Կարմիր խաչի միջնորդությամբ Արցախից 3 հիվանդ է տեղափոխվել Հայաստան

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ այսօր Արցախից Հայաստան 3 հիվանդ է տեղափոխվել: Տեղեկությունը հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

Հիվանդները մինչ այդ բուժում են ստացել ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոնում»։

Նրանց մոտ ախտորոշված է եղել «Ստամոքսի անտրալ հատվածի քաղցկեղ` ռեգիոնար լիմֆատիկ հանգույցների ախտահարումով», «Ձախ կրծքագեղձի քաղցկեղ» և «Զույգ ծնկների վալգուսային դեֆորմացիա, վիճակ հեմիէպիֆիզեոդեզից հետո»։

Հիշեցնենք, որ արցախյան բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։

«Արևիկ» բուժմիավորումում 9 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում: «Հանրապետական բժշկական կենտրոնում» 16 բուժառու գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 6-ը ծայրահեղ ծանր վիճակում են։

Նշենք, որ մինչ օրս Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան են տեղափոխվել ընդհանուր 49 հիվանդ։

Sputnik Արմենիա