ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆԸ ԹՈՒՅԼԱՏՐՎԱԾ Է ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼ ԶՈՀՎԱԾ ՀԵՐՈՍՆԵՐԻ ԾՆՈՂՆԵՐԻՆ
Վահե Ղազարյանն ընդդեմ զոհված զինվորների ծնողների
Երևանի կենտրոնական փողոցներից մեկում շարքային քաղաքացիների շրջանում անցկացված հարցումը տարօրինակ օրինաչափություն բացահայտեց։ Հարցը ձևակերպված էր հետևյալ կերպ. կարո՞ղ էր արդյոք ոստիկանությունը զոհված հերոսների ծնողներին ծեծի ենթարկելու հրաման ստանալ, ինչպես դա տեղի եղավ 2022թ. սեպտեմբերի 21-ին Եռաբլուրում, եթե պետության ղեկին լինեին Ռոբերտ Քոչարյանը կամ Սերժ Սարգսյանը։ Հարցվողների մեծ մասը, լսելով հարցը, անմիջապես ներպարփակվում ու հրաժարվում էին պատասխանել, թեև զոհվածների մայրերի և հայրերի նկատմամբ ոստիկանական հաշվեհարդարի կադրերը տեսել են բոլորը։
Փաշինյանական քարոզչամեքենայի կողմից տոտալ զոմբիացման արդյունքում մարդիկ վախենում են խոստովանել, որ երկրորդ և երրորդ նախագահների կառավարման տարիներին զոհվածների ծնողների նկատմամբ ոստիկանների այդպիսի հաշվեհարդարներն անհնար էին անվերապահորեն։ Ոչ ոք պատկերացնել անգամ չէր կարող բռնություն զինվորական պանթեոնում: Հայ հասարակության մեջ սերմանվում էին այլ արժեքներ, այլ ոչ թե այն ամենը, ինչ պարտադրվում է 2018 թվականի մայիսի 8-ից ի վեր։
Բանն այնտեղ է հասել, որ ՀՀ քաղաքացիները չեն կարողանում իրենց թույլ տալ ճշմարտությունն ասել այն մասին, որ զոհված հերոսների ծնողները Քոչարյանի ու Սարգսյանի օրոք համընդհանուր հարգանք են վայելել, քանզի այդ ճշմարտությունը չի կապակցվում նիկոլական քարոզչամեքենայի այն հիմնարար սկզբունքի հետ, թե Ռոբերտին ու Սերժին կարելի է միայն մերժել ու ատել։
Փաշինյանի ռեժիմը երկար ժամանակ ծանակում էր Արցախյան առաջին ազատամարտում զոհվածների այրուն ու մորը՝ հասարակական գործիչ Մարգարիտա Խաչատրյանին։ Ոստիկանները բազմիցս քարշ են տվել նրան և սևազգեստ այլ կանանց կառավարության շենքի ասֆալտի վրայով։ Սեպտեմբերի 21-ին սկսվեց ծանակման շրջանը 2020 թվականի 44-օրյա պատերազմի հերոսների ծնողների և 2022 թվականի սեպտեմբերի 13-ի ագրեսիայի հետևանքով զոհվածների հարազատների նկատմամբ, որոնք խնդրում են դուրս բերել զոհվածների աճյունները և հնարավորություն տալ ընտանիքներին հողին հանձնել նրանց:
Սեպտեմբերի 21-ի հիշյալ դեպքերից հետո բազմաթիվ ծնողներ արձանագրել են ծեծի և բռնության հետքերը, սակայն օրերս հայտնի դարձավ, որ ոստիկանության ներքին անվտանգության վարչության ձեռնարկած ծառայողական հետաքննությունն արդեն դադարեցված է։ Նոյեմբերի 23-ին հայտնի դարձավ, որ ոստիկանությունը հայց է ներկայացրել Վարչական դատարան 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողների դեմ՝ Գարիկ Գալեյանին, Վահիդ Սահակյանին, Գրիգոր Ջավախյանին, Գեղամ Ղազարյանին վարչական պատասխանատվության ենթարկելու համար։ ՆԳ նորաթուխ նախարար Վահե Ղազարյանը, փաստորեն, հանդես է եկել զոհված հերոսների ծնողների դեմ։ Համաձայնեք, ոստիկանական համազգեստի պատիվը պաշտպանելու տարօրինակ միջոց է…
Ոստիկանությունը ցանկանում է պատասխանատվության ենթարկել զոհված հերոսների ծնողներին այն բանի համար, որ իրենց զավակների շիրիմներին Փաշինյանի ներկայությունը համարել են սրբապղծություն և նրանց հիշատակի անարգում։ Մի՞թե ցանկացած ոք իրավունք չունի արգելել իր որդու շիրիմին մոտենալ այն մարդուն, որն ինքը հայտարարեց, որ կարող էր փրկել նրան և հազարավոր այլ որդիներ, բայց չի փրկել: Եվ մի՞թե նորմալ երկրում ոստիկանությունը կարող էր իր քաղաքացիների կամքին հակադրել բացահայտ բռնությունը։ Հունվարի 20-ին զոհվածների ծնողները հավաքվել էին ՔԿ շենքի մոտ, սակայն ՔԿ պետ Արգիշտի Քյարամյանը նրանց չընդունեց, նա զբաղված էր Ազատ գյուղում 15 զինծառայողների մահվան գործով։ Հայաստանում ոչ ոք չի հավատում, թե ՔԿ-ն կբացահայտի ողբերգության իրական մեղավորներին։ Քյարամյանի պարագայում ամուր հաստատվել է Փաշինյանի հնազանդ կամակատարի համբավը, իսկ Փաշինյանն արդեն նշանակել է մեղավորին...
Ոչ մի ոստիկան չի ենթարկվել քրեական պատասխանատվության
Չորս ամիս է անցել զինվորական պանթեոնի տարածքում տեղի ունեցած խայտառակ միջադեպից, սակայն ոչ մի ոստիկան քրեական պատասխանատվության չի ենթարկվել, թեև կադրերում հստակ երևում է, թե ինչպես են ոստիկանական համազգեստով տղամարդիկ կանանց գցում գետնին, ոտքերից բռնած քարշ տալիս դեպի ոստիկանական ավտոբուսներ, ոլորում ձեռքերը, որպեսզի ազատեն Փաշինյանի ճամփան դեպի շիրիմներ։
2022 թվականի սեպտեմբերի 21-ին հերոսների ծնողների նկատմամբ անարգանքի կադրերի հրապարակումից հետո շատերը վստահ էին, թե դրան անմիջապես կհաջորդի Ղազարյանի հրաժարականը ոստիկանապետի պաշտոնից։ Արդյունքում Ղազարյանը գլխավորեց ՆԳ նախարարությունը, ինչը նշանակում է, որ Հայաստանում ոստիկաններին թույլատրված է անպատիժ բռնության ենթարկել զոհված հերոսների ծնողներին։
Հաշվեհարդարից մի քանի օր անց հարուցված քրեական գործով առ այսօր, կրկնում եմ, ոստիկանության ոչ մի շարքային կամ սպա չի ենթարկվել պատասխանատվության։ Դեռևս չկա այն հարցի պատասխանը, թե ով է տվել զոհվածների ծնողների նկատմամբ բռնություն կիրառելու հրամանը։ Եվս մեկ անգամ ընդգծեմ, որ ծնողները նկարահանել են ծեծը, բռնի գործողությունների դրվագները փաստագրված են, մարդիկ ճանաչվել են տուժող. և ի՞նչ։ Ինչո՞ւ մեղավորները չեն ներկայացվել հասարակությանը։
Իսկ քանի դեռ նրանք չեն ներկայացվել, յուրաքանչյուրն իրավունք ունի եզրակացնելու, որ ծնողների նկատմամբ բռնություն կիրառելու հրամանը տվել է անձամբ Փաշինյանը, սեպտեմբերի 21-ին Եռաբլուրում տեղի ունեցած միջադեպը քաղաքական ենթատեքստ ուներ, հաշվեհարդարի հիմքում ռեժիմի պարագլխի միանձնյա քաղաքական որոշումն էր։ Այս տարի Վարչական դատարանն արդեն հասցրել է դատական նիստ անցկացնել Գարիկ Գալեյանի գործով (նախագահում էր դատավոր Ռոբերտ Մակեյանը), իսկ Վահիդ Սահակյանը տեղեկացրել է, որ առերեսումներն արդեն մեկ ամիս է, ինչ ավարտվել են։ Դատելով ամենից, ոստիկանների դեմ գործը կարգելակվի, բայց կադրերը կմնան, և ռեժիմի տապալումից հետո այդ կադրերում առկա ոստիկաններին կկանչեն հարցաքննության և կպահանջեն պատասխանել այն հարցին, թե ով է հրամայել ֆիզիկական հաշվեհարդար տեսնել զոհվածների ծնողների հետ։
Հունվարի 20-ին ՔԿ շենքի մոտ Գալեյանը կոչ արեց այս պահին ժամկետային ծառայության մեջ գտնվող բոլոր զինվորների ծնողներին դուրս գալ բողոքի ակցիայի՝ ի պաշտպանություն իրենց երեխաների անվտանգության։ Նա ասաց, որ 15 զինվորների սարսափելի մահից հետո ոչ ոք չի կարող վստահ լինել իր որդու անվտանգության մեջ: Առաջիկա օրերին ՔԿ-ի մոտ ակցիան կկրկնվի. ի՞նչ է այս անգամ ասելու Քյարամյանը տուժածներին։
Բարդակը ամենուրեք մնում է բարդակ
Երկրորդ և երրորդ նախագահների օրոք բանակում զինվորներին ելակ չէին մատուցում, բանակում շատ թերություններ կային, բայց զինվորները միշտ կուշտ էին և քնում էին զորանոցներում՝ հակահրդեհային բոլոր նորմերի պահպանումով:
Փողոցում անցկացված հարցումը ցույց տվեց, թե որքան արագ են մարդիկ մոռացել իրենց արժանապատիվ անցյալը: Մի՞թե զոմբիի վիճակում լինելն այդքան հարմարավետ է. ոչ մի բանի համար պատասխանատու չես, հեշտությամբ ընդունում ես, որ քեզանից ոչինչ կախված չէ, և ամեն ինչում մեղադրում նրանց, ովքեր եղել են Նիկոլից առաջ։
Մեր հարցին ամենից անաչառ պատասխաններ տվեցին նրանք, ովքեր ծառայել են զինված ուժերում երկրորդ և երրորդ նախագահների կառավարման տարիներին։ Այդ անցորդները հաստատեցին, որ ամեն ինչ էլ եղել է՝ սկսած «դեդովշչինայից» և ոչ կանոնադրական հարաբերություններից մինչև կրտսեր սպաների հետ կապված խնդիրներ, բայց երբեք չի եղել այն, ինչի մասին այսօր առավել հաճախ են խոսում, երբ խոսքը վերաբերում է բանակին. չի եղել բարդակ: Շատերը հիշում էին, որ գիշեր-ցերեկ հրամանատարների զգոն հսկողության տակ էին, որ իրենց հետ զբաղվում էին, արգելում ծխել։ Այսօր բանակում բարդակ է, որը Փաշինյանի կառավարման ամբողջ 5 տարիների հետևանքն է, ընդ որում՝ բարդակ ոչ միայն բանակում, այլ ամենուր. կառավարությունից մինչև համատիրություններ։
Օրերս հրապարակվեց կառավարության շենք մատակարարված ոգելից խմիչքների (վիսկի, կոնյակ, ռոմ) գնացուցակը։ Որոշ պատվերների առջև, ըստ հրապարակման, նշված է Փաշինյանի անունը։ Ի դեպ, առանց որևէ հրապարակումների էլ՝ ռեժիմի պարագլխի ուռած դեմքից երևում է, որ նա տառապում է ալկոհոլային կախվածությամբ։ Բարդակն ամենուրեք մնում է բարդակ։