ՏԵՍԱԿԱՄՈՒՐՋ «ՌՈՒՍ-ՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՐԴԻ ՀԱՐՑԵՐ» ԹԵՄԱՅՈՎ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հունվարի 26-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի ունեցավ Մոսկվա-Երևան տեսակամուրջ՝ «Ռուս-հայկական համագործակցության արդիական հարցերը» թեմայով։

 

Երևանը պետք է հասկանա, թե ինչ է Արևմուտքը դնելու «օգնության փաթեթում»

Երևանը պետք է ուշադիր հետևի այն «փաթեթի» պարունակությանը, որն ուղեկցում է Արևմուտքից ստացվող դրական ազդակներին,- ասաց քաղաքագետ, Ժողովուրդների բարեկամության ռուսական համալսարանի ռազմավարական հետազոտությունների և կանխատեսումների ինստիտուտի տնօրեն Դմիտրի Եգորչենկովը։

Նա ոչ մի վատ բան չի տեսնում նրանում, որ Հայաստանն ավելի ակտիվորեն է օգտագործում լրացուցիչ հնարավորությունները, քան նախկինում, լինի եվրոպական, թե ամերիկյան։ Ընդ որում, նա համաձայն է ընդհանուր տրամաբանության հետ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հասնելու համար պետք է օգտագործվեն բոլոր հնարավորությունները։

«Եթե իրավիճակից ելնելով այդ նպատակով կարող է օգտագործվել պարոն Բլինկենը, ապա ինչու ոչ։ Գլխավորը բաց չթողնելն է այն, ինչը սովորաբար լինում է մեր արևմտյան գործընկերների փաթեթում։ Չէ՞ որ եթե նրանք ինչ-որ բան անում են, ապա փաթեթի մեջ անպայման ինչ-որ բան են ավելացնում։ Այ նայեք, թե ուրիշ ինչ կա այդտեղ: Ինչո՞վ կցանկանային հագեցնել օրակարգը, այդ թվում՝ Հայաստանի հետ իրենց փոխհարաբերություններում։ Եթե այնտեղ հայտնվի որևէ բան, որը ձեռնտու չէ Երևանին ռազմավարական փոխգործակցության առումով, այդ թվում՝ Ռուսաստանի հետ, ապա ես կարծում եմ, որ վատ չէր լինի ուշադրություն դարձնել դրան»,-նշեց Եգորչենկովը։

Անդրադառնալով Հարավային Կովկասից Ռուսաստանին դուրս մղելու հնարավորությանը` նա նկատեց, որ իրականությունը չի հուշում, որ դա տեղի կունենա վաղը կամ մյուս օրը։ Եթե Հայաստանն ու Ռուսաստանը համատեղ ջանքեր գործադրեն, թեկուզ նվազագույն, որպեսզի դա տեղի չունենա, ապա դա տեղի չի ունենա, ասաց նա։

Պատասխանելով Ռուսաստանի կողմից «փափուկ ուժի» ոչ բավարար կիրառման մասին հարցին ՝ Եգորչենկովն ընդգծեց. «Ես, անկեղծ ասած, արդեն հոգնել եմ այն խոսակցություններից, որ Ռուսաստանի փափուկ ուժը չի գործում։ Ես ինքս դրա մասին երկար տարիներ խոսում էի, մինչև հասկացա, որ այն չի էլ կարող աշխատել, որովհետև փափուկ ուժը ռուսական կոնցեպտը չէ, այն ամերիկյան կոնցեպտն է, և ամերիկացիների մոտ այն աշխատում է, իսկ մյուսների մոտ՝ ակնհայտորեն ոչ։

Որովհետև մեծ հաշվով այդպես էլ նախատեսված էր։ Հայաստանի և Ռուսաստանի փոխհարաբերություններում պետք է ոչ թե ռուսական փափուկ ուժ Երևանում և հայկական փափուկ ուժ Մոսկվայում, այլ ինչ-որ ընդհանուր բան»։

Քաղաքագետը վստահ է, որ եթե մենք թե Ռուսաստանում, թե Հայաստանում համատեղ ջանքերով ինչ-որ բան անենք, մեզ մոտ զգալիորեն ավելի լավ կստացվի։

Նրա խոսքով, մեզ անբարյացկամ վերաբերվողները կօգտվեն իրավիճակից և կփորձեն տարբեր թեմաներ սրել ռուս-հայկական փոխգործակցության մեջ։

«Ես նկատի ունեմ ինչպես արևմտյան քաղաքակրթության կենտրոնը ի դեմս ԱՄՆ-ի, այնպես էլ տարածաշրջանայինները՝ եվրոպականից մինչև մերձավորարևելյան երկրներ»,- ասաց նա։

Նա կարծում է, որ այդ ռիսկերը պետք է ճիշտ գնահատել՝ հաշվի առնելով, որ այսօր հայկական դիվանագիտությունը շատ ակտիվ համագործակցում է ԵՄ կառույցների հետ։

«Պետք է հասկանալ, որ ԵՄ-ի, Հայաստանի և Ռուսաստանի շահերը ոչ միշտ են համընկնում։ Բրյուսելի որոշ շահեր կարող են բոլորովին չհամընկնել այն բանի հետ, թե ինչպես են իրենց ապագան տեսնում Ռուսաստանն ու Հայաստանը»,-ասաց Եգորչենկովը։

Ինչ վերաբերում է Հայաստանի անվտանգության հարցերին, ապա նա հույս ունի, որ ռուսական քաղաքական դիսկուրսում հաշտարար-բանակցային գործընթացից անցումը ավելի կոշտ դիրքորոշման թույլ կտա այդ ոլորտում մի շարք հարցեր լուծել։

Ռուս-հայկական հարաբերությունները լուրջ թեստ են անցնում

Ռուս–հայկական հարաբերությունները լուրջ թեստ են հանձնում,- ասաց ՌԴ ԱԳՆ ՄՀՄՊԻ միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, «Միջազգային վերլուծություն» ամսագրի գլխավոր խմբագիր, քաղաքական գիտությունների թեկնածու Սերգեյ Մարկեդոնովը։

«Այն, ինչ տեսնում ենք այսօր, լուրջ թեստ է և՛ Կովկասում Ռուսաստանի համար, և՛ ռուս–հայկական հարաբերությունների։ Բազմաթիվ շատ կարևոր փոփոխություններ են ունեցել նախորդ տարվա ընթացքում, այդ թվում` երկկողմանի հարաբերությունների վրա ազդող փոփոխություններ։ Մինչև 2022 թվականը ԼՂ խնդիրը, հայ–ադրբեջանական հակամարտությունը հավանաբար եզակի կետ էին հետխորհրդային տարածքում, որտեղ Ռուսաստանն ու Արևմուտքը ճշտում էին միմյանց դիրքորոշումները», – ասաց Մարկեդոնովը։

Հակամարտությունը չէր դիտարկվում ՆԱՏՕ–ի ընդլայնման համատեքստում։ Բացի այդ, չէր դիտարկում որպես ռուսական ռևիզիոնիզմի դրսևորում։ Հենց այդ պատճառով էլ հնարավոր էր Արևմուտքի և ՌԴ–ի փոխգործակցությունը։

«Դրա վերջը եկավ, 2022 թվականի ապրիլից Մինսկի խումբը դադարեց գործել որպես ձևաչափ։ Մրցակցության լրացուցիչ գիծ հայտնվեց», – նշեց փորձագետը։

Նրա խոսքով` այժմ Ռուսաստանը Հայաստանին հակադրելու, ՌԴ խաղաղապահ զորախմբի աշխատանքը վարկաբեկելու անուղղակի փորձեր են արվում։ 2022 թվականին ներկայիս ստատուս քվոն փոխելու մի քանի փորձ արվեց։

Ռուսաստանը, զբաղված լինելով ռազմական հատուկ գործողություններով, Արևմուտքի հետ առճակատմամբ, ինչպես նաև պատժամիջոցների պայմաններում կախված լինելով Թուրքիայից և Ադրբեջանից, լրացուցիչ խնդիրներ չի ուզում։ Ստիպված է մեղմ արձագանքել։

«Եվ դրա հետ կապված` հայ հասարակության, քաղաքական շրջանակներում որոշակի բարձր սպասումներ ենք տեսնում։ Զուտ մարդկայնորեն, հուզական առումով ես դա հասկանում եմ։ Շարքային հայը սպասում է, որ դաշնակիցն ավելի կոշտ հայտարարի որևէ բանի մասին, ավելի հստակ դիրքորոշում զբաղեցնի, որոշակի գործողություններ կատարի։ Եթե դա տեղի չի ունենում, նա մտածում է այլ կողմեր նայելու մասին», – ասաց Մարկեդոնովը։

Այդ «ինչ–որ կողմը», ըստ նրա, կարող է լինել, օրինակ, Ֆրանսիան։ Սակայն Twitter–ում Էմանուել Մակրոնի արած 5 կամ 10 գրառումներն իրավիճակը չեն փոխում։ Ֆրանսիայի իշխանությունները չեն հայտարարել, օրինակ, ԼՂ խաղաղապահներ ուղարկելու պատրաստակամության մասին։

Այդ իսկ պատճառով, ըստ նրա, Ռուսաստանի գործողությունները (թող որ ոչ շատ լավ, բայց խաղաղապահների, միջնորդության և տնտեսական փոխգործակցության ոլորտներում) այդ գրառումներով և բարի ցանկություններով փոխարինելու փորձը հարցեր են առաջացնում։

Արևմտյան քաղաքականությունն ուղղված է Ռուսաստանին դուրս մղելուն, սակայն, ըստ Մարկեդոնովի, հարցեր կան նաև Ռուսաստանի բարձր կաբինետներին։

«Անհրաժեշտ է սեփական դիրքորոշումն ավելի ակտիվ առաջ տանել։ Գիտեմ, որ մենք անհոգ զգացողություն ունենք, որ Հայաստանը մեր դաշնակիցն է, ինչու է պետք որևէ բան ավելորդ անգամ պարզաբանել, առանց այդ էլ ամեն բան պարզ է... Բայց ոչ բոլորին է ամեն ինչ պարզ, նույնիսկ հասկանալի բաները պարզաբանման կարիք ունեն», – նշեց Մարկեդոնովը։

Նա ընդգծեց` խնդիրներ միշտ էլ կան, և դրանց մասին պետք է անկեղծ խոսել։

ԵԱՏՄ-ի հետ ՀՀ ապրանքաշրջանառությունը կարող է կրկնապատկվել

ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառության աճը 2022 թվականի արդյունքների վերջնական ամփոփումից հետո կարող է կազմել 100%,- ասաց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Թաթուլ Մանասերյանը։

Նրա խոսքով` ներկա պահին հայտնի են միայն նախնական տվյալները, որոնց համաձայն` աճն արդեն իսկ գերազանցում է 80%–ը։

Մանասերյանը կանխատեսումներ արեց նաև ՀՀ տնտեսության զարգացման վերաբերյալ։ Փորձագետը 2022 թվականի արդյունքներով գործարար ակտիվության աճ է ակնկալում 10%–ի մակարդակում, ինչը, ըստ նրա, բավական ազդեցիկ ցուցանիշ է։

Նա նշեց, որ նախորդ տարի ՀՀ տնտեսությունը ոչ միանշանակ միտումների ազդեցության տակ էր։ Մի կողմից դրական ազդեցություն էին թողել ՌԴ–ից, Ուկրաինայից և Բելառուսից միգրացիոն հոսքերը, մյուս կողմից` որպես Ռուսաստանի ռազմավարական գործընկեր` Հայաստանի վրա ևս անդրադարձան հակառուսական պատժամիջոցները, որոնք Ուկրաինայի իրավիճակի սրացման ֆոնին կիրառեց արևմուտքը։

«250-300 հազար ժամանակավոր միգրանտներն այսօր Հայաստանում են բնակություն հաստատել, և դա լուրջ ազդեցություն է ունեցել մեր երկրի գործարար ակտիվության վրա։ Ընդ որում` ռելոկանտների շնորհիվ զարգանում է ոչ միայն ՏՏ–ն, այլև փոքր բիզնեսի տարբեր ոլորտներ, այդ թվում` զբոսաշրջությունն ու սպասարկման ոլորտը», – ասում է փորձագետը։

Նա ընդգծեց Ռուսաստանի դերը ՀՀ տնտեսության զարգացման գործում։ Մասնավորապես` Հայաստանը համարվում է ռուսաստանցի զբոսաշրջիկների համար երկրորդ ամենանախընտրելի ուղղությունը։ Դեպի Հայաստան փոխանցումների ընդհանուր ծավալի ավելի քան 60%–ը Ռուսաստանից են. դա ավելի քան 4 մլրդ դոլար է։

«Մասնակի այդ փոխանցումները կարելի է ներդրումներ համարել, սակայն գումարի մեծ մասը բանկային հատված է գնացել։ Հենց այդ գումարների հաշվին են տրվում վարկերը, որոնք իրենց հերթին բավական դրական են ազդում գործարար ակտիվության վրա», – կարծում է Մանասերյանը։

Վերջում նա կանխատեսել է, որ ներկայիս միտումների պահպանման պարագայում ՀՀ տնտեսության աճը 2023 թվականին 5%-7% կկազմի։

ՀՀ-ում հնարավոր են համարում Թուրքիայի հետ սերտ կապերը

Հայ հասարակության մի մասը հնարավոր է համարում տարածաշրջանում թուրքական ազդեցության ավելացումը,- ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը` խոսելով Հարավային Կովկասից Ռուսաստանին դուրս մղելու հնարավորության մասին։

«Եթե հայ հասարակության մեծ մասը համաձայնի տարածաշրջանում Թուրքիայի ազդեցության այլընտրանքային ուժեղացման հետ, Ռուսաստանը կարող է խնդիրներ ունենալ։ Կցանկանայի ուշադրությունը սևեռել այն փաստի վրա, որ Հայաստանում քաղաքական ուժեր կան, և այդ ուժերի մեծամասնությունն ընդդիմությունից չեն, որոնք պնդում են Թուրքիայի հետ բարիդրացիական, սերտ հարաբերությունների մասին», – նշեց Հակոբյանը։

Նրա խոսքով` ինչպես ցույց տվեցին ընտրությունները, Հայաստանում ոչ բոլորն են Անկարայի հետ սերտ հարաբերություններին վերաբերվում որպես անհավանական մի բանի։

««Օվերտոնի պատուհանը», ինչի մասին Հայաստանում այսօր հաճախ է խոսվում, այնքան է ընդլայնվել, որ նույնիսկ նման այլընտրանքը իշխանափոխությունից ընդամենը մի քանի տարի անց հնարավոր է համարվում», – նշեց Հակոբյանը։

Ըստ նրա` իզուր չէ, որ ՀՀ իշխանությունները առավել հաճախ են սկսել դիմել արևմտյան երկրներին Լաչինի միջանցքի, ԼՂ–ի հարցով։ Վերջերս էլ որոշում ընդունվեց ԵՄ քաղաքացիական առաքելություն ուղարկելու մասին։

Հակոբյանը նշեց, որ Հայաստանում կան ուժեր, որոնք ցանկանում են ի դեմս Արևմուտքի երկրում այլընտրանք ստեղծել։ Արևմուտքը դեռ ՌԴ–ին որպես ռազմաքաղաքական գործընկեր փոխարինելու կոնկրետ ցանկություն չի արտահայտում, բայց դա չի նշանակում, որ իրավիճակը չի փոխվի։

Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Անկարան Երևանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում հայկական կողմից անկեղծություն է տեսնում ոչ միայն խոսքով, այլև գործով։

Sputnik Արմենիայի նյութերով