ԼԱՉԻՆԻ ՄԻՋԱՆՑՔԸ ՇՐՋԱՓԱԿԱԾ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ «ԲՆԱՊԱՀՊԱՆՆԵՐԻՆ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ԲԱՔՎՈՒՄ»

Լաչինի միջանցքը շրջափակած ադրբեջանցի «ակտիվիստները» կեղծ բնապահպանական պահանջների կարգախոսներով արդեն մեկուկես ամիս Արցախը լիակատար շրջափակման մեջ են պահում։ Բայց, ինչպես երևում է, Բաքվում բնապահպաններն ավելի շատ բան ունեն անելու, քան էկոլոգիապես մաքուր Արցախում։ Եվ դա նորից ցույց է տալիս, որ Լաչինի միջանցքում տեղի ունեցողի հետևում քաղաքական, այլ ոչ թե բնապահպանական պահանջներն են։

Ադրբեջանական ԶԼՄ-ները բավական հաճախ են հրապարակում նյութեր մայրաքաղաքի և շրջանների բնապահպանական խնդիրների մասին։ Այս մասին հերթական ռեպորտաժն է հրապարակել haqqin.az պարբերականը՝ այն նվիրելով «նավթային հարստության» հակառակ կողմին Ադրբեջանի նյութապես անապահով քաղաքացիների համար։

«Բավքի մոտ գտնվող Սաբունչի գյուղի Իլյաս Էֆենդիևի և Ղամբար Վազիրովի փողոցների տների հարյուրավոր բնակիչների շրջանում վաղուց արդեն զգացողություն է առաջացել, որ իրենց տները գտնվում են գործող նավթարդյունահանման կենտրոնում, որը թյուրիմացաբար վերածվել է աղբանոցի. քիչ է, որ ոչ հեռվում գտնվում է մազութի հորը, որը չորս հեկտար է զբաղեցնում, հարևան փողոցների բնակիչներն էլ դրան աղբ ու կենցաղային թափոններ են ավելացնում։ Արդյունքում՝ մազութի հորը ոչ միայն հակասանիտարիայի օջախ է դարձել, այլև վերածվել է հրդեհների աղբյուրի, որոնք այս տեղերում, ցավոք, հազվադեպ չեն»,- գրել է պարբերականը։

Տեղի բնակիչները haqqin.az-ին պատմել են, որ ամռանը ահավոր գարշահոտության պատճառով այստեղ պարզապես անհնար է շնչել։ Թվում էր, թե աշնանը և ձմռանը բնակիչների համար մի փոքր հեշտ է լինելու, բայց իրականում իրավիճակն ավելի է վատանում։ «Անգամ թեթև անձրևը հեղեղում է առաջացնում,- ասել է բնակիչներից մեկը։- Դեպի հոր տանող ջրատարը լցված է աղբով և թափոններով։ Նույն պատկերն ենք տեսնում ձյան հալվելուց հետո։ Անելանելիության պատճառով աշնանը և ձմռանը մենք պարզապես փակում ենք մեր տները և գիշերում հարազատների մոտ»,- դժգոհել են Ադրբեջանի մայրաքաղաքի մերձակա գյուղի բնակիչները։

Սաքինա անունով կինն ասում է, որ մամուլում մի քանի բողոքների հրապարակումից հետո իրավիճակը փոքր-ինչ լավացել է, բայց խնդիրը նախկինի պես լուծված չէ։ «Վերջապես, մեզ համար աղբամաններ են դրել և ժամանակին աղբահանություն են կատարում,- ասում է Սաքինան։- Եվ չնայած հորը ամիսը մեկ անգամ մաքրում են, այն, միևնույն է, լցվում է»։

«Սաբունչի գալով՝ մենք ահավոր պատկերի ականատես դարձանք։ Մեր աչքերի առջև մի քանի օր գարշահոտ մազութի հորի մոտ խաղում էին մի քանի երեխաներ։ Հանդիպելով մեր տարակուսած-հարցական հայացքին՝ տեղի բնակիչները թափահարում են ձեռքերը և ասում, որ իրենց մշտական վտանգ է սպառնում։ Եվ բանը միայն մազութի շերտը չէ, որը կարող է ցանկացած պահի բռնկվել։ Ցեխի պատճառով գրունտապատ փողոցները պարզապես անանցանելի են դարձել։ Անգամ չնայած այն բանին, որ ահա արդեն մի քանի օր չոր եղանակ է»,- գրել է պարբերականը։

«Մեկ տարի առաջ, երբ մենք այստեղ հող գնեցինք, մեզ ասացին, որ մազութը կմաքրեն, իսկ փողոցները կբարեկարգեն,- ասում է պատուհանից դուրս նայող տարեց կինը։- Սակայն նրանց խոստումներն այդպես էլ դատարկ խոսքեր մնացին»։ Կինն ավելացրել է, որ այս տեղանքում ապրում են միայն չափից ավելի անապահով մարդիկ։ «Եթե հնարավորություն ունենային, նրանք այստեղ չէին մնա,- ասում է նա։- Բայց ելք չկա...»։

News.am

Խմբագրությունից. Նշենք, որ կարճ ժամանակ անց հոդվածը հեռացվել է hakkin.az կայքից։ Պատճառները կարծես թե ակնհայտ են։

Галерея (5 фото)