ՏԱԿԱՆՔՆԵՐԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԿԱՄ՝ Ի՞ՆՉ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԵՆ ԱՐՍԵՆՅԱՆՆԵՐԸ ԲԱԺԱՆՈՒՄ ՀԱՅԵՐԻՆ «ԱՌԱՋՆԱՅԻՆՆԵՐԻ» ԵՎ ՈՉ ԱՅՆՔԱՆ

Բերձորի միջանցքի շրջափակման վերաբերյալ ԱԺ լսումների ժամանակ իշխող կուսակցության խմբակցության միակ ներկայացուցչի կողմից միտումնավոր հրահրված սկանդալը, առանց չափազանցության, վրդովմունքի փոթորիկ բարձրացրեց հասարակության մեջ և սոցցանցերում: Գրիչ կեղտոտել՝ գրելով մի մարդու մասին, որը համաձայնել է ստանձնել այդ զազրելի դերը, անկեղծ ասած, ամենևին ցանկություն չկա։ Սակայն Արսենյանի բուն մասնակցությունը լսումներին և իր ներկայիս տերերի հանձնարարությամբ հնչեցրած մեսիջներն արժանի են ուշադրության՝ հստակ հասկանալու համար իշխանությունների դիրքորոշումը առնվազն այսօր ամենաարդիական հարցի՝ Արցախի շրջափակման համատեքստում։

Միանգամայն ակնհայտ է, որ Արսենյանին հատուկ ուղարկել էին լսումներին մասնակցելու՝ միանգամայն հստակ և անթաքույց նպատակներ հետապնդող այդ մեսիջները հնչեցնելու համար։ Այդ նպատակներն արտացոլեց նրա ասածներից առավել առանցքային արտահայտությունը, որն էլ այդչափ բուռն արձագանք առաջացրեց։ Ասենք, իր նողկալիությամբ բացառիկ առաքելությունը կատարելու համար Փաշինյանի կողմից հենց այդ անձի ընտրությունն արդեն իսկ յուրօրինակ մեսիջ էր թե՛ լսումները կազմակերպած ընդդիմությանը, թե՛ միջոցառմանը լայնորեն ներկայացված փորձագիտական հանրությանը։

Նախևառաջ պետք է արձանագրել այն փաստը, որ իշխող խմբակցությունն անտեսեց լսումները մի թեմայի շուրջ, որը կարծես թե առանձնակի հակասություններ չի առաջացնում իշխանության և ընդդիմության միջև։ Արցախում հումանիտար ճգնաժամի և Ադրբեջանի իրական նպատակների, այդ թվում՝ էթնիկ զտումների և ցեղասպանության մասին, իշխանության ներկայացուցիչներն իրենք էլ շատ ու հաճախ են խոսում վերջին գրեթե 2 ամիսներին։

Եթե տեղի ունեցող ամենի գնահատականներում ՔՊ-ն տարաձայնություններ չունի ընդդիմության հետ, եթե ԵԽԽՎ վերջին նստաշրջանում իշխանամետ պատգամավորները հանդես էին գալիս ընդդիմադիր գործընկերների հետ միասնական հարթակով, եթե դե ֆակտո արտգործնախարարը գրեթե ամեն օր ասում է այդ ամենը իր միջազգային հանդիպումների ժամանակ, եթե, ի վերջո, փաշինյանական ուսապարկերն իսկապես անկեղծորեն շահագրգռված են, որ միջանցքը բացվի, իսկ հումանիտար աղետը կանխվի, ապա ինչո՞ւ չեն մասնակցում լսումներին։

Եվ ինչո՞ւ էր պետք խորհրդարան ուղարկել իր միայն մեկ ներկայացուցչի՝ ի դեմս խմբակցության ամենախորշելի անդամներից մեկի։ Չէ՞ որ հենց Գուրգեն Արսենյանն է, Վիգեն Խաչատրյանի հետ մեկտեղ, որ լինելով վառ արտահայտված քաղաքական հողմացույց և անսկզբունքայնության ու երեսպաշտության մարմնացում, այն էլ պատգամավորական մանդատի համար Նիկոլին պարտական, առավել հաճախ վերջինիս կողմից օգտագործվում ամենից հակահայկական, ամենանսեմ ու ստոր մտքերը հնչեցնելու համար։ Այն մասին, որ Արսենյանը պետք է հայտնի դիրքով վաստակի նաև իր որդու ապագա ազատումը կալանքից, խոսելն անգամ ավելորդ է։ Գուցե իր աննախանձելի վիճակի գիտակցմա՞մբ է բացատրվում նրա չափազանց նյարդային պահվածքը դահլիճում։

Թեպետ, մի կողմ թողնենք սույն «քաղաքական գործչի» անձնական շարժառիթները։ Շատ ավելի կարևոր են այն մտքերը, որոնք նա հնչեցրեց իր տիրոջ հանձնարարությամբ։ Այն է՝ առանցքային արտահայտությունը, որը ևս մեկ անգամ ապացուցեց Եժի Լեցի «երբ ես մտածում էի, թե հասել եմ հատակին, ներքևից թակոց լսվեց» անմահ արտահայտության ճշմարտացիությունը։

«Ինչ-որ բան երեվի մոռացել եք իրականությունից, մոռացել եք, թե հայ-ադրբեջանական հարաբերությունների զարգացումն ինչի բերեց, ինչի առջև ենք մենք կանգնած՝ Հայաստանի Հանրապետությունն ու Հայաստանի ժողովուրդը։ Անընդհատ Ղարաբաղի 120 հազար բնակիչներ... Երեք միլիոն Հայաստանի բնակիչներ, պատասխանատու ենք մենք այդ մարդկանց համար, պատասխանատու ենք մեր երկրի համար։ Առաջնայնությունները ճիշտ դրեք, ճիշտ պատկերացրեք»,- ահա այն, ինչի համար Արսենյանին ուղարկել էին լսումների։ Եվ սա պարզապես հերթական խոստովանությունը չէ վաղուց հայտնի այն փաստի, որ Փաշինյանն ու իր ոհմակը ընդունում են Արցախի պատկանելությունն Ադրբեջանին. ամեն ինչ շատ ավելի լուրջ է, ուստի՝ շատ ավելի վտանգավոր։

Հայաստանի իշխանությունները, նախ, կրկին հակադրում են իրենց իսկ անվիճելի մեղքով այսօր Բերձորի միջանցքով բաժանված հայ ժողովրդի երկու մասերին։ Փորձելով խաղալ ինքնապահպանման բնազդի բացառապես կենդանական բաղադրիչի վրա, նրանք հայ ժողովրդի բուն Հայաստանում ապրող հատվածին ներշնչում են, թե փրկության միակ ճանապարհը Արցախի հայրենակիցներին զոհաբերելն է։ Ավելի գռեհիկ մանիպուլյացիա, թուրքերի հետ իրենց ընդհանուր նպատակներին հասնելու ավելի կեղտոտ մեթոդներ և ազգի նկատմամբ ավելի ցինիկ վերաբերմունք դժվար է պատկերացնել։

Ո՞վ է Արսենյանին ու իր հանցակիցներին իրավունք տվել ընտրություն կատարել հայերի և հայերի միջև ու նախորոշել «առաջնային հայերին»։ Թափահարելով իբր «ժողովրդի տված մանդատը»՝ տականքների իշխանությունը մոռանում է, որ «ժողովրդի մի մասին հանուն մյուսի զոհաբերելու» մտադրության մասին մի բառ անգամ չի եղել ո՛չ իրենց նախընտրական ծրագրում, ո՛չ էլ նախընտրական ելույթներում։ Եվ որ, ըստ հեղինակավոր կազմակերպության վերջին սոցհարցման, Հայաստանի բնակչության 97,4%-ը կտրականապես դեմ է Արցախի ընդգրկմանը Ադրբեջանի կազմում. «ԳԱ»-ն օրերս հանգամանորեն գրել է այդ մասին:

Երկրորդ. իշխանավոր տականքներն այդ կերպ ուղիղ տեքստով արտոնում են էթնիկ զտումներն ու հայերի նոր ցեղասպանությունը և դառնում դրա ոճրակիցը։ Ուրիշ ինչպե՞ս ընկալել 120 հազարին «հանուն» 3 միլիոնի զոհաբերելու պատրաստակամության մասին խոսքերը։ Եվ ո՞վ է ասել Արսենյանին ու իր նմաններին, թե արցախցի երեխաները պետք է զոհաբերեն իրենց, որպեսզի տականքներն ու նրանց զավակները շարունակեն ցոփ ու շվայտ կյանքը վարել։ Ինչպե՞ս կարող է իրեն բանական մարդ համարող արարածի գլխում ընդհանրապես ծնվել այն միտքը, թե ինչ-որ մեկը պարտավոր է զոհաբերել սեփական կյանքը հանուն իրեն. նույնիսկ եթե խոսքը 120,000 մարդկանց մասին չէ, այլ մեկի: Եվ նույնիսկ եթե դա հայրենակիցդ չէ, այլ ուրիշ ազգի ներկայացուցիչ։

Նման բան կարող է ծնվել միայն ամենափչացած, այլասերված և բորբոքված հիվանդ ուղեղում, որը բռնված է կատարած հանցագործությունների համար պատժից փրկվելու տենդով: Տվյալ կոնկրետ տականքի պահվածքը խորհրդարանի դահլիճում դրա վառ ապացույցն է. այդպես են իրենց պահում սեփական մեղքերից երկյուղած տմարդիները, որոնք տենդագին դեսուդեն են ընկնում՝ իրենց իսկ ստեղծած ճակատագրական փակուղուց ելք գտնելու համար։

Վերջապես, Արսենյանի ասածը Փաշինյանի մեսիջն է արտաքին աշխարհին առ այն, որ շրջափակումը կարող է շարունակվել այնքան, որքան անհրաժեշտ կլինի Ադրբեջանին՝ նպատակին հասնելու համար։ Քանզի Հայաստանի իշխանությունները ձեռքերը լվանում են և՛ հումանիտար ճգնաժամից, և՛ ընդհանրապես Արցախում բնակվող Հայաստանի քաղաքացիների իրավունքներից ու ճակատագրից, և համաձայն են զոհաբերել նրանց հանուն այն բանի, որ, իբր, թուրքերը հանգիստ թողնեն 3 միլիոնին ու տխրահռչակ 29 800 քառ. կմ-ը։

Սա է Փաշինյանի գլխավորած հանցավոր ոհմակի մեսիջը՝ արցախցիների անօրինակ խիզախության, տոկունության և հերոսության խորապատկերին, որոնք գիտակցում են, որ հենց իրենցից է կախված ողջ Հայաստանի և համայն հայ ժողովրդի ճակատագիրը։ Այսպես է տականքների իշխանությունը կատաղի արձագանքում արցախցի հայրենակիցների շուրջ աշխարհասփյուռ հայության ավելի ու ավելի ցայտուն դրսևորվող միավորմանն ու համախմբմանը։ Եվ այդ հակադրությունը հայ ժողովրդի իրական նպատակներին, շահերին և բուն էությանը երիտհայթուրքերի օկուպացիոն ռեժիմի բացարձակ օտարության լավագույն ապացույցն է։

Վերջում հնարավոր չէ զերծ մնալ նաև ընդդիմությանն ուղղված կշտամբանքից. ինչպե՞ս կարելի էր բանը հասցնել նրան, որ 44-օրյա պատերազմի հրեշավոր ողբերգությունից ավելի քան 2 տարի անց տականքների իշխանությունը՝ ի դեմս արսենյանների, համարձակվեր ոչ միայն քիթը ծակից դուրս հանել, այլև խորհրդարանի ամբիոնից բարձրաձայն հոխորտալ՝ իրենց իսկ կատարած հանցագործությունների համար կշտամբելով ու մեղադրելով ուրիշներին, և ընդ որում բաժանելով հայերին «առաջնայինների» և ոչ այնքան։