ՉՉԵՂԱՐԿԵԼՈՎ ԻՐ «ԲԱՐԻ ԿԱՄՔԸ»
Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը Լաչինի միջանցքի վերահսկողությունն ապահովելու իրավազորություն կամ ֆունկցիա չունեն, քանի որ վերջինս գտնվում է ռուսական խաղաղապահ ուժերի վերահսկողության, ինչպես նաև Ադրբեջանի երաշխիքների ներքո: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը։
Նրա խոսքերով, 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ սևով սպիտակի վրա գրված է, որ Լաչինի միջանցքը մնում է ռուսական խաղաղապահ զորախմբի վերահսկողության տակ։ «Ընդ որում, եթե բուն Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ զորակազմը բառիս դասական իմաստով խաղաղապահությամբ է զբաղվում, այսինքն երկու հակամարտող կողմերի միջև է կանգնած՝ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի, ապա Լաչինի միջանցքում, որը ոչ միայն ճանապարհ է, այլև 5 կմ լայնությամբ տարածք է, իրականացնում է այդ տարածքի ուղիղ վերահսկում»,- ասաց ԱԺ փոխնախագահը:
ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. այո, Արցախի ապաշրջափակման իրավազորություն և գործառույթներ Հայաստանը չունի 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության համաձայն։ Սակայն այստեղ հարց է առաջանում. իսկ գոնե այդպիսի ցանկություն Երևանը ունի՞։ Հայաստանն իսկապես ցանկանո՞ւմ է վերականգնել Լաչինի միջանցքի լիարժեք գործունեությունը, թե՞ նրա համար շատ ավելի կարևոր է իրավիճակի քաղաքական գնահատականը և արձանագրումը, թե տեղի ունեցող ամենի համար պատասխանատու են Բաքուն և Մոսկվան։ Արցախի ապաշրջափակման համար կոնկրետ ինչ-որ բան անելու Երևանի ցանկության վերաբերյալ կասկածները կարելի է հիմնավորել փաստարկների մի ամբողջ փնջով։ Բայց տվյալ դեպքում սահմանափակվենք միայն մեկով, որն առավել քան ակներևաբար ցույց է տալիս հայկական իշխանության, մեղմ ասած, տարօրինակ դիրքորոշումը։
Գրեթե երկու ամիս շարունակ փակ է Արցախն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը, 120 հազար արցախցիներ գտնվում են լիակատար մեկուսացման մեջ, հումանիտար ճգնաժամը խորանում է օրըստօրե։ Այս խորապատկերին Երևանը նույնիսկ չի փորձում օգտագործել Բաքվի դիրքորոշման վրա ազդելու սակավաթիվ գործիքներից մեկը։ Խոսքը Հայաստանի օդային տարածքի մասին է, որը սիրահոժար տրամադրվել է Երևանի կողմից՝ Բաքվից Նախիջևան ադրբեջանական ինքնաթիռների թռիչքի համար։
Ժամանակին, այն է՝ 2021 թվականի աշնանը, Երևանը Բաքվի նկատմամբ բարի կամքի պոռթկումով բացեց իր երկինքն ադրբեջանական ինքնաթիռների համար։ Ի դեպ, այդ ծառայության դիմաց 2021 թվականի արդյունքներով Հայաստանին վճարվել է 32 հազար եվրո։ Եվ հետաքրքիր է, որ հայկական իշխանությունն իր բարի կամքի այդ քայլը առ այսօր չի չեղարկել։ Ավելին, անցած տարվա սեպտեմբերին՝ Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի օրերին, Երևանը չփակեց իր երկինքը ադրբեջանական քաղաքացիական ավիացիայի համար։
Այս պատմության մեջ կա ևս մեկ նրբերանգ։ Բանն այն է, որ 2021 թվականի հոկտեմբերին Հայաստանը ադրբեջանցիների համար բացեց իր երկինքն անմիջապես այն բանից հետո, երբ կտրուկ սրվեցին իրան-ադրբեջանական հարաբերությունները, և Իրանը փակեց իր օդային տարածքը դեպի Նախիջևան ադրբեջանական ինքնաթիռների թռիչքի համար։ Ըստ էության, Երևանն անմիջապես այլընտրանք առաջարկեց Բաքվին։ Հաշվի առնելով Բաքվի և Թեհրանի միջև հարաբերությունների ներկայիս սրացումը՝ ադրբեջանական ավիացիայի թռիչքների համար հայկական երկնքի փակումը կարող էր դառնալ120 հազար արցախցիներին պատանդ վերցրած Բաքվի վրա ազդելու որոշակի գործիք։ Բայց Երևանը դա չի անում, չի հրաժարվում իր «բարի կամքի քայլից», որը չի գնահատվել Ադրբեջանի կողմից և Հայաստանին բերել է ընդամենը մի քանի տասնյակ հազար եվրո։
Այո, Հայաստանը Լաչինի միջանցքի նկատմամբ վերահսկողություն ապահովելու իրավազորություն և գործառույթ չունի։ Այդ հարցում Ռուբինյանն իրավացի է։ Միայն թե պետք է ևս մեկ բան ճշտել։ Հայկական իշխանությունը կարծես թե ցանկություն էլ չունի, որ միջանցքը նորմալ գործի։ Հակառակ դեպքում խաղաղապահներից գանգատվելու փոխարեն կամ դրան (գանգատին) զուգահեռ քայլեր կձեռնարկեր, որոնք կհամապատասխանեին իր գործառույթներին ու իրավազորություններին. կչեղարկեր իր բարի կամքը ռազմատենչ թշնամու նկատմամբ…