«Ես պառկած մարդ չեմ տեսել». Հրդեհից փրկված զինվորը մանրամասներ է պատմում

Գեղարքունիքի Ազատ գյուղի զինվորական կացարանում տեղի ունեցած ողբերգական հրդեհի տուժածներից Գարուշը Factor TV-ին մանրամասներ է պատմել 15 կյանք խլած հրդեհի մասին:

«Քնած էինք մենք, ճչոցներից եմ ես վեր թռել: Վեր կացա, արդեն կրակը ներս էր մտնում: Վեր եմ կացել և առաջին բանը, որ արել եմ, դոշակը գցել եմ գլխիս, որ երեսս չվառվի, փորձել են մեր ննջասենյակի դուռը ջարդել, բայց չջարդվեց: Այրվածքները այդտեղ եմ ստացել:

Որ անթնացա, խառը իրավիճակ էր: Հիշում եմ, որ մարդիկ կային, որ ուզում էին դուռը ջարդել, հիշում եմ, որ վազվզող մարդիկ կային: Հրդեհն արդեն դռնից մեկ մետր ներս էր հասել: Կրակը շատ բարձր էր»,-պատմել է նա:

Հարցին՝ ընկերներդ քնա՞ծ էին, թե արթուն, Գարուշը պատասխանել է. «Ես, ճիշտն ասած, չեմ նկատել մարդ, որ պառկած լիներ: Ես պառկած մարդ չեմ տեսել: Հիշում եմ, որ խառը իրավիճակ էր, մարդիկ կային վազվզող, նույնիսկ ինձ բրդող մարդիկ կային, մարդիկ իրենց ճամփեն էին ման գալիս, թե ոնց դուրս գան:

Մի կերպ հասել եմ երկրորդ պատուհանի տակ, լսել եմ, որ պատուհանը ջարդեցին, էդ ձայնից վեր եմ թռել, որ կարողանամ գոնե օդ շնչեմ: Մինչև ուսերս ռեշոտկի արանքից դուրս եմ եկել, մնացածը տղերքը քաշել հանել են: Դուրս գալուց հետո քարերի, շիբինների վրայով հասցրել եմ վազել ձյան վրա, որովհետև ոտքերիցս արդեն արյունը չռում էր, չէի դիմանում, սիրտս թուլանում էր: Ձյան վրա եմ պպզել, որ գոնե սառչեն ոտքերս, ուշքս չգնա: Գյուղացիք են ինձ հասցրել հիվանդանոց»,- ասել է նա:

Հարցին, թե ինչպե՞ս էին սովորաբար վառում վառրանը, Գարուշը պատասխանել է. «Փայտի թեփը հավաքել էինք մեշոկներով, 5 լիտրանոց շշերը կտրում էինք, սալյարկա էինք ավելացնում, գդալ-գդալ լցնում էինք վառարանի մեջ, սկսում էր թեփը վառել ու կպնում էր: Դրա մեջ վտանգավոր բան չկար, որ կարար ինչ-որ բան կատարվեր»:

Նա նշել է, որ տարածքում ավտոբենզին եղել է տրակտորների համար: Ըստ զինվորի՝ հակահրդեհային կրակմարիչներ եղել են, բայց վերջացել էին ու տանուքում գցած են եղել:

Նա պատմեց, որ այս տունը զորանոց է եղել 44-օրյա պատերազմից հետո: Գարուշին այստեղ են բերել 6 ամիս առաջ. «Տունը բաղկացած էր միջանցքից, հյուրասենյակից և ննջարանից: Զալի դռնից մոտավորապես 1-1,5 մետր հեռավորության վրա պատի տակ դրված էր վառարանը»,-ասաց նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երևան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն:

Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը և ևս 7 բարձրաստիճան զինվորականներ։

Դեպքից ժամեր անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ներկայացրեց պաշտոնական վարկածը, ըստ որի սպան բենզին է լցրել վառարանի վրա, ինչից հետո, երբ կրակն իրեն է անցել, «ինքնապաշտպանական բնազդով» բենզինի 5 լիտրանոց տարան նետել է կացարանի ուղղությամբ, ինչն էլ հրդեհի պատճառ է դարձել։

Ավելի ուշ դասակի հրամանատարը լրագրողներին հայտնել էր, որ կացարանում բենզին չի եղել, ըստ էության, հերքելով վարչապետին: Զինդատախազը ևս հայտարարել էր, որ դեռ պարզ չէ՝ բենզին է եղել, թե դիզվառելիք:

Ընդհանրապես, այդ դեպքի հետ կապված հանրության մոտ բազմաթիվ հարցադրումներ են առաջանում, օրինակ, ինչո՞ւ պատշաճ կեցավայրում չեն ապրել զինվորները , այլ գյուղական տանը, որը չի համապատասխանել զորանոցի անվտանգության չափանիշերին։

Հանրությունը վրդովված է նաև նրանից, որ պաշտպանության նախարարը այդպես էլ չի այցելել դեպքի վայր:

Շատերը պահանջում են նախարար Սուրեն Պապիկյանի, որպես կատարվածի գլխավոր պատասխանատուի հրաժարականը։

Նշենք, որ հրդեհի դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու և ավելի անձի մահ)։