Silk Road Briefing․ ԱԴՐԲԵՋԱՆՆ ՈՒ ԻՐԱՆԸ ՄՈՏԵՆՈՒՄ ԵՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆԸ
Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա վերջերս տեղի ունեցած «ահաբեկչական» հարձակումը, որի հետևանքով զոհվել են դեսպանատան աշխատակիցները, երկու երկրներին մոտեցրել է պատերազմի, գրում է Silk Road Briefing միջազգային վերլուծական կայքը։
«Նման իրադարձությունը վնաս կհասցներ Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքին և կփակեր Կասպից ծովի երթուղիները ադրբեջանական նավահանգստից մինչև Իրանի կասպիական նավահանգիստներ, որոնք ապահովում են Եվրոպայից դեպի Պարսից ծոցի և Հարավային Ասիայի երկրներ ապրանքների մուտքը։ Դա կկրճատի ԵՄ-ի առևտուրը Ասիայի հետ միայն Սուեզի ջրանցքի տարբերակով և, հավանաբար, կսահմանափակի մուտքը դեպի միջին միջանցք Ղազախստանով:
Երկու երկրների միջև լարվածությունը կուտակվել է բազմաթիվ բաղադրիչների հետ միասին։ Դրանցից մեկը կապված է Իրանի հյուսիս-արևմուտքում բնակվող ադրբեջանական փոքրամասնության հետ, որը երկրում ունի մոտ 25-35 միլիոն էթնիկ ադրբեջանցիներ։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2022 թվականի դեկտեմբերին հայտարարել էր՝ «իրանցի ադրբեջանցիները մեր ազգի մի մասն են»։
Եվս մեկ կարևոր հարց է Ադրբեջանի արտաքին քաղաքական կապերը։ Բաքուն սերտորեն համագործակցում է Իրանի գլխավոր թշնամու՝ Իսրայելի հետ։ 2022 թվականի ընդամենը 10 ամիսների ընթացքում Ադրբեջանի և Իսրայելի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 1,2 միլիարդ ԱՄՆ դոլար՝ մասամբ «Աբրահամյան համաձայնագրերի» արդյունքում։ Բաքուն նավթ և նավթամթերք է մատակարարում Իսրայելին, ինչպես նաև գնում է բարձր տեխնոլոգիական զենք՝ երկակի նշանակության Էլեկտրոնիկա, հարվածային և հետախուզական անօդաչուներ, նավիգացիոն և օպտիկական համակարգեր, բարձր ճշգրտության զինամթերք։ Բոլորովին վերջերս երկու երկրները պաշտոնապես ձևակերպեցին այդ հարաբերությունները՝ բացելով փոխադարձ առևտրային ներկայացուցչություններ։ Ադրբեջանի կառավարությունը նաև հայտարարել է Թել Ավիվում դեսպանատուն բացելու մասին։
Իրանում Իսրայելի գործունեությանը թշնամաբար են վերաբերվում։ Ադրբեջանը սահմանակից է Իրանին ցամաքով և Կասպից ծովով, որը Իրանը դիտարկում է որպես պոտենցիալ միջանցք իսրայելական հատուկ գործողությունների ուժերի կողմից որպես հենակետ օգտագործելու համար՝ Իրանին հարվածներ հասցնելու համար։ Տեսականորեն Իսրայելը կարող էր Ադրբեջանի տարածքն օգտագործել անօդաչուների օպերատորներ տեղակայելու, իր կործանիչները լիցքավորելու և դիվերսիոն խմբերի համար որպես բազա օգտագործելու համար։ Թուլացած Իրանը թույլ կտար Ադրբեջանին հավակնել Իրանի երկու Նահանգներին՝ Արևմտյան և Արևելյան Ադրբեջանին և, հնարավոր է, Արդեբիլին»,-նշում է վերլուծական կայքը։
Հոդվածի հեղինակ Քրիս Դենվոնշիր-Էլիսի կարծիքով՝ ևս մեկ վիճելի հարց է «Զանգեզուրի միջանցքի» նախագիծը։
«Ադրբեջանը ցանկանում է ուղիղ ճանապարհ հարթել դեպի Նախիջևանի էքսկլավ և ընդլայնել այն մինչև Թուրքիա։ Երթուղին պետք է անցնի Սյունիքի մարզով։ Նախագծի իրականացումը կարող է Իրանին կտրել Հայաստանից, հետևաբար՝ խանգարել ԵՏՄ երկրների հետ Թեհրանի առևտրին։
Բացի այդ, միջանցքի կառուցումը կհանգեցնի Թուրքիայի՝ տարածաշրջանում հետագա ամրապնդմանը։ Իրանը ԵՏՄ-ի հետ ազատ առևտրի մասին շահավետ համաձայնագիր ունի, և այդ նախագիծը կարող է խանգարել առևտրի աճող ծավալներին»,-ասվում է հոդվածում։
Վերլուծական կայքը նշում է, որ Իրանի անհանգստությունն աճել է այն բանից հետո, երբ 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի և Հայաստանի սահմանին՝ Ղարաբաղից դուրս, տեղի ունեցան լայնածավալ բախումներ։
«Բաքուն ցույց տվեց, որ պատրաստ է այդ հարցը լուծել ուժային ճանապարհով։ Թեհրանն այն ժամանակ հայտարարեց, որ չի հանդուրժի սահմանների փոփոխություն։ Սյունիքի մարզի վարչական կենտրոն Կապան քաղաքում Իրանի հյուպատոսության բացումը Հայաստանի աջակցության վառ վկայությունն էր։ Ի պատասխան՝ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը խոստացավ իր հյուպատոսությունը բացել Թավրիզ քաղաքում, որը համարվում է իրանցի ադրբեջանցիների մայրաքաղաքը։
Դրանից հետո Իրանն ու Ադրբեջանը սկսեցին մկանախաղը։ Անցյալ տարվա հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Բաքուն և Թեհրանը զորավարժություններ անցկացրեցին սահմանամերձ շրջաններում և փոխանակվեցին կտրուկ հայտարարություններով։ Իրանցի պատգամավոր Մոհամմադ Սաֆային բացատրեց, որ այդ քայլերն ուղերձ էին բոլոր չարակամներին։ Նրա խոսքով՝ Իսլամական Հանրապետության դեմ ցանկացած գործողություն «թանկ կնստի թշնամիների վրա»։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ Բաքուն ստիպված է եղել զորավարժություններ սկսել՝ «ցույց տալու համար, որ իրենք չեն վախենում»։ «Մենք կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի պաշտպանենք Ադրբեջանի և ադրբեջանցիների, այդ թվում՝ Իրանում բնակվող ադրբեջանցիների զարգացման աշխարհիկ վեկտորը»,-ասել է նա։ Դա արձագանք է Ուկրաինայի արևելքում բնակվող էթնիկ ռուսների նկատմամբ Ռուսաստանի դիրքորոշմանը»,-նշում է կայքը։
Հոդվածագիրն ընդգծում է, որ ԱՄՆ-ն անձամբ շահագրգռված կլինի, որպեսզի Իրանը պարտվի Ադրբեջանի հետ հակամարտությունում և աջակցի ռեժիմի փոփոխությանը:
«Եթե արդյունքում Իրանը կորցնի տարածքը, դժվար թե ԱՄՆ-ն շատ անհանգստանա։ Ավելի կարճաժամկետ հեռանկարում զգալի խափանումներ կլինեին դեպի արևելք եվրոպական առևտրում, ինչը կհանգեցներ Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի և միջին միջանցքի բոլոր շուկաներում գների բարձրացմանը: Երկարաժամկետ հեռանկարում, Եթե Թեհրանում ռեժիմի փոփոխություն տեղի ունենա, ապա Հյուսիս-Հարավ միջանցքն ավելի մեծ ազդեցություն կունենա Արևմուտքի վրա։ Սա օպտիմալ արդյունք է ԵՄ-ի և Միացյալ Նահանգների համար։ Այն, թե ինչպես դա կազդի ռուսական առևտրի վրա, կախված կլինի Իրանի ցանկացած ապագա կառավարության կազմից, ինչպես նաև պատժամիջոցների և Ռուսաստանի հետ հարաբերությունների ցանկալիության վերաբերյալ նրանց դիրքորոշումից»,-եզրափակում է հոդվածագիրը։