ԿԽՄԿ-ի ուղեկցությամբ այսօր Հայաստանից Արցախ է տեղափոխվել 18, իսկ հակառակ ուղղությամբ 2 քաղաքացի
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ այսօր՝ հունվարի 27–ին, ընտանիքի հետ վերամիավորվելու նպատակով Հայաստանից Արցախ է տեղափոխվել 18 քաղաքացի, այդ թվում՝ երեխաներ։ Հակառակ ուղղությամբ՝ Արցախից Հայաստան էլ տեղափոխվել է 2 քաղաքացի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Կարմիր Խաչի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
Հիշեցնենք՝ Արցախի շրջափակման 47 օրերի ընթացքում սա երկրորդ դեպքն է, երբ Կարմիր Խաչի միջնորդությամբ և ուղեկցությամբ Հայաստանից Արցախ և հակառակ ուղղությամբ քաղաքացիներ են տեղափոխվում։
Ընտանիքի վերամիավորման նպատակով Կարմիր Խաչի ուղեկցությամբ հունվարի 20–ին էլ Արցախից Հայաստան էր տեղափոխվել 4, իսկ Հայաստանից Արցախ՝ 1 մարդ:
Շրջափակման հետևանքով մինչև այսօր Կարմիր Խաչի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան են տեղափոխվել 49 հիվանդ։