Արմեն ԳԵՎՈՐԳՅԱՆ․ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ ԲԱՑԱՀԱՅՏ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ Է ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ԴԵՄ

ԱԺ-ի փոխանցմամբ՝ հրապարակվել է ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանի ելույթը «Լաչինի միջանցքի շրջափակման հումանիտար հետևանքների շուրջ» քննարկման հարցով:

«Պարո՛ն նախագահ,

Ուզում եմ՝ մի քանի կարևոր փաստ արձանագրենք Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

1. Մի կողմ թողնելով հակամարտության քաղաքական և պատմական պատճառները՝ ֆիքսենք. շուրջ 120.000 մարդ 46 օր շարունակ գտնվում է շրջափակման մեջ: Նրանք մատնված են սովի և գոյատևում են ծայրահեղ պայմաններում: Դա տեղի է ունենում միայն այն պատճառով, որ նրանք հայ են և ցանկանում են ազատ ու արժանապատիվ կյանք ունենալ իրենց հայրենիքում:

2. Այսպես կոչված «էկոակտիվիստները», որոնք փակել են Լաչինի միջանցքով անցնող «կյանքի ճանապարհը», հատուկ պատրաստված «հատուկ գործակալներ» են և ֆինանսավորվում են Ադրբեջանի իշխանությունների կողմից: 30 տարվա ընթացքում Ադրբեջանում գազի և նավթի պաշարների կոռուպցիոն ու անարդար շահագործման դեմ «էկոակտիվիստների» կողմից բողոքի կամ հասարակական որևէ նշանակալից ակցիա տեղի չի ունեցել:

3. Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի պետական քաղաքականությունն այսօր բացահայտ հանցագործություն է մարդկության դեմ, որը պետք է անհապաղ դատապարտվի և պատժվի միջազգային իրավունքի շրջանակում՝ միջազգային կազմակերպությունների և կառավարությունների կողմից:

4. Ադրբեջանի քաղաքական ռեժիմը չի կարող համարվել վստահելի գործընկեր, ում հետ կարելի է բանակցել, քանի որ պարզապես չկա երաշխիք, որ որևէ պայմանավորվածություն կպահպանվի:

5. Էթնիկ զտումների պետական քաղաքականությունը դատապարտելը չի նշանակի, որ որևէ իշխանություն «կողմնակալ է»: Միջազգային իրավունքի համաձայն՝ հանցագործության իրականացումը թույլ տալը հավասարապես ապօրինի է: Պետական այս քաղաքականությունը չդատապարտելը ճանապարհ է բացում Ադրբեջանի ագրեսիայի համար, որը ձգտում է տարածաշրջանում հայերի ներկայությանը «վերջնական լուծում» տալ:

6. Ադրբեջանի քաղաքականության անպատժելիության պայմաններում, որն աջակցություն է ստանում Թուրքիայի կողմից, հայերը չեն կարող հույս դնել միջազգային երաշխիքների որևէ մեխանիզմի վրա, ինչը կստիպի Ադրբեջանին գործել որևէ «խաղաղության պայմանագրին» համապատասխան: Ուստի այդ խաղաղության գործընթացը չպետք է արհեստականորեն առաջ տարվի:

7. Նկատելի է որոշ շրջանակներում Հայաստանին առաջ մղելու, Ադրբեջանի պայմաններով արագ «խաղաղության գործարքի» հասնելու և այդպիսով Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական լանդշաֆտը փոխելու մղումը: Աներևակայելի է, որ Եվրոպան կուրորեն գնում է դեպի մեկ այլ ագրեսորի հետ նոր Մյունխենյան պայմանագիր կնքելու... Այս մտավախությունները հաստատվում են Հայաստանի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի նախագահի բացահայտ և հրապարակային տարածքային պահանջներով, որոնք տարօրինակ կերպով աշխարհում ոչ ոք չի ցանկանում տեսնել:

8. Առանց տարածաշրջանի բոլոր ժողովուրդների շահերը պատշաճ կերպով հաշվի առնելու, առանց այդ ազգերից յուրաքանչյուրի եզակի պատմական և քաղաքակրթական դերը մեր տարածաշրջանում ընդունելու՝ նման «արագ խաղաղության պայմանագիրը» չի ապահովի երկարաժամկետ խաղաղություն և կայունություն մեր տարածաշրջանում:

Եվ վերջապես.

«Պաշտպանելու պատասխանատվություն» քաղաքական հայեցակարգը և «անջատում հանուն փրկության» իրավական դոկտրինը պետք է համարվեն լիովին վերաբերելի Լեռնային Ղարաբաղի դեպքում:

Եթե ոչ այս դեպքում, ապա որտե՞ղ:

Եթե ոչ հիմա, ապա ե՞րբ»:

Panorama.am