Երևանի «Ոսկու շուկան» փակվել է

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը «Վաղարշ և Որդիներ կոնցեռն» ընկերության աշխատանքները դադարեցնելու որոշում է կայացրել։ Տեղեկությունը հայտնում է տեսչական մարմինը։

Կառույցի մասնագետները հրդեհատեխնիկական հետազոտություն են իրականացրել Խորենացու 24 հասցեում գտնվող «Վաղարշ և Որդիներ կոնցեռն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում:

«Հրդեհատեխնիկական հետազոտության արդյունքում 2023 թվականի փետրվարի 6-ին կազմվել է արձանագրություն, և վարչական վարույթում առկա նյութերի ուսումնասիրմամբ պարզվել է, որ Խորենացու փողոց 24 հասցեում գտնվող շենքերը և շինությունները շահագործվում են հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների բազմաթիվ թերություններով և խախտումներով, որոնք էլ կարող են անմիջականորեն և ուղղակի սպառնալիք ստեղծել հրդեհների առաջացման և մարդկանց անվտանգության համար»,– ասված է հաղորդագրությունում։

Հաշվի առնելով նշված հանգամանքները՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարը որոշում է կայացրել ամբողջությամբ դադարեցնել Խորենացու փողոցում գործող «Ոսկու շուկայի» աշխատանքները։

Sputnik Արմենիա