քանի շաբաթ սահմանափակված է առաջին անհրաժեշտության ապրանքների և ծառայությունների հասանելիությունը: Բարձր գնահատելով մասնավորապես ԿԽՄԿ-ի՝ Լաչին տանող ճանապարհին շարունակվող բողոքի ակցիայի հետևանքները մեղմելու ջանքերը, ես կոչ եմ անում բոլոր կողմերին ակտիվացնել իրենց ջանքերը՝ իրավիճակի շուտափույթ կարգավորման համար»,- ասել է նա։

Փոխնախագահը միացել է նաև ԵԱՀԿ գործող նախագահ Բույար Օսմանիի կոչին, որը բոլոր կողմերին կոչ է արել թուլացնել լարվածությունը և սկսել կառուցողական և արդյունավետ երկխոսություն՝ ուղղված Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների բարելավմանն ու վստահության ամրապնդմանը։

Փոխնախագահի խոսքով՝ «որքան երկար է այս վեճը մնում չլուծված, այնքան ավելի բացասաբար է ազդում ոչ միայն փխրուն խաղաղ գործընթացի վրա, այլև խաթարում է տարածաշրջանում ապագա խաղաղ գոյակցության հիմքերը»:

Հատուկ ներկայացուցիչը հիշեցրել է, որ ԵԱՀԿ-ն ունի ներկայիս ճգնաժամը հաղթահարելու գործիքներ, սակայն կողմերից է կախված, թե որքանով դրանք ամբողջությամբ կօգտագործվեն, ինչպես նաև այլ երկրների կառավարություններից և խորհրդարաններից, որպեսզի անկանխակալ սատարեն այս գործընթացին և ապահովեն Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների վրա հիմնված կառուցողական բանակցությունների առաջմղումը։

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը պատրաստ է աջակցել այս գործընթացին ամենուր, որտեղ դա անհրաժեշտ է և օգտակար է համարվում, ընդգծել է Պոնսը։

News.am