ՄԱՐԻԱ ԶԱԽԱՐՈՎԱ․ ՌԴ-Ն ԿԱՐՈՂ Է ՄԻԱՅՆ ՈՂՋՈՒՆԵԼ ԵՐԵՎԱՆ-ԲԱՔՈՒ-ԹԲԻԼԻՍԻ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ

Ռուսաստանը կարող է ողջունել Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի մասնակցությամբ եռակողմ երկխոսությունը, եթե այն նպաստի Կովկասում առկա հակասությունների կարգավորմանը, տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդմանը։ Ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն է արել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Դիվանագետի խոսքով` Մոսկվան բազմիցս ասել է իր գործընկերներին, որ յուրաքանչյուր պետություն իրավունք ունի մասնակցելու այն միջազգային ձևաչափերին, որոնք համապատասխանում են իր շահերին և ուղղված չեն երրորդ երկրների դեմ, ինչպես նաև հաշվի են առնում ուժերի գոյություն ունեցող հավասարակշռությունը։

«Իսկ եթե այդ նախաձեռնության հետևում նշմարվում են Վաշինգտոնի և Բրյուսելի ուրվագծերը, որոնք ձգտում են խափանել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը, ապա դա բոլորովին այլ պատմություն է»,- կարծում է Զախարովան:

Նա նշել է, որ հենց եռակողմ պայմանավորվածություններն Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորման հիմքը։ Այս ձևաչափի շրջանակում 2020 թվականից մեկնարկել են հաղորդակցությունների ապաշրջափակման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման, խաղաղության պայմանագրի մշակման, ինչպես նաև հասարակական, փորձագիտական և խորհրդարանական շրջանակների ներկայացուցիչների միջև շփումների հաստատման առանցքային գործընթացները։

Ինչ վերաբերում է Անդրկովկասի ձևաչափերին, ապա նա մատնանշել է «3+3» խորհրդատվական-տարածաշրջանային հարթակը, որն ընդգրկում է Անդրկովկասի երեք պետությունները, ինչպես նաև Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը:

«Այդ մեխանիզմը թույլ է տալիս համատեղել տարածաշրջանի երկրների ավելի լայն շրջանակի շահերը։ Դա կօգնի հարթել նրանց միջև հակասությունները, զարգացնել առևտրատնտեսական, տրանսպորտային և մշակութային-մարդասիրական կապերը, պայքարել ընդհանուր մարտահրավերների և սպառնալիքների դեմ»,- ասել է Զախարովան։

Նա կրկին ընդգծել է «3+3» հարթակի զգալի ներուժը հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին աջակցելու համար։

Sputnik Արմենիա