ՀՀ ՔԿ․ Սյունիքում զինվորը վիրավորվել է գլխի շրջանում, ձերբակալվել է ծառայակիցը

ՊՆ N զորամասի զինծառայող Ա. Ա.-ի հրազենային վիրավորում ստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (զենքի հետ վարվելու կանոնները խախտելը), ձերբակալվել է ծառայակիցը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

Երեկ երեկոյան ՊՆ–ն տեղեկացրեց, որ հունվարի 29-ին, նախնական տվյալով` զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով, հրազենային վիրավորում է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Ա. Ա.-ն:

«Հունվարի 29-ին՝ ժամը 17:00-ին, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Կապանի բաժնից հաղորդում է ստացվել, որ նույն օրը` ժամը 15:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի ավագի օգնական, պարտադիր ժամկետային զինծառայողը դիրքում ծառայություն իրականացնող մեկ այլ պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ա.Ա.-ին ամրակցված ԱԿ-74 տեսակի գործարանային համարի ինքնաձիգը լիցքաթափելիս արձակել է մեկ կրակոց։ Դրա հետևանքով վերջինս գլխի հատվածում ստացել է հրազենային վիրավորում և տեղափոխվել բուժհաստատություն»,–ասված է հաղորդագրության մեջ։

Զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի ավագի օգնական, պարտադիր ժամկետային զինծառայողը ձերբակալվել է։

https://www.investigative.am/news/view/dzerbakalutyn-zincarayoxin-aa-hrazenajin-viravorum-stanalu-depqov9.html

ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը քիչ առաջ Sputnik Արմենիային հայտնեց, որ զինվորին վիրահատել են, նրա առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։