ԶԼՄ. Հնարավոր է` Թուրքիայում նախատեսված ընտրությունները հետաձգվեն
Ավերիչ երկրաշարժերի պատճառով Թուրքիայում նախատեսված համընդհանուր ընտրությունները կարող են հետաձգվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «Duvar» թերթին, որն իր հերթին մեջբերում է թուրքական ընդդիմադիր «Iyi parti» կուսակցության առաջնորդ Մերալ Աքշեների հայտարարությունը:
Ավելի վաղ ընտրությունների հնարավոր հետաձգման մասին հայտնել էր «Bloomberg» գործակալությունը։
«Լրագրողը հարցրել է` երկրաշարժը կազդի՞ ընտրությունների ամսաթվի վրա, ընտրությունները կհետաձգվե՞ն արտակարգ դրություն մտցնելուց հետո։ Աքշեները դժգոհ դեմքով պատասխանել է. «Ես չեմ կարծում, որ ընտրությունները կկայանան մայիսի 14-ին, հավանաբար կհետաձգվեն մինչև հունիսի 18-ը»», - թերթը ներկայացնում է երկխոսությունը։
Պարբերականը ենթադրում է, որ երկրի խորհրդարանը կարող է որոշել ընտրությունները հետաձգել մեկ տարով։
«Աքշեները չի սպասում, որ խորհրդարանը նման որոշում կկայացնի։ «Մենք՝ քաղաքական գործիչներս, պետք է մեր լուման ներդնենք, որպեսզի ընտրությունները կայանան»»,-քաղաքական գործչի խոսքը մեջբերում է թերթը։
Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ երկրում համընդհանուր ընտրությունները (միաժամանակ նախագահական և խորհրդարանական) նշանակված են մայիսի 14-ին: Թուրքիայի նախագահը հայտնել է, որ կառավարությունը խորհրդարանին կառաջարկի մայիսի 14-ը ընդունել որպես Թուրքիայում համընդհանուր ընտրությունների օր, իսկ մերժման դեպքում նա կօգտագործի նախագահի լիազորությունները: Էրդողանի լիազորությունները բավարար են խորհրդարանը ցրելու և հրամանագրից 60 օր անց արտահերթ ընտրություններ հայտարարելու համար։ Էրդողանն առաջիկա ընտրություններում լինելու է «Հանրապետության միության» թեկնածուն։ Ընդդիմադիր վեց կուսակցությունների կոալիցիան դեռ չի հայտարարել, թե ով է լինելու իրենց թեկնածուն։
Sputnik Արմենիա