ՅՈԼՅԱՆԻ «ԱՏՈՄԱՅԻՆ» ՃԱՆԱՊԱՐՀԸ. ԻՆՉՊԵՍ ԽՈՐՈՎԱԾՆ «ՕԳՆԵՑ» ԱՎԵԼԱՑՆԵԼ ԵՐԿՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Ժամանակակից աշխարհում հակամարտությունների թվի ավելացման, Արևմուտքի և ՌԴ-ի միջև առճակատման սրման, ինչպես նաև միջուկային զինանոցի մասին խոսակցությունների ֆոնին Sputnik Արմենիայի սյունակագիրը հիշում է Համո Յոլյանի փառահեղ կենսագրությունը։
Մոսկվայում, ըստ մի շարք ԶԼՄ-ների, սկսել են կառուցել հակաօդային պաշտպանության օբյեկտային համակարգ, բացի գոյություն ունեցող արտաքին համակարգից, որը տեղադրված է մեգապոլիսի շուրջը։ Թերթերը նշում են, որ զինվորականները հավանաբար ինչ-որ բան գիտեն ու ապահովագրվում են, և դա ճիշտ քայլ է։
Բայց քչերը գիտեն, որ առաջին անգամ Մոսկվայի շուրջը մարտական հերթապահություն է կազմակերպվել 1955 թվականին, ինչը երկար ժամանակ երկինքը հեռու է պահել բոլոր տեսակի փորձանքներից: Դա աշխարհում առաջին (ավելի շուտ, քան ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում) հակաօդային պաշտպանության «Բերկուտ» զենիթահրթիռային համակարգն էր, որը ստեղծել է Համո Սերգեյի Յոլյանը։
Պաշտոններ, կոչումներ, պարգևներ դեռ չեմ նշում։ Ոչ թե այն պատճառով, որ դրանք շատ են, այլ որովհետև Յոլյանի կյանքում արտառոց իրադարձությունները սկսվել էին պատասխանատու պաշտոններից, բարձր մրցանակներից, պատվավոր կոչումներից և նույնիսկ Մոսկվան հուսալիորեն փակող երկնային վահանից շատ առաջ:
Մեր` չափազանց քաղաքականացված ժամանակակիցներից շատերը գուցե զարմանան, բայց նա ծնվել է Բաքվում, այնտեղ է ավարտել պոլիտեխնիկական ինստիտուտը և արդեն մեկ տարի անց դարձել Բաքվի Կիրովի անվան մեխանիկական գործարանի տնօրենը։ 28 տարեկանում: Եվս մեկ անգամ նշենք՝ Բաքվում։
Ադրբեջանում աշխատող հայը 1935 թվականին վրացի Օրջոնիկիձեի հրամանով մեկնել է Ամերիկա՝ ավելի մեծ փորձ ձեռք բերելու։ Ֆորդի գործարաններից մեկում Յոլյանը ծանոթացել և ընկերացել է մի հայի հետ։ Կարո՞ղ եք կռահել՝ հետո ինչ է եղել։
...Համոն խորոված սարքելու վարպետ էր, իսկ ամերիկահայը՝ ընդամենը աշակերտ, բայց պետք է ասել` ջանասեր աշակերտ։ Այստեղ մտորելու առիթ կա. ի պատասխան Յոլյանի սիրալիրությանը՝ ամերիկահայը ԽՍՀՄ-ի համար շատ անհրաժեշտ գծագրեր տրամադրեց ստաժորին, ինչից հետևում է, որ Խորհրդային Միությունից ժամանած երիտասարդի հետաքրքրությունների շրջանակը չէր սահմանափակվում Ֆորդի ավտոմոբիլային արտադրության գործընթացով։ Եթե այդպես է, ապա ավելի լավ ԽՍՀՄ-ի համար, թեև Յոլյանի մասին կենսագրական հուշերից ոչ մեկում չի հիշատակվում, որ նա կապ է ունեցել հետախուզության հետ։ «Նա երկիր վերադարձավ գծագրերի մեծ պաշարով և տարբեր տեխնոլոգիական փաստաթղթերով»։ Թերևս այսքանը։
1937-ին Յոլյանն արդեն Մոսկվայի փամփուշտների գործարանի տնօրենն էր, նախապատերազմական 1940-ին նույն պաշտոնն էր զբաղեցնում Գորկի քաղաքի (Նիժնի Նովգորոդ) հրետանային գործարանում, որտեղ աշխարհում առաջին անգամ կիրառվեց թնդանոթների հոսքային արտադրության տեխնոլոգիան (շնորհակալություն Հենրի Ֆորդին)։
Պատկերը թվերով ներկայացնենք։ Նախապատերազմական շրջանում գործարանը ամսական մոտ 500 սարք էր արտադրում, ապա արտադրության արդիականացումից հետո այդ ցուցանիշը տասնյակ անգամ ավելացավ: Ընդհանուր առմամբ պատերազմի տարիներին նրա գործարանում արտադրվեց տարբեր տրամաչափի ավելի քան հարյուր հազար թնդանոթ, և դա ավելի շատ է, քան այն, ինչ նացիստական Գերմանիայի ամբողջ ռազմարդյունաբերական համալիրը կարողացավ արտադրել նույն տարիներին:
Դարաշրջանների երկխոսություն: «Washington Examiner»-ը գրում է, որ այսօր Ռուսաստանի պաշտպանական արդյունաբերությունը գրեթե կրկնապատկել է զինամթերքի արտադրության ծավալները։
Ամերիկյան քաղաքական ամսագիրը գրում է, որ այս սթափեցնող միտքն ընդգծում է նախազգուշացումներն այն մասին, որ Ռուսաստանը հսկայական ռեսուրսներ ունի, իսկ արևմտյան պաշտպանական ընկերություններն անհրաժեշտ քայլեր չեն ձեռնարկել Ուկրաինային համարժեք մատակարարումներ ապահովելու համար՝ պատրաստվելով ապագա սպառնալիքներին։
Իսկ ահա Յոլյանը ժամանակին ձեռնարկել էր։ Երբ պատերազմից առաջ Ստալինի հրամանով դադարեցվեցին «ԶԻՍ-2» հրացանների արտադրության աշխատանքները, Յոլյանը հրամայեց. «Արտադրության մեջ անավարտ բոլոր «ԶԻՍ-2»- ները հավաքել, կոնսերվացնել և վերացնել։ Պահպանել բոլոր տեխնոլոգիական սարքավորումները և տեխնիկական փաստաթղթերը»:
Ընդամենը մի քանի ամիս անց պատերազմը հենց այդպիսի թնդանոթի արտադրություն պահանջեց, և այդ պահինՅոլյանը զեկուցեց Ստալինին, որ նրա պահանջը չի կատարել և պատրաստ է անմիջապես վերսկսել «ԶԻՍ-2»-ի արտադրությունը։
Այդ ժամանակ (1942 թ.) Յոլյանն արդեն Խորհրդային Միության հերոս էր, ավել ուշ՝ գեներալ-մայոր, սպառազինությունների նախարարի տեղակալ, դրանից ուշ՝ Ստալինյան չորս մրցանակների դափնեկիր։ Նույն թվով Լենինի շքանշաններ ուներ, ինչպես նաև Սուվորովի շքանշան, Հայրենական պատերազմի, Աշխատանքային կարմիր դրոշի երկու շքանշան, էլ չեմ խոսում մեդալների մասին:
Հայտնի է, որ մարտի դաշտում դափնեկիրներ չեն դառնում, այդ դեպքում ինչի՞ համար են Յոլյանին չորս անգամ դափնեկիր «դարձրել»։ Եթե երկու բառով ասենք` միջուկային զենքի ստեղծման աշխատանքների համար։
Սպառազինության նախարարի տեղակալի պաշտոնի հետ կապված հետաքրքիր պատմություն է եղել։ Այդ ժամանակ նախարարը Դմիտրի Ուստինովն էր (հետագայում՝ Խորհրդային Միության մարշալ, ԽՍՀՄ պաշտպանության նախարար, Կենտրոնական Կոմիտեի Քաղբյուրոյի անդամ), սակայն նա հիվանդանոցում էր հայտնվել, սպասելու ժամանակ չկար, և որոշվեց այդ պաշտոնում Յոլյանին նշանակել։
«Ընկեր Ստալին, ողջ Ուստինովի օրոք չեմ կարող առաջարկն ընդունել», - հաստատակամ հայտարարեց Յոլյանը։
Ժողովուրդների հայրը ըմբոստ Յոլյանի վարքը գնահատեց որպես «տղայական չարություն», բայց գործը խոսքից այն կողմ չգնաց:
Այլ հարց կար։ Երկիրը միջուկային զենք ու դրանց համար նախատեսված զինամթերք էր ստացել, և Յոլյանն առաջին ատոմային ռեակտորների համար սարքավորումների մշակման և արտադրության ձեռնարկության տնօրենը դարձավ։ Գործը նոր էր, չզարգացած, տեղ-տեղ՝ լրիվ անծանոթ։ Հատկապես՝ ագրեսիվ միջավայրի նկատմամբ դիմացկուն մետաղական մասերի պաշտպանության մասով։ Ի՞նչն օգնեց: Չեք հավատա, բայց կրկին Յոլյանի կապվածությունը մանղալին:
Մի օր շուկա գնաց՝ գառան թարմ միս գնելու, և նրա ուշադրության կենտրոնում հայտնվեց գնչու թիթեղագործի աշխատանքը։ Հետաքրքրեց։ Ստուգելու համար մի քանի իր տվեց անագապատելու համար, հետո հանձնեց գործարանի լաբորատորիա՝ հետազոտության: Արդյունքն ավելի հետաքրքրեց։ Գնչուին բերեց, տեղ հատկացրեց, ներկայացրեց տեխնոլոգներին, բացատրեց՝ ինչն ինչոց է, ու լավ վարձատրություն խոստացավ։
Գնչուն էլ միամիտ չէր (ընդհանրապես որտե՞ղ եք միամիտ գնչու տեսել) և որոշեց, որ սա մրցակիցների ինտրիգներն են, որոնք փորձում են գողանալ իր արտադրական գաղտնիքները և խաբել: Բայց երբ Յոլյանը նրա առջև հայտնվեց գեներալի համազգեստով՝ շքանշաններով և մեդալներով, զգաստացավ։ Եվ ահա գեներալի խոստումը. «Շուկայի գործիդ չենք խանգարի։ Այնպես որ խնդրում եմ, սիրելի ընկեր, քո գաղտնիքները փոխանցիր պետությանը: Ձեռքի հետ էլ լավ գումար կաշխատես»։
... Յոլյանը մահացավ 1965 թվականի հունվարին, բայց մահից շատ առաջ նրան հեռացրել էին մեծ գործերից․ հանձնարարել էին մանր-մունր բաներով զբաղվել։ Որովհետև նրան Բերիայի մարդ էին համարում: Չնայած ԽՍՀՄ–ի ատոմային մեծ նախագծի մասնակիցներից ո՞ր մեկը (հարգարժան ակադեմիկոսներ Կուրչատովից և Ալեքսանդրովից մինչև աճող գիտնականներ) չի աշխատել Բերիայի գլխավորած «գրասենյակում»:
Յոլյանին թաղեցին առանց գեներալի զինվորական պատիվների (ԿԿ-ն արգելել էր), դագաղի հետևից գնում էր մարդկանց մի փոքր խումբ, որոնց հասցրել էին տեղեկացնել հարազատները: Ցավալի է։