ՊԱՐԶԱՊԵՍ ՆՈՂԿԱԼԻ Է. ՎԻԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ Է ԻՐԵՆ ԱՌԱՋԱԴՐՎԱԾ ՄԵՂԱԴՐԱՆՔԻՆ

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանն իրեն առաջադրված մեղադրանքը համարում է քաղաքական հետապնդում և մարդու իրավունքների բացահայտ ոտնահարում։ Այս մասին նա գրել է իր Ֆեյսբուքյան էջում։

«Երկարաշունչ անհեթեթության փոխարեն պետք է հրապարակել բնակարաններ ստացածների ցանկը` յուրաքանչյուրի մարտական ուղին և վաստակը նշելով, և նրանց ցանկը, որոնց իրավունքները հսկող դատախազի կարծիքով խախտվել են: Վստահ եմ, այդքանը բավարար կլինի թեման սպառված համարելու համար: Պարզապես նողկալի է»,– գրել է նա:

Նշենք, որ ՀՀ դատախազությունը Վիգեն Սարգսյանին մեղադրանք էր առաջադրել, նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան: Նախկին նախարարը մեղադրվում է 2018 թ.–ի հունվարին ՊՆ հաշվեկշռում գտնվող, Երևանի Գ. Հասրաթյան փողոցի թիվ 25/6 հասցեի բազմաբնակարան շենքի բնակարանների բաշխման գործընթացում դիտավորությամբ իր լիազորությունների շրջանակից դուրս գործողություններ կատարելու մեջ:

«Պաշտպանության նախարար ծառայածս 18 ամիսներից յուրաքանչյուրում Զինված ուժերի մարտունակության բարձրացման և բանակի ուժեղացման համար արել եմ ավելին, քան փաշինյանական կապիտուլյանտ ողջ վարչակազմը՝ այս հինգ տարիների ընթացքում: Այդ 26 բնակարանների բաշխման գործառույթը, որն իմ պաշտոնական բոլոր լիազորություններից երևի թե ամենաաննշանն էր իր ծավալով և հանրային կարևորության առումով, իրականացվել է օրենքի պահանջին համապատասխան` հիմք ընդունելով բնակարան ստացողների անցած մարտական ուղին և վաստակը»,– գրել է նա։

Ըստ Վիգեն Սարգսյանի` սա նաև ազդակ է ներկա իշխանությունից, որ ինքը չվերադառնա Հայաստան. «Դա նոր ազդակ չէ, պարզապես թարմացվում է` առաջիկա շատ վտանգավոր զարգացումների ֆոնին»:

Նա նաև զավեշտալի է համարել այն փաստը, որ դատախազությունը զրկել է իրեն օրինական իրավունքները պաշտպանելու հնարավորությունից:

Հավելենք, որ 2023 թվականի փետրվարի 8-ին քրգործով ընդգրկված դատախազի կողմից որոշում է կայացվել հանրային քրեական հետապնդում հարուցել ՀՀ պաշտպանության նախկին նախարարի նկատմամբ` գործող ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է այլ ծանր հետևանքներ)։

Նույն հոդվածով հանրային քրեական հետապնդում է հարուցվել նաև ՀՀ ՊՆ կենտրոնական բնակարանային հանձնաժողովի 5 անդամի նկատմամբ։ Նրանց նույնպես մեղադրանք է ներկայացվել։

Sputnik Արմենիա