ՔԿ․ Գուրգեն Արսենյանի որդու դեմ հարուցված քրգործը կարճվել է

ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Գուրգեն Արսենյանի որդու՝ Գուրգեն Արսենյանի նկատմամբ հարուցված քրեական վարույթը կարճվել է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

Նրա խոսքով` 2022 թվականի դեկտեմբերի 27-ին ոստիկանության ծառայողները Երևան քաղաքի Մաշտոցի պողոտա-Բյուզանդ փողոցների խաչմերուկի մոտից Գուրգեն Արսենյանի որդու` Գուրգեն Արսենյանի որդու մոտ հայտնաբերել էին 2 կացնանման և դանակ հանդիսացող առարկաներ։ Սառը զենք պահելու հիմքով նա ձերբակալվել էր, և նախաձեռնվել էր քրեական վարույթ։

«Վարույթի շրջանակում փորձաքննություն էր նշանակվել, և, ըստ եզրակացության, հայտնաբերված առարկաները սառը զենք չեն հանդիսանում։ Իր գործողություններում հանցագործության հատկանիշներ չեն եղել։ Հետևաբար քրեական վարույթը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով»,– ասաց Աբրահամյանը։

Նա ընդգծեց, որ համաձայն փորձագետի եզրակացության՝ փորձաքննությանը ներկայացված կացիններից մեկը պատրաստված է գործարանային, մյուսը՝ արհեստագործական եղանակով, դրանք ունեն տնտեսակենցաղային նշանակություն և սառը զենք չեն համարվում։ Դանակն էլ պատրաստված է գործարանային եղանակով, խոհանոցային է և սառը զենք չի համարվում:

Հիշեցնենք, որ 27-ամյա Արսենյանը ձերբակալումից հետո` 2023 թվականի հունվարի 9-ին, տեղափոխվել էր Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն՝ նախկին «Նուբարաշեն» հոգեբուժական կլինիկա։