«ՉԵՔ ԿԱՐՈՂ ՋՆՋԵԼ ՄԵԶ». ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՇԵՐԻ ՈՒ ՊՐՈԴՅՈՒՍԵՐ ԷՐԻԿ ԷՍՐԱԻԼՅԱՆԻ ՀՈԴՎԱԾՆ ԱՐՑԱԽԻ ԱՐԳԵԼԱՓԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ

Աշխարհահռչակ երգչուհի Շերը և անվանի ամերիկահայ բժիշկ, Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր, բարերար Էրիկ Էսրաիլյանը հոդված են հրապարկել ամերիկյան «Newsweek» պարբերականում՝ աշխարհի ուշադրությունը հրավիրելով մարդասիրական ճգնաժամի վրա, որը հասունացել է Արցախում՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքն արգելափակելու հետևանքով։

«Չեք կարող ջնջել մեզ» խորագիրը կրող հոդվածում հեղինակները նշել են, որ ադրբեջանական գործողությունների հետևանքով այս պահին Արցախում 120 հազար մարդու կյանք սպառնալիքի տակ է, և աշխարհը պարտավոր է ուշադրություն դարձնել ստեղծված իրավիճակին ու փրկել կյանքեր։ «Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի՝ ադրբեջանական բարբարոս արգելափակումը զրկել է սննդի ու կյանքի համար կարևոր միջոցների մատակարարման հնարավորությունից։ Էթնիկ զտման այս քաղաքականությունը, ինչպես նաև մշակույթը ջնջելու նենգ փորձերը պարզապես բարբարոսական են»,- գրում են նրանք։

Շերն ու Էրիկ Էսրաիլյանը պատմել են կորոնավիրուսի համավարակի ամենաթեժ ընթացքում՝ 2020 թվականին Արցախի դեմ Ադրբեջանի իրականացրած հարձակման մասին, որին բացահայտ աջակցություն էր ցուցաբերում Թուրքիան՝ մարտի դաշտ բերելով օտարերկրացի վարձկանների։

«Ռազմագերիները բռնության են ենթարկվել կամ սպանվել են: Կրոնական վայրերը պղծվել և սիստեմատիկորեն ոչնչացվել են, իսկ Ադրբեջանի կլեպտոկրատ ղեկավարությունը խրախուսել և ողջունել է այդ բռնությունները: Հայերի նկատմամբ ինդոկտրինացումն ու ատելությունը տարածվում են պետության կողմից հովանավորվող լրատվականների և սոցիալական ցանցերի միջոցով, անգամ Ադրբեջանում պաշտոնապես սովորեցնում երեխաներին»,- նշում են հեղինակներն ու արձանագրում, որ միջազգային հանրության ամենաթողության պայմաններում Ադրբեջանը շարունակելու է նմանօրինակ գործողություններն ու արդեն խորանալու Հայաստանի ինքնիշխան տարածքում:

Նրանք ուշադրություն են հրավիրում Ադրբեջանում մարդու իրավունքների և ազատությունների ոտնահարումների վրա։ «Արցախն ու Հայաստանը՝ տարածաշրջանի բացառիկ ժողովրդավարությունները, չեն կարող զոհաբերվել հանուն որևէ մեկի քաղաքական նպատակահարմարության»,- նշում են Շերն ու Էսրաիլյանը։ Նրանք համոզված են, որ որպես աշխարհում հեղինակություն և ազդեցություն ունեցող անձինքն իրենք պետք է կիրառեն իրենց ներուժը և հնարավորությունները՝ ամենաբարձր մակարդակներով պատմելու այս պատմությունը։

«Երկար մտածեք՝ փաստերի վրա աչք փակելուց առաջ, նպատակ ունենալով աջակցել ֆինանսապես գրավիչ բռնապետներին՝ անտեսելով մյուսներին։ Մենք շարունակելու ենք կիսվել մեր պատմություններով՝ օգնելու մեր հայրենիքում գտնվող մեր եղբայրներին ու քույրերին և տրամադրելով աջակցություն՝ պաշտպանելու սրբավայրերը։ Իր հերթին, մենք խնդրում ենք Միացյալ Նահանգների մեր քաղաքական առաջնորդներին և աշխարհի բոլոր այն մարդկանց, ում համար կարևոր են արդարությունն ու արժանապատվությունը, բոյկոտելու և պատժամիջոցներ կիրառելու այս մարդասպան ռեժիմների դեմ, դադարեցնել գումարի չդադարող հոսքը դեպի նրանց և կիրառել ավելի հետևողական չափորոշիչներ այն ժամանակ, երբ խոսք է գնում մարդու իրավունքների մասին»,- եզրափակել են Շերն ու Էրիկ Էսրաիլյանը։

ԱՐՄԵՆՊՐԵՍ