Կառլո ԴՈԳԼԻՈՆԻ․ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԵՐԻՑ ՀԵՏՈ ԱՆԱՏՈԼԻԱԿԱՆ ՍԱԼԱՔԱՐԸ ՏԵՂԱՇԱՐԺՎԵԼ Է 3 ՄԵՏՐ ԵՎ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՇԱՐԺՎԵԼ

Անատոլիական սալաքարը, նախնական տվյալներով, Թուրքիայի ավերիչ երկրաշարժերից հետո տեղաշարժվել է 3 մետր, բայց դա վերջնական գնահատականը չէ, ասել է Իտալիայի երկրաֆիզիկայի և հրաբխագիտության ազգային ինստիտուտի ղեկավար, պրոֆեսոր Կառլո Դոգլիոնին։

Պրոֆեսորը նշել է, որ ցնցումները գրանցվել են Անատոլիական և Արաբական լիտոսֆերային սալերի հատման կետում։

«Անատոլիական սալաքարը շարժվում է ինչպես երկրակեղևից, այնպես էլ Եվրասիական և Արաբական սալերից հարավ-արևմուտք ուղղությամբ։ Իրականում ամեն օր տեղաշարժվում է մի քանի միկրոն։ Բայց տարեվերջին արդեն մի քանի սանտիմետր կստացվի»,- գիտնականի խոսքերը մեջբերել է Anadolu գործակալությունը։

Դոգլիոնին ուշադրություն է հրավիրել այն կետի վրա, որտեղ Թուրքիայում փետրվարի 6-ի ուժգին երկրաշարժի էպիկենտրոնն էր։ «Այդ կետում տեղի է ունեցել էներգիայի կուտակում, որը շարունակվել է տասնամյակներ։ Քանի որ այդ կետն այլևս ի վիճակի չէր պահել էներգիան, Անատոլիական սալի տեղաշարժի ֆոնին էներգիան ազատ է արձակվել»,- նշել է գիտնականը։

Պրոֆեսորը նշել է, որ առայժմ դժվար է ճշգրիտ տվյալներ նշել, թե որքանով է տեղաշարժվել Անատոլիական սալաքարը։

Երբ ստացվեն արբանյակային տվյալները, կլինեն նաև ավելի ստույգ ցուցանիշներ, իսկ հիմա կարելի է համադրել սեյսմիկ տվյալները և հաշվարկել տեղաշարժը, նշել է ինստիտուտի ղեկավարը։ «Մեր հաշվարկներով և ԱՄՆ Երկրաբանական ծառայության նախնական գնահատականներով՝ տեղաշարժը կազմել է 3 մետր, բայց հետո ճեղքը մեծացել է և տեղաշարժը շարունակվել է։ Տվյալները, միանշանակ, կաճեն»,- ասել է նա։

News.am