ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՐԱԴՈՔՍԸ ԵՎ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՖԵՆՈՄԵՆԸ

Արցախի շրջափակումը շարունակվում է արդեն ավելի քան մեկուկես ամիս։ Հումանիտար առումով հանրապետությունում իրավիճակը հիրավի աղետալի է։ Չկա ջերմություն, չկա լույս, չկան նվազագույն պայմաններ սոցիալական օբյեկտների և արդյունաբերական արտադրության նորմալ գործունեության համար, չկա սնունդ և դեղորայք... Թվում է, թե վերոթվարկյալ ամենը ոչ մի հնարավորություն չի թողնում իրավիճակը շտկելու համար. հակառակը, պարզապես ստիպում է թևաթափ լինել:

Սակայն սոցիալական եվ առաջին հերթին ֆիզիկական անվտանգության խորացող ճգնաժամին ճիշտ հակառակ՝ Արցախում օրեցօր ամրապնդվում է սեփական ազատության և արժանապատվության համար պայքարելու վճռականությունը, դիտարկվում է ժողովրդի համախմբման, անկախության ազգային երազանքի շուրջ միավորման գործընթաց, ճիշտ այնպես, ինչպես 35 տարի առաջ։ 44-օրյա պատերազմի մարտական գործողությունների ավարտից 2 տարի անց արցախցիներն ասես ուժի, եռանդի և տոկունության նոր ներհոսք են ապրում։

Սա ասում ենք առանց սին պաթոսի որևէ նշույլի։ Բոլոր նրանք, ովքեր մշտապես կապ են պահպանում արցախցի հայրենակիցների հետ և օբյեկտիվ պատկերացում ունեն հանրապետությունում տիրող իրավիճակի մասին, կարող են հաստատել ասվածը։

Դրա հետ մեկտեղ՝ հաստատվում է մեր կողմից արդեն բազմիցս հնչեցված այն միտքը, որ Բաքվի ավտորիտար ռեժիմի նախաձեռնած շրջափակումը նպաստեց Արցախի հարցի վերադարձին միջազգային օրակարգ։ Նույնիսկ անկախ այն հանգամանքից, որ համաշխարհային քաղաքականության, ԶԼՄ-ների և հանրային ուշադրության սևեռակետը արդեն գրեթե մեկ տարի կենտրոնացած է Ուկրաինայի և նրա շուրջ զարգացող աշխարհաքաղաքական գործընթացների վրա, Արցախը, թեև մեզ համար ոչ բավարար չափով, բայց ստանում է ուշադրության իր բաժինը։ Եվ այդ բաժինն անշեղորեն կաճի Արցախի հայերի էթնիկ զտումներին շրջափակման միջոցով սկիզբ դնելու Ադրբեջանի փորձերի շարունակմանը զուգահեռ։

Ուստի Ալիևի ներկայիս գործողությունների արդյունքն էլ բնավ միանշանակ չէ։ Քանզի չնայած Արևմուտքի և Մոսկվայի հետ էներգառեսուրսների մատակարարման վերաբերյալ մի շարք հաջող պայմանավորվածություններին, խոշոր դերակատարներից ոչ մեկը մտադիր չէ հրաժարվել ղարաբաղյան խնդրի միջոցով ապշերոնյան բռնապետին վերահսկողության տակ պահելու հնարավորությունից։ Իսկ ղարաբաղյան խնդիր առանց իրենց պատմական հայրենիքում բնակվող հայերի չի կարող լինել սկզբունքորեն։

Եվ, վերջապես, արցախյան պարադոքսի ամենայուրահատուկ բաղադրիչներից մեկն այն փաստն է, որին, ցավոք, դեռևս ոչ ոք պատշաճ ուշադրություն չի դարձրել։ Բանն այն է, որ հանրապետությունում ստեղծված ծանր իրավիճակը նպաստեց այնտեղ նոր և ուժեղ առաջնորդի ի հայտ գալուն, որի կայացումն անիրագործելի կլիներ նախքան շրջափակումն Արցախի դանդաղընթաց քաղաքական գործընթացների պայմաններում։ Դեռ պարզ չէ՝ արտաքին կենտրոնների նախաձեռնությամբ, թե օբյեկտիվ հանգամանքների բերումով, սակայն շրջափակված Արցախը կյանք տվեց Ռուբեն Վարդանյան անունով եզակի ֆենոմենին։

Այդ մարդն առավելագույնս կարճ ժամանակահատվածում գործարարից ու բարեգործից վերածվեց քաղաքական գործչի, որն իր կյանքի գլխավոր առաքելությունը կապել է փաստացի մենության մեջ մնացած արցախահայության ճակատագրի հետ։ Ասվածը բնավ ներբող չէ Վարդանյանին, այլ փաստի արձանագրում, քանզի քաղաքական-պատմական այլ հանգամանքներում այդչափ սրընթաց և արդյունավետ փոխակերպում տեղի չէր ունենա։ Եվ դրանում կա անձամբ Ալիևի լուման, որը նպաստեց, որպեսզի միջազգային մեդիատարածքում ձևավորվի ազատության համար պայքարող մարտիկի կերպարը՝ ի հակադրություն իր ավտորիտար անձի։

Շրջափակման սկզբնական շրջանում Ալիևը Բերձորի միջանցքի բացման իր գլխավոր պայմանների թվում հնչեցրեց Վարդանյանին Ղարաբաղից անհապաղ վտարելու պահանջը, սակայն, արագ գիտակցելով իր սխալը, շուտով լռեց։ Ինչը լրացուցիչ վկայությունն էր այն բանի, որ Բաքվում այլևս չեն ուզում անձամբ գովազդել Վարդանյանին, որի մուտքը արցախ-ադրբեջանական հակամարտության քաղաքական դաշտ մեծ գլխացավանք դարձավ ալիևյան ռեժիմի համար։ Եվ դրանից ազատվելն արդեն այնքան էլ հեշտ չէ, քանի որ արցախցիների նոր փաստացի առաջնորդը անվերապահ հաջողությամբ յուրացնում է աշխարհի ամենահեղինակավոր մեդիահարթակները՝ միջազգային եթեր հեռարձակելով սեփական հողի վրա գոյատևման և ազատության համար ժողովրդի արդար պայքարի թեմայի լուսաբանումն ու հանրային քննարկումը։

Մի խոսքով, ակներև է հայ քաղաքական իրականության մեջ նոր նշանակալի գործչի սրընթաց և արդյունավետ կայացման փաստը։ Այդ ֆենոմենի համար խթան ծառայեց Ալիևի ահաբեկչական քաղաքականությունը, ինչպես նաև այդ քաղաքականության նկատմամբ Փաշինյանի համաձայնողական վերաբերմունքը։ Արդյունքում երկու ռեժիմների պարագլուխներն էլ վախենալու բան ունեն։ Հանձին Ռուբեն Վարդանյանի՝ Ալիևը ստացավ նոր կերտվածքի բնավ ոչ հասարակ «անջատողական առաջնորդ»։ Դե, իսկ թե ում ստացավ Փաշինյանը, կարծում ենք, ընթերցողն ինքը կկռահի։

Արցախյան պարադոքսն իսկապես չի դադարում զարմացնել…