Եվրամիությունը, հաջորդելով ԱՄՆ-ին, ՌԴ-ի հետ թռիչքների վերականգնման վերաբերյալ զգուշացում է արել Վրաստանին
Եվրամիությունը զգուշացրել է Վրաստանին զգոն լինել՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների շրջանցումը կանխելու համար և կոչ է արել աջակցել ավիացիոն պատժամիջոցներին, գրում է «Նովոստի-Գռուզիան»։
Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի արտաքին կապերի ծառայության մամուլի խոսնակ Փիթեր Ստանոն՝ մեկնաբանելով Վրաստանի և Ռուսաստանի միջև ուղիղ չվերթների վերականգնման հնարավորության մասին քննարկումները։
«Ուկրաինայի դեմ Ռուսաստանի անօրինական ագրեսիայի պատճառով ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել ռուսական ավիացիայի նկատմամբ․․․ ԵՄ-ն Վրաստանին կոչ է անում միանալ ԵՄ-ի և այլ երկրների կողմից Ռուսաստանի դեմ ավիացիոն ոլորտում կիրառվող պատժամիջոցներին և զգոն լինել՝ պատժամիջոցներ շրջանցելու հնարավոր փորձերից», - ասված է լրատվականի հարցմանն ի պատասխան Ստանոնի հաղորդագրության մեջ։
Միաժամանակ նա նշել է, որ ԵՄ պատժամիջոցների ռեժիմը քննարկում է՝ Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների հնարավոր շրջանցմանը մասնակիցների կամ աջակցողների դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցը։
Բացի այդ, Եվրամիության ներկայացուցիչը զգուշացրել է, որ գործող պատժամիջոցների պատճառով Ռուսաստանի համար դժվար է թարմացնել ինքնաթիռների պարկը, և դրանց շահագործումը վտանգավոր է դառնում։
Ավելի վաղ ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել էր, որ Վրաստանի և Ռուսաստանի միջև թռիչքների վերսկսումը պատժամիջոցների սպառնալիք է վրացական օդանավակայաններում ռուսական ընկերություններին սպասարկող ընկերությունների դեմ։
News.am