97,4%-Ը ԴԵՄ Է. ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑՈՒՄ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ՀՀ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ 2%-Ի ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ
Հետաքրքիր միտումներ ակնհայտ դարձան Հայաստանում տիրող հասարակական տրամադրությունների մեջ, ինչը բացահայտվեց երկու օր առաջ, երբ Gallup International Association-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը ներկայացրեց հունվարին անցկացված հետազոտության արդյունքները: Խոսքը, մասնավորապես, «Ընդունելի՞ եք համարում Արցախի բնակչությանն ազգային փոքրամասնության կարգավիճակ տալը Ադրբեջանի կազմում» հարցին տրված պատասխանի և վերջին 7 ամիսներին այս հարցի վերաբերյալ դիրքորոշման դինամիկայի մասին է։
Կարճ ասած, դա կարելի է արտահայտել այսպես. որքան ավելի համառորեն են Հայաստանի իշխանությունները ձգտում վերջնականապես հանձնել Արցախը Ադրբեջանին, որքան ավելի անթաքույց ու ցինիկ է դառնում նրանց դիրքորոշումը ազգի համար ճակատագրական այս հարցում, այնքան ավելի քիչ է աջակցում նրանց երկրի բնակչությունը։ Արամ Նավասարդյանի խոսքերով, Ադրբեջանի կազմում Արցախի ազգային փոքրամասնության կարգավիճակ ունենալու հակառակորդների թիվն աճում է, ինչը պետք է ազդանշան լինի ինչպես իշխանությունների, այնպես էլ միջազգային կառույցների համար: Որպես ապացույց՝ նա ներկայացրեց 2022 թվականի մայիս և նոյեմբեր ամիսների, ինչպես նաև 2023 թվականի հունվարի հարցումների տվյալները։
2022 թվականի մայիսին այդ տարբերակը «միանշանակ ընդունելի» և «ավելի շուտ ընդունելի» են համարել համապատասխանաբար 1,5%-ը և 2,9%-ը։ Հարցվողների 6.0%-ը նշել է, որ դա «ավելի շուտ ընդունելի չէ», իսկ 83.3%-ը համարել է «բացարձակապես անընդունելի»: Նոյեմբերին արցախցիներին նման կարգավիճակի տրամադրումը «միանշանակ ընդունելի» և «ավելի շուտ ընդունելի» է համարել համապատասխանաբար 2,4% և 3,5%-ը, հարցվողների 9,3%-ի համար այդ տարբերակը «ավելի շուտ անընդունելի» էր, և միայն 80,4%-ն էր դա համարում «բացարձակ անընդունելի»։
Իսկ հունվարի հարցումների արդյունքներով այդ տարբերակը «միանշանակ ընդունելի» և «ավելի շուտ ընդունելի» է համարել հարցվողների 1,0%-ը, «ավելի շուտ անընդունելի»՝ 3,2%-ը, «բացարձակ անընդունելի»՝ 94,2%-ը: Նավասարդյանն ընդ որում նշեց, որ այդ պատկերը նաև Լաչինի միջանցքի արգելափակման Ադրբեջանի գործողությունների հետևանքն է։
Եվ այսպես, վերջին 7 ամիսներին գրեթե 11%-ով աճել է ՀՀ այն քաղաքացիների թիվը, որոնք անընդունելի են համարում Արցախի ընդգրկումն Ադրբեջանի կազմում։ Եվ միայն 1%-ն է համարում դա ընդունելի, ևս 1%-ը՝ ավելի շուտ ընդունելի։ Բուն հարցադրումը, թե որքանով է իշխանությունների դիրքորոշումն արտահայտում ժողովրդի տեսակետը, համաձայնեք, այս խորապատկերին անհեթեթ է, անտեղի ու անհնարին։
Մինչդեռ դե ֆակտո իշխող թիմը հաճախ դեմագոգաբար հայտարարում է, թե իբր՝ 2021 թվականի հունիսին ժողովուրդն իրենց մանդատ է տվել քաղաքականություն վարելու բացի ամենից նաև Արցախի հարցում։ Ընդ որում միանգամայն գիտակցաբար ոչ մի բառ չի ասվում այն մասին, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում, հետևաբար՝ նաև նախընտրական քարոզարշավի ընթացքում ընտրողներին մատուցվել է Արցախի հարցի վերաբերյալ արմատապես այլ դիրքորոշում։ Մեջբերում ներկայացնենք ՔՊ-ի ծրագրից՝ «Արցախի հարցը» վերնագրված բաժնից։
«Մոտակա տարիներին մեր գլխավոր խնդիրը պետք է լինի աղետալի պատերազմի հետևանքների վերացումը, ինչպես նաև Արցախի ժողովրդի անվտանգության ապահովումն ու Ղարաբաղյան հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորումը՝ հիմնված Արցախի ժողովրդի ինքնորոշման՝ առանց սահմանափակումների իրականացման վրա, որը բխում է Արցախի ժողովրդի գոյութենական վտանգներին դիմակայելու անհրաժեշտությունից։ Այն փաստը, որ մարդու իրավունքների զանգվածային խախտումների և զանգվածային ոճրագործությունների հետևանքով հայաթափվել են Արցախի բոլոր այն տարածքները, որտեղ հաստատվել է ադրբեջանական վերահսկողություն, մատնանշում է, որ Արցախի ժողովուրդը չի կարող գոյատևել Ադրբեջանի ենթակայության ներքո»։
Արձանագրենք, որ ծայրաստիճան ցածր հաճախելիության պայմաններում ՔՊ-ին կողմ քվեարկած ընտրողների 53,92%-ը համոզված էր, թե կողմ է քվեարկում Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը ինքնորոշման հիման վրա, քանի որ «Արցախի ժողովուրդը չի կարող գոյատևել Ադրբեջանի ենթակայության ներքո»։ Այսինքն ընտրություններում հաղթած կուսակցությունը պարզապես խաբել է և շարունակում է խաբել իր ընտրողներին։ Ինչը, սակայն, վաղուց արդեն նրա հիմնական բնորոշիչն է և, կարելի է ասել, կյանքի գլխավոր հավատամքը։
Անցնենք առաջ։ 2021 թվականի հուլիսի 15-ին Փաշինյանը՝ վարչապետի պաշտոնակատարի կարգավիճակով, կառավարության նիստում հայտարարում է. «Մենք նախանձախնդիր հետապնդելու ենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացմանը»։ Իսկ արդեն նույն թվականի օգոստոսի 26-ին, խորհրդարանում իր կառավարության ծրագրի քննարկման ժամանակ հանդես գալով եզրափակիչ ելույթով, Փաշինյանը առայժմ աննկատ, բայց արդեն փոխում է Արցախի հարցում իր դիրքորոշման տոնայնությունը։ Երկու մեջբերում ներկայացնենք նրա ճառից:
«Մենք չունենք ոչ մի ներքին մարտահրավեր: Մեր բոլոր մարտահրավերներն արտաքին են, և մենք պետք է կոնսոլիդացնենք մեր հանրությանը խաղաղության օրակարգի շուրջ…։ Այս օրակարգի տրամաբանությամբ պետք է ապահովենք Հայաստանի կայուն զարգացումը, Հայաստանի և Արցախի անվտանգությունը և քաղաքացիների երջանկությունը: Սա այն մանդատն է, որ ժողովուրդը տվել է մեզ, և մենք այս մանդատը պարտավոր ենք իրագործել»։
«Ուզում եմ ելույթս ավարտել կրկին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության բոլոր անդամներին շնորհակալության և գնահատանքի խոսքեր ասելով: Մենք իրար հետ այս ճանապարհն սկսել ենք՝ մեր աչքի առաջ երազանք ունենալով, և մենք չպետք է վախենանք գնալ այդ երազանքի ետևից: Այդ երազանքն ազատ, ուժեղ, երջանիկ Հայաստանն է, ազատ, ուժեղ, երջանիկ Արցախը»։
Մարդկային ու տարածքային նոր կորուստներով, նոր սարսափելի փորձություններով, նոր արհավիրքներով, անասելի վշտով, հասարակության է՛լ ավելի խոր հիասթափությամբ, հայոց պետության ու ժողովրդի ճակատագրի համար ահռելի տագնապով լի մեկուկես տարի անց մնում է թերևս միայն դառը քմծիծաղով արձանագրել. համա՜ թե «ուժ» ու «երջանկություն» բերեցիք Հայաստանին ու Արցախին…
Ինչ վերաբերում է «Քաղաքացիական պայմանագրի» անդամների «երազանքին», ապա դա, ամենայն հավանականությամբ, կատարվել է. երկիրը զավթած դավաճանների թիմը կես քայլի վրա է իր գլխավոր առաքելության իրականացումից՝ «Արցախ անունով գլխացավանքից» Հայաստանն «ազատելուց»։ Միայն թե այդ կես քայլն անել նրանց ոչ մի կերպ չի հաջողվում և ամենայն հավանականությամբ չի հաջողվի։
Եվ բանը միայն այն չէ, որ այս թիմը խաբել է իր ընտրողներին և չունի հայկական հողերը հանձնելու ոչ մի իրավունք և ոչ մի մանդատ։ Ամեն ինչ շատ ավելի լուրջ ու խորն է. փաշինյանական կուսակցության «երազանքն» ընդհանուր ոչինչ չունի և հիմնովին հակասում է հայ ժողովրդի արմատական, գոյաբանական շահերին։ Հարցվածների 94,2%-ի կարծիքը, որն արտացոլում է Հայաստանի քաղաքացիների իրական դիրքորոշումը, դրա լավագույն հաստատումն է։ Իսկ եթե հավելենք այն 3,2%-ին, ովքեր Արցախի բնակչությանը Ադրբեջանի կազմում ազգային փոքրամասնության կարգավիճակ տալը համարում են «ավելի շուտ անընդունելի», ապա ստացվում է, որ ընդհանուր առմամբ Հայաստանի բնակչության 97,4%-ը դեմ է իշխանությունների քաղաքականությանն Արցախի հարցում։
Իրական քաղաքականության համատեքստում դա վերջերս շատ հստակ արտահայտեց քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը. «Քաղաքական լուծումն այն է, որ Պրահայի պայմանավորվածությունները հայտարարվեն մեկ մարդու անձնական մոտեցում, որովհետև Հայաստանն այլ դիրքորոշում ունի, որը ներառում է Արցախի ինքնորոշման իրավունք և այդ հարցում Արցախին աջակցելու Հայաստանի հանձնառություն»: Եվ 97,4%-ի դիրքորոշումը նրանց օգնական, ովքեր վերջապես հանձն կառնեն այդ դիրքորոշման իրականացումը: