ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՆԽԱՓԱՆ ԳԱԶ ԵՆ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ ՇՈՒՇԻՈՒՄ ԲՆԱԿՌԱԾ ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐԻՆ
Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանն օրերս իր ֆեյսբուքյան ընկերների ուշադրությունը հրավիրեց մի շատ հետաքրքիր հարցի վրա, որը, նրա խոսքերով, այսքան ժամանակ ինչ-որ կերպ դուրս է մնացել հանրության տեսադաշտից։ Մեր կողմից նշենք, որ մեր իրողությունների պարագայում միանգամայն սովորական է բաց թողնել նույնիսկ շատ կարևոր խնդիրները, սակայն տվյալ հարցն իսկապես արժանի է ուշադրության։ Իսկ հնչում է դա հետևյալ կերպ. որտեղի՞ց է գազ ստանում բռնազավթված Շուշին այն ժամանակահատվածներում, երբ Ադրբեջանն անջատում է Արցախի գազամատակարարումը։ Պատասխանը պարզ է և աննորմալության աստիճան ցինիկ. Հայաստանի Հանրապետությունից։
Այն մասին, որ գազամատակարարման լիակատար կամ մասնակի դադարեցումը դարձել է Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի ահաբեկչական միջոցներից և իրենց նպատակներին հասնելու համար թուրքերի ցեղասպան մեթոդներից մեկը, խոսելն ավելորդ է։ Առաջին անգամ դա տեղի ունեցավ նախորդ տարվա գարնանը՝ մարտի 8-ին, և տևեց 11 օր։ Հաղորդվում էր, թե Ադրբեջանի կողմից բռնազավթված հայկական տարածքներով անցնող հատվածում վնասվել է խողովակաշարը, որով բնական գազը Հայաստանից մատակարարվում է Արցախ։
Այն ժամանակ՝ 2022 թվականի գարնանը, Արցախի իշխանություններն առաջին անգամ մեղադրեցին Բաքվին խողովակաշարի վրա ադրբեջանական կողմի տեղադրած սողնակը փակելու մեջ։ Ըստ էության, կարելի է աննսխալ փաստել, որ մտացածին վերանորոգումը լոկ առիթ էր այդ փականը տեղադրելու համար։ Մարտի 21-ին Բաքուն կրկին փակեց մարտի 19-ին վերականգնված գազամատակարարումը, ինչով հաստատեց այսուհետ իր ձեռքում լծակի առկայությունը, որը թույլ է տալիս վերահսկել հայկական հանրապետության գազամատակարարումը։
Հունվարի 30-ին ՄԱԿ-ի միջազգային դատարանում կայացած լսումների ժամանակ իր ելույթում հետաքրքիր տվյալներ ներկայացրեց Հայաստանի շահերը ներկայացնող Լոուրենս Մարտինը։ Նա հիշեցրեց, որ դեկտեմբերի 15-ին Ադրբեջանի ԱԳՆ նամակում նշվում էր, որ Բաքուն վերահսկողություն չունի գազամատակարարումների նկատմամբ, և Ղարաբաղին գազ է մատակարարում Հայաստանը։ «Սակայն դեկտեմբերի 19-ին Ադրբեջանի մշտական ներկայացուցչի կողմից ՄԱԿ-ին ուղղված նամակում ասվում էր, որ Ղարաբաղի գազամատակարարումը դադարեցվել է տեխնիկական պատճառներով՝ հաշվի առնելով «եղանակային վատ պայմանները Ադրբեջանի լեռնային շրջաններում», իսկ այդ «խնդիրները» վերացնելուց հետո հարցերը լուծվել են։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Հայաստանը այդ խնդրի վրա հրավիրեց ՄԱԿ-ի դատարանի ուշադրությունը»,- ընդգծեց ամերիկացի մասնագետը։
Շրջափակման ընթացքում Ադրբեջանը 50 օրվա մեջ 5 անգամ տարբեր ժամանակահատվածներով ամբողջությամբ կամ մասնակի փակել է Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 13-ին, երբ դա արվեց առաջին անգամ, ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրեց հետևյալը.
«Արցախին գազամատակարարումը իրականացվում է Հայաստանից։ Նախորդ անջատումների ընթացքում (նկատի ունի մարտյան սադրանքը- Մ.Գ.) ադրբեջանցիները, օգտվելով իրենց իսկ ստեղծած առիթից, անարգել մոնտաժեցին նոր կարգավորիչ, որը հնարավորություն է տալիս ինքնուրույն անջատել միայն Ստեփանակերտ և մյուս հարակից հայկական բնակավայրեր միացնող գազամատակարարումը, իսկ հիմնականում ադրբեջանցի զինյալներով բնակեցված Շուշիում, Հադրութում և մյուս զավթված տարածքներում անվճար գազամատակարարումն անխափան շարունակվում է։
Հիմա ադրբեջանցի զինյալները անջատել են գազամատակարարումը։ Ինչպե՞ս պետք է վարվի հայկական կողմը, պետք է շարունակի՞ նույն հումանիտար աղետ նախաձեռնած զինյալներին անխափան գազամատակարարումը, թե՞ պետք է դա անի միայն Ստեփանակերտի գազամատակարարումը վերականգնելուց հետո, սա հռետորական հարց չէ…»։
ՀԱՐՑՆ ԻՍԿԱՊԵՍ ՀՌԵՏՈՐԱԿԱՆ ՉԷ։ Ինչպեսև ցանկացած այլ տրամաբանական հարց, որը վերաբերում է Հայաստանի և Արցախի շահերին և ՀՀ դե ֆակտո իշխանությունների գործողություններին։ Այնուամենայնիվ արժե վերջնականապես հստակություն մտցնել, քանզի իրավիճակն աղաղակող է նույնիսկ այն իրողությունների համար, որոնց պայմաններում մենք ապրում ենք այսօր։
Եվ այսպես, գազը Հայաստանից Արցախի Հանրապետություն է մտնում մայրուղային գազատարով։ Գրեթե մեկ տարի առաջ ադրբեջանցիները խողովակի վերանորոգման պատրվակով փական են տեղադրել, որը թույլ է տալիս փակել միայն հանրապետության հայկական մնացած հատվածին մատակարարվող գազը, դրանով իսկ ստանալով Արցախի վրա ֆիզիկական և հոգեբանական ճնշում գործադրելու ևս մեկ հնարավորություն։ Սակայն Շուշի և հանրապետության բռնազավթված այլ տարածքներ գազը մատակարարվում է անխափան։ Որովհետև Հայաստանի իշխանությունների մտքով անգամ չի անցնում փակել խողովակաշարը. նրանք հոգատար կերպով ջերմությամբ ապահովում են հիմնականում ադրբեջանցի զինվորականներով բնակեցված Շուշին։ Ընդ որում՝ անվճար։
Կրկնենք ևս մեկ անգամ. Փաշինյանի կառավարությունն անարգել գազ է տրամադրում Շուշին, Հադրութը և Արցախի այլ տարածքները զավթած ահաբեկչական ստորաբաժանումներին, մինչդեռ հայ բնակչությունը, այդ թվում՝ 30 000 երեխաներ և 20 000 տարեցներ, զրկված է գազից, և հետևաբար՝ առաջին հերթին ջերմությունից։ Աներևակայելի՛ է: Բայց հենց այդպես է որ կա: Կարո՞ղ էր արդյոք այլ կերպ լինել Հայաստանը զավթած թուրքական դրածոների պարագայում։ Հարցն այս, անշուշտ, արդեն հռետորական է…
Հիմա պատկերացնենք, թե Հայաստանում իսկապես հայկական իշխանություն է։ Արցախի գազամատակարարումը դադարեցնելու և ձմռան կեսին նրա բնակիչներին ցրտի դատապարտելու Բաքվի առաջին իսկ փորձերին ի պատասխան՝ Երևանից զգուշացում է հնչում այն մասին, որ անմիջապես դադարեցվում է գազամատակարարումը հանրապետության ողջ տարածք։ Այսինքն Շուշիում և Հադրութում տեղակայված ալիևյան ոճրագործները զրկվում են ջեռուցման հնարավորությունից և գազի հետ կապված մնացած բոլոր հարմարություններից։
Հնարավոր է, որ Ալիևը համառորեն շարունակեր կողպած պահել փականը Ստեփանակերտի ուղղությամբ։ Հնարավոր է՝ ոչ։ Բայց միանշանակ իրեն շատ ավելի շրջահայաց ու սթափ կպահեր։ Համենայնդեպս հայկական կողմը կունենար իրավիճակի վրա ազդելու գոնե մեկ բավական գործուն լծակ, ինչպիսիք այսօր չկան ընդհանրապես։ Ինչն էլ թույլ է տալիս Բաքվի ահաբեկիչներին այնքան լկտի ու սանձարձակ պահել իրենց, որքան թույլ են տալիս իրավիճակն ու աճող միջազգային ճնշումը։
Նախատեսվա՞ծ էր արդյոք նման բան թուրքական Էրդողան-Ալիև-Փաշինյան եռյակի կողմից այն ժամանակ, երբ անարգել, ընդամենը Նիկոլի «բանավոր պայմանավորվածությունների» հիման վրա հանձնվում էին 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ չնախատեսված հայկական տարածքները։ Տարածքներ, որոնք պետք է հայկական մնային՝ այնտեղ գտնվող ենթակառուցվածքի ռազմավարական օբյեկտների հետ մեկտեղ։
Հարցը, ինչպես արդեն կռահեցիք, հռետորական է…