Հովիկ Աբովյանի ապօրինի ունեցվածքը. դատախազությունը բռնագանձման պահանջ է ներկայացրել

Տավուշի նախկին մարզպետ Հովիկ Աբովյանից ապօրինի ծագում ունեցող անշարժ ու շարժական գույքի, խոշոր չափերի գումարի բռնագանձման պահանջ է ներկայացվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարանին` Հովիկ Աբովյանից և վերջինիս փոխկապակցված անձանցից հօգուտ ՀՀ–ի բռնագանձել 11 անշարժ գույք, որոնցից հինգը՝ Երևան քաղաքում, վեցը՝ Տավուշի մարզում։ Նշվում է, որ գույքի բռնգանձման անհնարինության դեպքում անհրաժեշտ է Տավուշի նախկին մարզպետից բռնագանձել դրանց միջին շուկայական արժեքները՝ 1 մլրդ 256 մլն 765 հազար դրամ։ Բացի այդ, պահանջ է ներկայացվել բռնագանձելու նաև երեք շարժական գույք, երկու իրավաբանական անձանցում մասնակցության իրավունք, չեխական ընկերությունում գնված բաժնետոմսերի ձեռքբերման արժեքը՝ 1 մլն 608 հազար 540 դրամ։

«389 մլն 257 հազար 456 դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել»,– տեղեկացնում են գլխավոր դատախազությունից։

Գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ այսպիսով արդեն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ ներկայացված քսանվեցերորդ հայցադիմումն է ընդունվել վարույթ:

Հիշեցնենք, որ Հովիկ Աբովյանը Տավուշի մարզպետ էր նշանակվել 2014 թ. մայիսի 15-ին, ազատվել էր այդ պաշտոնից 2018 թվականի հունիսի 1-ին։

Sputnik Արմենիա