Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ Ի՞ՆՉ Է ՍԱ, ԵԹԵ ՈՉ ՓԱՇԻՆՅԱՆԱԿԱՆ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԵՎ ՊԼԱՆԱՎՈՐՎԱԾ ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԾՐԱԳԻՐ
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Եթե Ադրբեջանը հասել է նրան, որ ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում տեղակայվում է զուտ ՀՀ-ՌԴ հնարավոր «ագրեսիան» կանխելու համար` Փաշինյանն է պնդում, ապա սա նշանակում է, որ Ադրբեջանին հաջողվել է արտաքին աշխարհին համոզել, որ ՀՀ-ի դեմ իր հարձակումները «պաշտպանվելու» նպատակ են ունեցել:
Ըստ Փաշինյանի` Ադրբեջանը պատերազմից հետո ՀՀ ինքնիշխան տարածքի բռնազավթումը, նոր բնագծեր, բարձունքներ վերցնելը դրանով է հիմնավորել ու փաստորեն ստացվել է:
Ի՞նչ մակարդակի անտերություն ու փլուզում պետք է լինի երկրի կառավարման համակարգում, որ Արցախի ուղղությամբ լայնամասշտաբ պատերազմ ձեռնարկեն, այնուհետև 5 հարձակում Հայաստանի ու Արցախի նկատմամբ, հետո ՀՀ-ն ու Արցախն իրար կապող միակ ճանապարհը փակեն, տարածքային հսկայական զիջումներ, կորուստներ տաս, հազարավոր մարդիկ զոհվեն, իսկ դու արտաքին աշխարհին դեռ փորձում ես համոզել, որ ագրեսոր չես, պատերազմի նախաձեռնող չես, պատերազմ չես ուզում:
Ու այս համատեքստում` իբր «ագրեսորի» կամ «ռևանշիստի» տպավորություն չթողնելու համար զորավարժություններ չես ձեռնարկում, բանակիդ մարտունակության բարձրացմանն ուղղված ինտենսիվ միջոցառումներ չես ձեռնարկում, դաշնակցիդ ռազմաբազան սպառնալիք ես հայտարարում ու հանգիստ սպասում, թե երբ թշնամիներդ հերթական արշավը կսկսեն քո երկրի նկատմամբ:
Ի՞նչ է սա, եթե ոչ փաշինյանական հաշվարկված և պլանավորված պարտության նոր ծրագիր: