ՔԿ․ Զինվորների կացարանում բռնկված հրդեհի գործով նշանակվել է նաև թմրաբանական փորձաքննություն
Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զինվորների կացարանում բռնկված ողբերգական հրդեհի գործով նշանակվել է նաև թմրաբանական փորձաքննություն, տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Նշենք, որ «Ժողովուրդ» օրաթերթն այսօր գրել էր, որ իրենց տեղեկությունների համաձայն՝ Ազատ գյուղի զինվորների կացարանում բռնկված ողբերգական հրդեհի գործով նշանակվել է թմրաբանական փորձաքննություն. կասկածներ են եղել, որ թմրանյութ է եղել կացարանում
«Թմրաբանական փորձաքննություն է նշանակված, բայց դա հագամանքներն ամբողջությամբ պարզելու նպատակ է հետապնդում»,–ասաց Աբրահամյանը։
Հավելենք, որ ըստ «Ժողովուրդ» օրաթերթի` սպայի և մահացած 15 զինվորների հարազատների մոտ կասկածներ կան, թե մինչ կրակը կհասներ սենյակ, տղաները կարող էին տարբերակներ գտնել, դուրս գալ այրվող կացարանից և փրկել իրենց կյանքը, սակայն չեն արել: Անգամ սպան բանավոր ասել է քննիչներին, որ իր համար կասկածելի էր այն երևույթը, որ երբ ինքը գոռացել, աղաղակել է, թե հրդեհ է, արթնացե՛ք, դո՛ւրս եկեք, տղաները չեն արձագանքել, այսինքն՝ անգիտակից են եղել:
Sputnik Արմենիա