Արթուր ԱԹԱՆԵՍՅԱՆ․ ԲԱՆԱԿՈՒՄ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԹՈՒԼԱՑՄԱՆ ՊԱՏՃԱՌՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ԵՎ ՓՈՐՁԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆ Է
Ես բանակում նկատել եմ ոչ թե հետընթաց, այլ զարգացման որոշակի կասեցում։ Մեր անկախության տարիներին բանակը, թերևս, այն քչերից էր, եթե ոչ առաջինը պետական ինստիտուտների ցանկում, որն ակտիվորեն զարգացել է՝ պահպանելով կայունությունը։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արթուր Աթանեսյանը՝ մեկնաբանելով հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորական վաշտի կացարանում բռնկված հրդեհը, որը 15 զինծառայողի կյանք է խլել:
Նրա խոսքով՝ նախկինում բանակում կարելի էր զգալիորեն ավելի քիչ արատավոր երևույթներ հանդիպել, որոնք բնորոշ էին հայ հասարակությանը։
«Սակայն շուտով բանակի զարգացումը կասեցվեց։ Ինձ համար դա ակնհայտ էր։ Դա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ մենք պետական մակարդակով հանկարծ որոշեցինք, որ բանակը պետք է ղեկավարի և լիովին ի վիճակի է ղեկավարել քաղաքացիական անձը։ Եվ, իհարկե, համապատասխան թիմի հետ»,-պարզաբանեց քաղաքագետը։
Նա նշեց, որ տվյալ ոլորտի ցանկացած փորձագետ, ինչպես և բանակում ծառայած ցանկացած անձ, շատ լավ գիտի, որ բանակում և բանակային կոլեկտիվներում մարդկանց փոխհարաբերությունները կառուցվում են հարգանքի, խորը գիտելիքների հիման վրա՝ այս կամ այն մասնագիտության, փորձի և ազդեցության այլ լծակների շրջանակում։
«Եթե հրամանատարն իր ենթակաների շրջանում հարգանք չի վայելում, իսկ պաշտպանության նախարարը՝ զինված ուժերի հրամկազմի շրջանում, ապա բանակային հիերարխիան և կարգապահությունը սկսում են քայքայվել։ Վերադաս հրամանատարության հրամանները սկսում են անտեսվել»,-նկատեց Աթանեսյանը։
Բանակում, Ինչպես նշեց փորձագետը, առանձնապես չեն սիրում գրասենյակներում աշխատող անձանց։ Դա, մասնավորապես, վերաբերում է պաշտոնյաներին և շտաբային աշխատողներին։ Դրանց թվին կարելի է ավելացնել նաև պաշտպանության նախարարին։
«Նրանց համար նա պաշտոնյա է, որը, ի թիվս այլնի, որպես կանոն, բավական կասկածելի քաղաքական փորձ ունի։ Այսինքն՝ ցանկացած քաղաքական գործիչ, այսպես թե այնպես, չի վայելելու նրանց հեղինակությունը»,-ընդգծեց քաղաքագետը։
Նա նաև մեղադրեց գործող իշխանությանը դիլետանտության մեջ, մասնավորապես, մասնագիտական գիտելիքների և փորձի բացակայության մեջ, ինչը, ի վերջո, հանգեցրեց կարգապահության թուլացման և ոչ կանոնադրական փոխհարաբերությունների ամրապնդման։