Սիրիայում երկրաշարժի հետևանքով վնասվել են Հալեպի Կիլիկյան ճեմարանը և Մխիթարյան վարժարանը
Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով վնասներ են կրել Հալեպի Կիլիկյան ճեմարանը և Մխիթարյան վարժարանը, տեղեկությունը հայտնում է «Արևելքը»։
«Հալեպի Կիլիկյան ճեմարանի տնօրենությունը հայտնում է, որ դպրոցի շենքը վնասներ է կրել. դադարեցվել է ճեմարանի աշխատանքը` մինչև ստուգվի շենքի ամրությունը»,–գրում է պարբերականը։
Նշենք, որ Կիլիկյան ճեմարանը հիմնվել է 1921 թվականին՝ Կիլիկիայից գաղթած հայ գործիչների նախաձեռնությամբ։ 1921-1960 թվականներին կոչվել է Կիլիկյան գաղթականաց վարժարան։
Ինչ վերաբերում է Մխիթարյան վարժարանին, ապա այն նույնպես կրել է նյութական վնասներ` ճաքել են կառույցի պատերը, տեղի է ունեցել քարաթափում:
Մխիթարյան վարժարանը հիմնվել է 1936 թվականին՝ Վենետիկի Մխիթարյան միաբանության կողմից։ Վարժարանի հիմնադրումն իրականացրել է Վրթանես Խանպեկյանը։ 1936-1938 թվականներին կոչվել է Հայ կաթողիկե վարժարան, 1938 թվականին՝ վերանվանվել Մխիթարյան վարժարան։
Sputnik Արմենիա