ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ԵՆՔ ԵՎՍ ՄԵԿ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈ՞ՒՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունն ու Ազգային անվտանգության ծառայությունը հերքել են ադրբեջանական մամուլում հրապարակված այն հայտարարությունները, թե «Հայաստանն ու Իրանը հարձակման են պատրաստվում Լաչինի (Բերձորի - խմբ.) և Կուբաթլուի (Սանասար - խմբ.) ուղղությամբ»:
«Դա բացարձակ սուտ է և չի համապատասխանում իրականությանը»,- «Արմենպրեսի» հետ զրույցում ասել են ՀՀ պաշտպանության նախարարության մամլո քարտուղարն ու ԱԱԾ տնօրենի խորհրդականը:
Պաշտպանության նախարարության մամլո քարտուղարի պաշտոնը զբաղեցնում է Արամ Թորոսյանը, մեկնաբանություն տված ԱԱԾ տնօրենի խորհրդականի անունը չի նշվում, հաղորդում է News.am-ը։
ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. ինչպես ցույց է տալիս դառը փորձը, Ալիևին ենթակա ադրբեջանական լրատվամիջոցներն այդպիսի միտումնավոր հրապարակումներով բնավ պարզապես չեն զվարճանում։ Արցախի կամ Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի գործնականում յուրաքանչյուր փուլից առաջ ադրբեջանական քարոզչամեքենան համապատասխան տեղեկատվական հող է ստեղծում՝ հեքիաթներ տարածելով հայկական կողմի սադրանքների մասին։ Հաշվի առնելով Բաքվի և Թեհրանի միջև հարաբերությունների աննախադեպ լարվածությունը, միանգամայն հասկանալի է ստանդարտ սցենարի ներկայիս շտկումը՝ դրանում արդեն նաև իրանական գործոնի ներառմամբ։ Այնպես որ բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ Բաքուն պատրաստվում է ռազմական նոր արկածախնդրության, իսկ ադրբեջանական ԶԼՄ-ների հրապարակումներն այդ արկածախնդրության պատասխանատվությունը Երևանի և Թեհրանի ուսերին բարդելու փորձ են։ Սցենարը, իհարկե, կացնի պես կոպիտ է։ Բայց ադրբեջանցիները վաղուց են գործում կացնին խստիվ համապատասխան։
Սակայն տվյալ դեպքում խոսքն այդ մասին չէ։ Այնպես ստացվեց, որ ադրբեջանական ԶԼՄ-ների հիշյալ հրապարակումների հետ գրեթե միաժամանակ Հայաստանի վարչապետը խորհրդարանական ամբիոնից բացատրում էր պատգամավորներին ու հանրությանը, թե ինչու Երևանը ԵՄ առաքելություն հրավիրեց իր սահմանամերձ տարածքներ։ Նրա խոսքերով, եվրադիտորդների գլխավոր խնդիրը պետք է լինի, պատկերավոր ասած, Ադրբեջանի հասարակությանն ու ղեկավարությանը կոնկրետ ֆոբիայից բուժելը։ Իբր, ադրբեջանցիները կասկածում են, թե ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանում ընդլայնվում է, և դա սպառնում է Ադրբեջանի դեմ ռուս-հայկական ագրեսիայով։
«Մինչ ԵՄ առաքելության գործուղումը Ադրբեջանն արևմտյան հարթակներում իր ագրեսիվ գործողություններն ընդդեմ Հայաստանի բացատրում էր նրանով, որ Հայաստանը, կոնկրետ՝ ՀՀ վարչապետը, ավելի ու ավելի շատ ռուսական զորքեր է բերում ու տեղակայում Հայաստան-Ադրբեջան սահմանին ու պատրաստվում է հայ-ռուսական համատեղ ագրեսիվ հարձակում Ադրբեջանի դեմ, և Ադրբեջանը հարձակումներով պարզապես փորձում է հավասարակշռել իրավիճակը: Արևմուտքում փորձ էր արվում Հայաստանը ներկայացնել որպես Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականության մասնակից, իսկ Ռուսաստանում՝ որպես Արևմտյան դավադրության մասնակից: Մենք էլ ասացինք՝ շատ լավ, եկե՛ք, դուք տեղում դիտարկեք՝ այդ ամենն իրականությանը համապատասխանում է, թե չի համապատասխանում»,- ասաց Փաշինյանը։
«ԵՐԿԱԹԲԵՏՈՆԵ» ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ Է, ԻՀԱՐԿԵ։ Եվ առաջին հերթին՝ այն պարզ պատճառով, որ եթե ադրբեջանական ֆոբիաների հիմքը հայ-ռուսական սպառնալիքն է, ապա դրա արձագանքը նույնպես պետք է լինի հայ-ռուսական։ Այսինքն, ըստ էության, դիտորդների հրավիրումը, ինչը կոչված է փարատելու Բաքվի կասկածները, պետք է դառնար «կասկածյալների»՝ Երևանի և Մոսկվայի համատեղ որոշումը։ Բնականաբար, ռուսական կողմը ոչ միայն չի մասնակցել այդ հրավերին, այլև բավական բացասաբար է արձագանքել եվրադեսանտին։ Մյուս կողմից, Փաշինյանն, ըստ էության, արժեզրկում է նաև եվրոպական առաքելությունը՝ ներկայացնելով դա որպես յուրօրինակ հոգեբուժական հնարք։ Կրկնեմ, Փաշինյանի վարկածով՝ եվրադիտորդների գլխավոր խնդիրը Բաքվին բուժելն է հայ-ռուսական հնարավոր սպառնալիքի հետ կապված վախերից։
Եվ ահա այս խորապատկերին Ադրբեջանում խոսակցություններ են սկսվում նոր սպառնալիքի մասին։ Այժմ արդեն՝ հայ-իրանական։ Եթե հետևենք Փաշինյանի տրամաբանությանը, ապա միանգամայն իրատեսական է ևս մեկ առաքելության ժամանումը Հայաստան, որը կոչված կլինի համոզվելու, որ Երևանն ու Թեհրանը հարձակում չեն նախապատրաստում Ադրբեջանի վրա։ Այդ առաքելությունը կարող է լինել եվրոպական, թեև չեմ զարմանա, եթե իր դիտորդներին ցանկանա Հայաստան ուղարկել Իսրայելը։ Ինչևէ, փաստորեն Երևանն այժմ պետք է ցանկանա արդարանալ Իրանի հետ դաշնակցային հարաբերությունների համար, ինչպես դա արեց Ռուսաստանի պարագայում։
Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Բաքվի ամենաուժեղ ֆոբիան հայատյացությունն է, ապա Հայաստանի և հայ ժողովրդի գոյության բուն փաստն արդեն լուրջ վտանգ է ներկայացնում Ադրբեջանի անվտանգության համար։ Մերթ Հայաստանը Ռուսաստանի հետ է մտադիր հարձակվել, մերթ Հայաստանն Իրանի հետ է ցանկանում դա անել։ Եթե վաղը երկնաքար թռչի Ադրբեջանի ուղղությամբ, ապա կասեն, թե հայերը դավադիր պայմանավորվածություն ունեն նաև երկնային մարմնի հետ։ Իսկ դա նշանակում է, որ «հիվանդին» վերջապես հանգստացնելու համար կա երկու տարբերակ։ Տարբերակ առաջին. գրողի ծոցը ուղարկել նրան՝ իր ուղեղում ծնված զարհուրիկներով հանդերձ, ինչը Հայաստանի այսօրվա իշխանությունը չի անում և դժվար թե անի։ Տարբերակ երկրորդ, հրավիրել դիտորդների հերթական խմբին, որը կփարատի ադրբեջանական տագնապները Հայաստանից բխող սպառնալիքի վերաբերյալ և կարձանագրի դրա գոյության բացակայությունը։ Դատելով Փաշինյանի տրամաբանությունից՝ երկրորդ տարբերակը նրա համար ավելի նախընտրելի է…