Լաուրա Լոհմանը հավաստիացրել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է զարգացնել համագործակցությունը Ադրբեջանի հետ

ԱՄՆ-ն մտադիր է խորացնել համագործակցությունը Ադրբեջանի հետ։ Բաքվում Հարավային գազային միջանցքի խորհրդատվական խորհրդում այս մասին ասել է էներգետիկ դիվանագիտության հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի խորհրդական Լաուրա Լոհմանը, հաղորդում է «ԱԶԵՐՏԱՋԸ»։

Նա նշել է, որ նախագահ Ջոզեֆ Բայդենը աջակցում է Կասպից ծովից Եվրոպա գազի արտահանմանը։ ԱՄՆ-ն աջակցել և կշարունակի աջակցել Հարավային գազային միջանցքի նախագծին` եվրոպացի գործընկերների էներգետիկ անվտանգությունը ապահովելու համար: «Հարավային գազային միջանցքը շատ կարևոր նախագիծ է Եվրոպայի համար, և Ադրբեջանը առաջատար դեր ունի մայրցամաքի էներգետիկ անվտանգության ապահովման գործում։ Սակայն Հարավային գազային միջանցքը կարևոր դեր է խաղում Եվրոպայի ոչ միայն էներգետիկ, այլև քաղաքական անվտանգության ամրապնդման գործում։ Այս նախագիծը հնարավորություններ է ստեղծում բազմաթիվ երկրների համագործակցության համար։ ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Կասպից ծովում արդյունահանվող բնական գազի Եվրոպա փոխադրմանը և օգնել Ադրբեջանին»,- ընդգծել է Լաուրա Լոհմանը։ Լաուրա Լոհմանը նշել է նաև, որ ԱՄՆ-ն, հաշվի առնելով աշխարհում առկա բնապահպանական խնդիրները, կարող է ներդրումներ կատարել Ադրբեջանում «կանաչ» էներգիայի արտադրության և արտահանման մեջ։

News.am