ԻՆՉՈ՞Ւ Է ԶՈՀՎԵԼ ՎԱՀԵ ԹՈՐՈՍՅԱՆԸ։ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԹԱՔՑՆԵԼ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՍԵՊՏԵՄԲԵՐՅԱՆ ՄԱՐՏԵՐԻ ՄԱՍԻՆ

Ալեն Սիմոնյանը սոցցանցերում լուսանկար է հրապարակել, որտեղ նստած է սեղանի շուրջ մի քանի, մոտ 5-6 հոգու հետ, հայտնելով, որ ընդունել է բանակում մարտական և ոչ մարտական պայմաններում զոհված զինվորների ծնողներին։ «Ծնողների հետ զրույցի մանրամասները հրապարակային չեն»,- կարևորությամբ հայտնել է ԱԺ նախագահը: Թե ինչու է զոհված զինվորների ծնողների հետ խորհրդարանի նախագահի զրույցի բովանդակությունը գաղտնիք, այդ ինչ ծածուկ բանի մասին է խոսվել հանդիպման ժամանակ, ինչը լայն հասարակությանը չի կարելի իմանալ, մնաց անհասկանալի:

Քիչ ավելի ուշ, ի պատասխան ԶԼՄ-ների հարցումների, ԱԺ մամուլի ծառայությունը բարեհաճեց ճշտել, որ Ազատ գյուղում հրդեհի հետևանքով զոհվածների ծնողները հանդիպմանը չեն եղել, ներկա էին «զինծառայողների ծնողները, որոնք ամեն հինգշաբթի հավաքվում են կառավարության շենքի մոտ»: Թե ինչի մասին են նրանք խոսել Սիմոնյանի հետ, որը ոչ մի կապ չունի ո՛չ բանակի, ո՛չ իրավապահ մարմինների հետ (եթե խոսքը ոչ մարտական մահերի մասին է), այդպես էլ մնած յոթ փականի տակ թաքցրած գաղտնիք։

Հայտնի չէ, եղել են արդյոք սեպտեմբերի 12-14-ին զոհված կամ անհայտ կորած զինծառայողների ծնողներն այն «բախտավորների» մեջ, որոնց Սիմոնյանն արժանացրել է ընդունելության, սակայն այդ հանդիպումը ևս մեկ անգամ հաստատեց, որ դե ֆակտո իշխանությունները եռանդագին թաքցնում են այն ամենը, ինչ վերաբերում է բանակի կրած կորուստներին։ Լինի դա 44-օրյա պատերազմը, Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիան, թե այլ, պակաս մասշտաբային մարտական բախումներ. ամեն ինչ պարուրված է հակասական հաղորդագրությունների, թերասության, տարաբնույթ ու իրարամերժ տվյալների, իսկ հաճախ ընդհանրապես տեղեկատվության բացակայության մշուշով։

Սեպտեմբերյան մարտերը դրա լավագույն հաստատումն են, թեև արժե նախևառաջ նշել իր էությամբ սարսափելի մի փաստ. մինչ օրս՝ Արցախում 2020թ. աշնան ռազմական գործողությունների ավարտից 2 տարի 3 ամիս անց, հրապարակված չէ զոհված բոլոր հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց անվանական ցուցակը։ Կասկածից վեր է, որ Փաշինյանի օրոք դա չի արվի։ Եվ խնդիրը բնավ կորուստների ծավալը չէ. 2022թ. սեպտեմբերի 12-14-ին պաշտոնական տվյալներով զոհվել է 225 զինծառայող, սակայն 5 ամիս անց նրանց ամբողջական ցուցակը չկա։

Այնինչ դեռևս նոյեմբերի 19-ին Քննչական կոմիտեի մամլո քարտուղար Գոռ Աբրահամյանը հաղորդեց «Նովոստի Արմենիա» գործակալությանը, որ զոհերի վերջնական թիվը 224 է, անհայտ կորածներինը՝ 3: Նրա խոսքերով՝ բոլոր զոհվածների անձը պարզվել է, նույնականացման գործընթացն ավարտված է։ Հունվարի 24-ին ՔԿ ռազմական քննչական գլխավոր վարչությունն ամփոփեց Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի փաստով քննության արդյունքները՝ հաստատելով այդ տվյալներն արդեն պաշտոնապես։ Հարց. ինչո՞ւ անունների ամբողջական ցուցակն առ այսօր հրապարակված չէ:

Նոյեմբերի 2-ին և 14-ին հրապարակվել է երկու ցուցակ. մեկում նշված էր 93 անուն, երկրորդում՝ 51։ Այսինքն բոլորը միասին՝ 144։ Այսպիսով, զոհերից 80-ի (!!) անունները պաշտոնապես դեռ հրապարակված չեն։ Ուրիշ ի՞նչ կարելի էր ակնկալել իշխանական ոհմակից՝ մի քանի հազար կյանք խլած 44-օրյա պատերազմի առումով։

Հարցեր է առաջացնում նաև անհայտ կորածների թիվը։ Նոյեմբերի 10-ին կառավարության նիստում Փաշինյանը հայտարարում է, որ սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիայից հետո Հայաստանը պաշտոնապես ունի 16 անհայտ կորած, և բոլոր 16 մարմինները մնում են Ադրբեջանի կողմից «վերահսկվող» (իրականում՝ բռնազավթված) տարածքում։ Նոյեմբերի 14-ին ՔԿ-ն հաղորդում է այլ տվյալներ. զինվորականների շրջանում՝ 197 զոհ, ևս 29-ը՝ անհայտ կորած։ Իսկ մոտ մեկ ամիս անց՝ դեկտեմբերի 19-ին, նույն Քննչական կոմիտեն հայտարարում է 224 զոհի մասին, այսինքն՝ անհետ կորած 27 հոգու ճակատագիրն այդ ժամանակ արդեն պարզված էր։ Տրամաբանորեն պետք է մնան երկու անհայտ կորածներ, բայց ՔԿ-ն խոսում է երեք զինծառայողների մասին, որոնց ճակատագիրն անհայտ է։

Ընդ որում ոչ ոք հարկ չի համարում պարզաբանել, թե ինչու է դե ֆակտո վարչապետը հրապարակավ հնչեցնում պաշտոնական թվերի հետ չհամընկնող տվյալներ։ Ինչպեսև ոչ մի բառ չի ասվում այն մասին, թե ինչ եղավ Ադրբեջանի զավթած տարածքում մնացած մարմինների հետ։ Նոյեմբերի 28-ին Բաքուն վերադարձրել է 13 դիակ: Պե՞տք է արդյոք ենթադրել, որ նրանք Փաշինյանի նշած 16-ից էին, իսկ ևս երեք աճյունները հենց այն երեք զինվորներն են, որոնց ճակատագիրը, ըստ ՔԿ-ի, մնում է անհայտ: Այդ դեպքում ինչո՞ւ են 4 օրվա տարբերությամբ միանգամայն տարբեր տվյալներ հնչեցվում Փաշինյանի և քննչական մարմնի կողմից։

Չոր վիճակագրությունը վիրավորական ու անթույլատրելի է թվում, երբ խոսքը վերաբերում է Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում զոհված զինվորներին, որոնցից յուրաքանչյուրի մահը անասելի վիշտ է նորմալ հայի համար։ Բայց բանակում կորուստների հետ կապված ամեն ինչի հանդեպ հենց պետական կառույցների և առաջին դեմքի անփույթ, ոչ պրոֆեսիոնալ, եթե չասենք՝ հանցավոր վերաբերմունքն է, որ հանգեցրել է մի իրավիճակի, երբ այդ կորուստները դառնում են առօրեականություն, իսկ զոհվածների թիվն ու անունները՝ շահարկումների առարկա։ Ասվածի լիակատար հաստատումն է սեպտեմբերյան մարտերում զոհված մի զինվորի պատմությունը, որի աճյունը վերջերս փոխանցվեց Հայաստանին և նույնականացվեց։

Հունվարի 27-ին Բաքուն հայկական կողմին հանձնեց զինծառայողի աճյունը՝ Վահե Թորոսյանի անունով զինվորական գրքույկի հետ միասին։ Նույնականացման արդյունքում անձը հաստատվեց, և ընտանիքը վերջապես կարողացավ հողին հանձնել որդուն։ Սակայն Վահեի մահվան հանգամանքները մնում են մշուշոտ, իսկ Քննչական կոմիտեն կարծես թե չի շտապում պարզել դրանք. համենայնդեպս այդ մասին ոչինչ չի հաղորդվում։

Այսպես, համաձայն մամուլում ոչ մեկի կողմից չհերքված տեղեկությունների, ժամկետային զինծառայող Վահե Թորոսյանը ծառայել է 9 ամիս, իսկ սեպտեմբերի 12-ին նրան ուղարկել են Ներքին Հանդ գյուղի տարածք։ Հաջորդ օրը ադրբեջանական զինուժի հարձակման ժամանակ նա վիրավորվել է գլխից, ձեռքից ու ոտքից։ Ընդ որում ամսի 15-ին Վահեն կապվել է ընկերոջ հետ և հայտնել, որ գտնվում է Ներքին Հանդում։ Այսինքն սեպտեմբերի 15-ին, երբ մարտերն արդեն ավարտվել էին, Թորոսյանը դեռ ողջ էր և գտնվում էր գյուղում։

Ի՞նչ է կատարվել ամսի 15-ից հետո, ինչո՞ւ տղային չի հաջողվել փրկել։ Գերեվարվե՞լ է արդյոք նա և սպանվել ադրբեջանցի դահիճների կողմից՝ միջազգային բոլոր կոնվենցիաների ու նորմերի խախտումով, ինչպես այն զինծառայողները, որոնց սպանության տեսագրությունը փոթորկեց սոցցանցերը հոկտեմբերի 2-ին։ Թե՞ արյունաքամ է եղել՝ սպասելով յուրայինների օգնությանը։ Այս հարցերին պատասխանել ակնհայտորեն ոչ ոք մտադիր չէ: Եվ կարո՞ղ է արդյոք զարմացնել վիրավոր հայ զինվորի ճակատագրի հանդեպ նման անտարբերությունը, եթե հիշենք 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո հայտնի դարձած նմանատիպ դեպքերը։

Ո՛չ երկամյա վաղեմության այն դեպքերը, որոնցից մի մղոն հեռավորության վրա քրեականության հոտ է փչում՝ երկրի քաղաքացիների հանդեպ պետական կառույցների վերաբերմունքի տեսանկյունից, ո՛չ էլ 2022թ. սեպտեմբերի 12-14-ի դեպքերի մասին ճշմարտությունը հայտնի չեն դառնա հասարակայնությանը, քանի դեռ իշխանության ղեկին է ռեժիմը, որի ձեռքի գործն է, ըստ էության, այս ամենը. դրանում կարելի է չկասկածել։ Երբ սուտը պաշտոնապես բարձրացված է պետական քաղաքականության կարգավիճակի, իսկ փաստերը զանգվածաբար քողարկվում են կամ ծառայեցվում իշխող թիմի շահերին, այլ բան ակնկալելն անհնար է։ Իշխանությունների հրեշավոր սուտը 44-օրյա պատերազմի ողջ ընթացքում, ինչպեսև անցած ավելի քան երկու տարիներին, դրա լավագույն ապացույցն է։