Հայաստանի տնտեսության ամենաակտիվ և ամենապասիվ ոլորտների ցանկը ձմռան ամիսներին
Ակտիվ համարվում է ՏՏ ոլորտը, որը կախված չէ տարվա եղանակներից, աշխատում է նույն ինտենսիվությամբ ու ծանրաբեռնվածությամբ, ինչ նախկինում, քանի որ պատվերները գալիս են արտասահմանից և եղանակի հետ կապ չունեն։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը։
Ակտիվ է համարվում նաև տեքստիլ ոլորտը, քանի որ պատվերները դրսից են գալիս, հատկապես՝ եվրոպական երկրներից և Ռուսաստանից, ուստի սեզոնայնությունն այստեղ առանձնապես դեր չի խաղում։
Ակտիվ է նաև լեռնահանքարդյունաբերության ոլորտը, որը բորսայական գներով պատվերներ է ստանում և կատարում։ Ծանրաբեռնված են նաև դեղագործական ընկերությունները, ինչպես նաև մետաղական իրերի արտադրության ձեռնարկությունները։
Նախկին ծանրաբեռնվածությամբ են աշխատում նաև կապի ոլորտը, մասամբ մեքենաշինական արտադրությունը, էլեկտրոնիկայի ոլորտը։
Եղանակի պատճառով որոշակի պասիվություն է նկատվում շինարարության ոլորտում, թեև ընդհանուր առմամբ այն կարելի է դասել նաև բավական ակտիվ ոլորտների շարքին։
Սեզոնայնության պատճառով թուլացել է սննդի արդյունաբերության վերամշակման ոլորտը, այդ թվում՝ պահածոների արտադրությունը։ Իսկ ահա կաթնամթերքի արտադրությունը նույնիսկ աճում է։ Հացի և հացաբուլկեղենի արտադրությունը նույնպես ակտիվ է մնում։
Զբոսաշրջությունը պասիվ է, հանրային ծառայություններում ակտիվությունը մի փոքր թուլացել է, թեև ռեստորաններն աշխատում են նույն ինտենսիվությամբ, իսկ ահա սրճարանները, տրանսպորտային ծառայությունները և հյուրանոցները՝ ոչ։ Թուլացել է նաև քիմիական արդյունաբերության ոլորտը։
Որոշ չափով կրճատվել են ներմուծումն ու արտահանումը, հատկապես սննդի արդյունաբերության ոլորտում։
Ընդհանուր առմամբ, տնտեսության ոլորտների 70%-ն ակտիվ է, մյուս ոլորտներում պասիվություն է նկատվում։
News.am